Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ ԸՆԴԴԵՄ «ԹԵԼԵՊԼԱՍԻ»

Հուլիս 11,2003 00:00

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ ԸՆԴԴԵՄ «ԹԵԼԵՊԼԱՍԻ» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց «Թելեպլաս» ընկերության դեմ դատավարությունների «շքերթը», որին մասնակցում էր նաեւ ընկերության տնօրեն Կոստանդինոս Բաղրոպուլոսը։ Մեր տեղեկությամբ, սա հարգարժան տնօրենի առաջին «հայտնությունն» է հայ հասարակությանը, թեպետ «Թելեպլասի» շուրջ բարձրացած աղմուկն սկսվել է մեկ ամիս առաջ։ «Կոստասը», ինչպես փաղաքշորեն ասում են նրա մասին խոսելիս, հավելավճարով ծառայություններ մատուցող ընկերություններ ունի 15-16 երկրում։ Հավանաբար դրանք այն երկրներն են, որտեղ հարազատ հունական OTE ընկերությունը հեռախոսային բիզնես ունի։ «Թելեպլասի» մատուցած «Ծանոթություն» ծառայությունից առաջին բողոքարկուն Երեւան քաղաքի բնակիչ, տնային տնտեսուհի Քրիստինե Տերյանն է։ Նրա 13-ամյա տղայի՝ Արամի, մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով զրույցն արժեցել է 123 հազար, իսկ պապիկի՝ Էռնեստ Գեւորգյանի հեռախոսով խոսացածը՝ 524 հազար դրամ։ «Ես չեմ գտնում, որ թերացել եմ ծնողական պարտավորություններիս մեջ ու լավ չեմ հետեւել տղայիս առօրյային, որովհետեւ նա լավ սովորող, կարգին երեխա է, ուղղակի չի հասկացել իր արարքի հետեւանքները»,- կարծում է տիկին Տերյանը։ Նրա շահերի ներկայացուցիչ Դավիթ Սանդուխչյանը ներկայացրեց հայցապահանջը՝ ճանաչել «Թելեպլասի» գովազդներն անբարեխիղճ ու նրա հետ գործարքն՝ անվավեր։ «Թելեպլասը» ներկայացնող Արտակ Խաչատրյանի հակառակ կարծիքով, «թիվ 60 լիցենզիայի 8(բ) կետով հեռախոսային ծառայություն մատուցելու մենաշնորհային իրավունքն «ԱրմենՏելինն» է, ուրեմն ձեր նշած գործարքի անվավերության պահանջի համար պետք է պատասխան տա միայն այդ ընկերությունը»։ Սակայն հայցվոր կողմը հաստատակամ մնաց իր պահանջի մեջ՝ պատասխանող ճանաչել նաեւ «Թելեպլասին»։ Այդպես էլ եղավ։ Իսկ գովազդների անբարեխղճության մեղադրանքը հիմնավորվում էր հետեւյալ կերպ։ Դ. Սանդուխչյանը գտնում է, որ «գովազդներն ուղղված են եղել լրատվամիջոցների ողջ լսարանին, առանց տարիքային սահմանափակումների»։ Իսկ Ա. Խաչատրյանին «հայտնի չէ որեւէ իրավական ակտ, որով հավելավճարով ծառայությունների գովազդում ներառվում է տեղեկություն տարիքային սահմանափակման մասին, եւ կամ ընդհանրապես արգելվում է մինչեւ 18 տարեկաններին օգտվել նման ծառայությունից»։ Հայցվոր կողմի պնդմամբ, «գոյություն ունի «գործարար շրջանառության սովորույթներ» հասկացությունը, որի մասին հիշատակված է Քաղդատօրում, եւ որը կիրառվում է գործարար հարաբերություններում, դրանց մեջ են նաեւ անչափահասներին թանկարժեք իրեր չվաճառելն ու թանկարժեք ծառայություններ չմատուցելը»։ Դավիթ Սանդուխչյանը դեմ է նաեւ գովազդների բովանդակությանն այն առումով, որ «դրանք հստակ չեն տեղեկացնում մատուցվող ծառայության մասին»։ Նրա ասելով, գովազդներում հնչող «ծանոթացեք՝ զանգահարելով» արտահայտությունը տարբեր մարդկանց մոտ կարող է ստեղծել տարբեր ակնկալիքներ։ Փորձելով մանրամասն վերհանել բողոքող կողմի խոցելի տեղերը, այդ թվում եւ՝ «որտեղ կարող էր լինել ցերեկվա ժամերին տնային տնտեսուհի բողոքարկուն, եթե ոչ՝ տանը», «Թելեպլաս» ընկերության պաշտպանական ճակատը, պետք է ասել, այնքան էլ ամուր չէր։ Էլ ավելի անհամոզիչ էր «ԱրմենՏելի» ներկայացուցչական մասը՝ Նվեր Սերոբյանը տրված հարցերին պատասխանելու համար կամ համապատասխան տվյալներ չուներ, կամ՝ թղթեր, կամ՝ լիազորություն։ Արդյունքում Քրիստինե Տերյանի հայցի լսումը հետաձգվեց եւ կլսվի երկուշաբթի օրը, իսկ հաջորդ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցադիմումը նույն դատարանը կքննի այսօր։ Հայցատուների ընդհանուր թիվն առայժմ 14 է։ Նշենք, որ հայցադիմումը կազմել է «Հայաստանյան PR ասոցիացիան» եւ դատավարությունը գտնվում է նրա ուշադրության ներքո։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել