Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

150 տարվա դպրոցը «օպտիմալացվում է»

Հուլիս 11,2003 00:00

150 տարվա դպրոցը «օպտիմալացվում է» Ինչո՞ւ չեն «օպտիմալացնում» ոստիկանատները, թաղապետարաններն ու մարզպետարանները 2000թ. մարտ ամսին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղական մամուլին տված հարցազրույցում ասել էր. «Քաղաքի կենտրոնական մասում գտնվող եւ ճարտարապետական արժեք ներկայացնող թիվ 3 եւ 4 դպրոցներն այս տարի պետք է անպայման վերականգնվեն։ Դրանով քաղաքն այլեւս տնակային դպրոց չի ունենա։ Թիվ 3 եւ 4 դպրոցների համար միջոցներ գտնելու հիմնական հարցը մշտապես մարզպետի ուշադրության կենտրոնում է, եւ որեւէ լուծում անպայման կգտնվի»։ Մի քանի ամիս անց պաշտոնական մամուլն ավետում է, որ Հ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում, որ 150 տարվա պատմություն ունի, մեծ թափով շինարարական աշխատանքներ են ծավալվել, եւ դպրոցի տնօրինությունն այդ առթիվ իր խորին շնորհակալությունն է հայտնում ե՛ւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, ե՛ւ ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Դավիթ Լոքյանին։ 2002թ., ի վերջո, դպրոցի շինարարությունն ավարտվում է։ Մայրաքաղաքից մեծամեծներ են գալիս վերանորոգված շենքի բացմանը, եւ հանկարծ 2003թ. պարզվում է, որ 150 տարվա պատմություն ունեցող դպրոցը պատրաստվում են լուծարել, շենքն էլ հանձնել ճարտարագիտական համալսարանին (կոլեկտիվին էլ որպես «այլընտրանք» առաջարկվում է միանալ թիվ 4 դպրոցին)։ Կրթության եւ գիտության նախորդ նախարարն իր պաշտոնավարման վերջում (նկատենք, դա նախընտրական շրջանն էր) Վանաձոր կատարած այցի ժամանակ, նկատի ունենալով թիվ 3 եւ 4 դպրոցների՝ ինչ-որ մեկի կողմից հղացած միավորման ծրագիրը, նշել էր, որ օպտիմալացման ծրագրում վրիպումներ են թույլ տրվել։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիքի է կոնկրետ այս հարցի առնչությամբ ԿԳ նոր նախարարը՝ «ՕԵ» անդամ։ Այդ կուսակցությունը ԱԺ ընտրություններից առաջ մեծ թափով քարկոծում էր օպտիմալացումն ընդհանրապես։ Միացնել-քանդելու շարքը կարելի է շարունակել։ Այսպես՝ մանկապարտեզի համար սփյուռքի հանգանակած գումարներով կառուցված շենքը դարձնում են վարժարան՝ մանկապարտեզը լուծարելով։ Մեկ այլ մանկապարտեզի շենք, էժան գներով սեփականաշնորհելով՝ դարձնում են սեփական հյուրանոց, այն դեպքում, երբ պետական հյուրանոցներն անգործության են մատնված։ Մի մանկապարտեզի շենք դառնում է համաբուժարան, մեկ այլ համաբուժարան… ՆԳ վարչության շենք։ Եթե ամեն ինչ օպտիմալացվում է, ինչո՞ւ գործադիր կառույցներն էլ չեն օպտիմալացնում, օրինակ՝ մարզկենտրոններում (տվյալ դեպքում՝ Վանաձորում) լուծարեն քաղաքապետարանը կամ մարզպետարանը, եւ թողնեն այդ կառույցներից որեւէ մեկը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել