Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուշադրությո՛ւն, փողոցում «քրեականներ» են

Հուլիս 11,2003 00:00

Ուշադրությո՛ւն, փողոցում «քրեականներ» են Հուլիսի 10-ի գիշերը քրոջս հետ իմ ավտոմեքենայով գնում էի օդանավակայան՝ դիմավորելու հյուրերին: Գաջի գործարանի մոտ «դարան մտած» պետավտոտեսչության աշխատակիցը կանգնեցրեց: Այն մասին, որ դա պետավտոտեսուչ էր՝ ինձ մնում էր միայն գուշակել, քանի որ, բացի բացարձակ խավարի մեջ լույս տվող փայտիկից՝ հնարավոր չէր տեսնել ո՛չ ավտոմեքենայի հատուկ լուսավորումը, ո՛չ անգամ ավտոմեքենան: Դուրս եկա, ներկայացա, մեկնեցի վարորդական իրավունքս, տեխնիկական անձնագիրս եւ խնդրեցի արագացնել՝ հիշատակելով օդանավակայանի մասին: Այն ամենը, ինչ կատարվեց հետո՝ հիշեցնում էր դանդաղեցված ֆիլմ: Իմ խնդրանքին՝ ներկայանալ, ոստիկանը պատվիրեց ինձ «հու» անել եւ սկսեց բացարձակ մթության մեջ զննել վարորդական իրավունքս… հետո տեխնիկական անձնագիրը… հետո լրագրողի վկայականը… հետո լուսարձակներն ու ենթալուսարձակները… հետո հոտոտել շնչառությունս… հետո չդիմացա, ու ձեռքերս տարածելով՝ ասացի. «Ախր խնդրում էի ձեզ՝ ուշանում եմ օդանավակայանից»: Իջեցված ու տարածված ձեռքերս չներկայացած պետավտոտեսուչի վրա ազդեցին ինչպես կարմիր լաթը՝ ցուլի վրա: «Արա ապեր՝ ձեռներդ վրես մի՛ բարձրացրու»,- գոռաց նա: Նկատեցի, որ իր հետ «դուք»-ով եմ խոսում, իսկ ինքը գոռում է «ապե՛ր»: Այդ պահին չներկայացած պետավտոտեսուչին «օգնություն» հասավ ինչ-որ մեկը, որի ոստիկանական վերնաշապիկը հազիվ էր երեւում մթության պատճառով՝ հրամայեց ինձ բացել թափքը: Գիշերվա 1:30-ին իմաստ չուներ զանգել փաստաբանի: Խնդրեցի ներկայանալ նաեւ նոր զրուցակցիս. «Քրեականից եմ»: «Հավանաբար՝ քրեական աշխարհից է»,- մտածեցի ես ու հարցրի՝ «Ինչպե՞ս եք մթության մեջ ստուգելու մեքենայի թափքը»: «Քո գործը չէ»,- հետեւեց պատասխանը: Բացեցի, նա «ստուգեց»՝ գլուխը թափքում մի կես րոպե պահելով: Չներկայացած «քրեականը» մի կողմ քաշվեց: Չներկայացած պետավտոտեսուչը սկսեց անունս հարցնել, քանի որ՝ ըստ իր խոսքերի՝ չէր հասկանում անգլերեն (վկայականս ստացել եմ ԱՄՆ Մերիլենդ նահանգում, եւ ուժի մեջ է մինչեւ 2006-ը): Անունս իմանալուց հետո չներկայացած պետավտոտեսուչն ինձ բարի ճանապարհ մաղթեց: Այնուամենայնիվ, գիշերային այս հանդիպումից հետո տհաճ նստվածք մնաց: Գուցե արժե՞, որ դիմեմ 7-րդ վարչություն. թող ստուգեն մեքենայիս թափքը: Գուցե այնտեղ ինչ-որ բա՞ն է հայտնվել «քրեականի» գլխի կես րոպե գտնվելուց հետո: ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ լրագրող, լուսանկարիչ «Takoma Voice» թերթի աշխատակից Հ. Գ. Ընթերցողների համար, ովքեր մեքենա են վարում՝ նկարագրված իրավիճակը շատ սովորական է: Գուցե չարժեր էլ գրել այս ամենի մասին, բայց ինձ հանգիստ չի տալիս այն փաստը, որ 2 տարի ԱՄՆ-ում մեքենա վարելուս ընթացքում՝ ինձ չի կանգնեցրել եւ ոչ մի ոստիկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել