Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ» ԴԵՊԻ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐ»

Հուլիս 11,2003 00:00

«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԻՑ» ԴԵՊԻ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐ» ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն արտաքին քաղաքական թեմատիկայի շրջանակներում թեւավոր տերմիններ ներմուծելու հայտնի նախասիրություն ունի։ Երեկվա օրը, երբ վերջինս ԵՄ «Եռյակի» պատվիրակության հետ համատեղ ասուլիս էր տալիս, նշանավորվեց նոր տերմինի ծնունդով։ Պատասխանելով հարցերին, պրն Օսկանյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժի հնարավորությունն ինքը տեսնում է «փոքր քայլերի» քաղաքականության բանեցման մեջ։ Այդպիսի հաջողված քայլերից մեկը, ըստ Օսկանյանի, Մադրիդում իր թուրք պաշտոնակցի հետ վերջերս ունեցած հանդիպումն էր։ «Համոզված եմ, որ առաջիկա ամիսներին մենք հաջողություններ կունենանք այս ուղղությամբ»,- նշեց Վ. Օսկանյանը, ավելացնելով, որ անկախ ամեն ինչից, Հայոց ցեղասպանության հարցը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այնուամենայնիվ, Օսկանյանը երեկ կրկին հակադրվեց ՀՅԴ-ին, նշելով, որ Հայաստանը ցեղասպանության հարցը չի դիտում իբրեւ երկխոսություն, անգամ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման։ Հարցին, թե «որքա՞ն տարածք եք պատրաստ վերադարձնել Ադրբեջանին», Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ համաձայն չէ նմանատիպ հարցադրման հետ։ Ըստ ՀՀ արտգործնախարարի, ստեղծված վիճակը ոչ թե սկզբնապատճառ է, այլ հետեւանք։ Ադրբեջանն ինքը ուժ գործադրեց՝ ի պատասխան ԼՂ ինքնորոշման ցանկության։ Վերջապես, չենք կարող չանդրադառնալ պրն Օսկանյանի մի ուշագրավ մտքի։ Վերջինս նշեց, թե Հայաստանն անպայման կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին, եթե «ադրբեջանական կողմը հրավիրի»։ Մեթոդական օժանդակության կարգով նշենք, որ այդ հրավերն ուղարկվում է ոչ թե հյուրընկալ երկրի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), այլ ՆԱՏՕ-ի կողմից։ Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել