Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շունչը չզգալու հետեւանքը

Հուլիս 11,2003 00:00

Շունչը չզգալու հետեւանքը ԿԸՀ-ում Արտակ Սահրադյանին կփոխարինի Գարեգին Ազարյանը Երեկ ձայների 2 «դեմ» եւ 7 «կողմ» հարաբերակցությամբ (համապատասխանաբար. ընդդիմություն-իշխանություն) նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրեն նախագահ ընտրեց հանրապետության նախագահի կողմից նորերս նշանակված ԿԸՀ անդամ, անկուսակցական Գարեգին Ազարյանին։ Նախագահի տեղակալի պաշտոնը կշարունակի զբաղեցնել ՀՅԴ-ական Համլետ Աբրահամյանը, իսկ քարտուղարինը՝ ՀՀԿ-ական Աննա Ալեքսանյանը։ ԿԸՀ-ում «Օրինաց երկիրը» կշարունակի ներկայացնել Արտաշես Ավոյանը, ՄԱԿ-ը՝ Սեւակ Առաքելյանը, ԱՄ-ն՝ Զավեն Պլուզյանը, «Արդարությունը»՝ Ֆելիքս Խաչատրյանը։ Վերջինս «դեմ» քվեարկեց Գ. Ազարյանի թեկնածությանն այն բանից հետո, երբ վերջինս դրական գնահատեց նախագահական ընտրությունների արդյունքները։ Իսկ ԱՄ-ի ներկայացուցիչ Զ. Պլուզյանն իր՝ «դեմ» քվեարկելու փաստն այսպես մեկնաբանեց՝ «նախագահական ընտրությունների արդյունքները եւ նախագահի լեգիտիմությունը մեզ մոտ կասկած է առաջացնում, հետեւաբար նրա առաջարկած մարդուն մենք չենք կարող կողմ լինել»։ ԿԸՀ նորընտիր նախագահի առաջին քայլերից մեկը լինելու է գործող Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկելը։ Թե հատկապես ինչ բնույթի կլինեն դրանք, Գ. Ազարյանը ձեռնպահ մնաց շարքը թվարկելուց, որովհետեւ «դրանք դեռ հանձնաժողովում պետք է քննարկվեն»։ Իսկ առհասարակ, Գ. Ազարյանը հակված է, իր խոսքերով՝ «հանձնաժողովի անդամների դերի բարձրացմանը»։ ԿԸՀ նախագահը դա պատրաստվում է անել «նախագծերի մշակմանը հանձնաժողովի անդամների մասնակցությունն» ապահովելով։ Նրա համոզմամբ, այդպիսով «կունենանք կոլեգիալ սկզբունքով գործող մարմին, որն ունակ կլինի կատարել ԸՕ-ով իր առջեւ դրված պարտականությունները։ Ափսոս, արժեր ծանոթանալ՝ պաշտոնը ստանձնելուց առաջ։ Մինչ ԿԸՀ նորընտիր նախագահը պատրաստվում է ջանքեր գործադրել հանձնաժողովի անդամների դերի բարձրացման առումով, արդեն նախկին նախագահ Արտակ Սահրադյանը համոզված է, որ «լուրջ առաջընթաց ենք ունեցել ԸՕ-ի բարելավման եւ երկրում ժողովրդավարության զարգացման առումով»։ Այս առիթով եվրոպական կառույցների գնահատականներին Ա. Սահրադյանը փիլիսոփայորեն է մոտենում՝ «մարդկային գիտակցությունը փոխելու համար ժամանակ եւ տարածություն է պետք»։ «Ժամանակը» հասկանալի է, բայց «տարածությունը» տխուր ենթադրությունների տեղիք է տալիս՝ Հայաստանը պետք է այլ վայր տեղափոխվի։ Մինչդեռ Գ. Ազարյանը ծանոթ էլ չի վերոնշյալ կառույցների եզրակացություններին, որովհետեւ «վերջերս մամուլի հետ այնքան էլ չեմ շփվել»։ Բեղմնավոր աշխատանքից (ԱԺ-ի եւ ՏԻՄ երկու, նախագահական ընտրություններ եւ Սահմանադրության հանրաքվե) հետո Արտակ Սահրադյանը պատրաստվում է հանգստանալ՝ «Երեւանում կամ կողքի որեւէ տեղերում»։ Իսկ թե որտեղ կօգտագործվեն նրա գիտելիքներն ու ներուժը՝ «առաջարկներ եղել են. հանգստանալուց հետո դրանք միասին կքննարկենք»։ «Իշխանության հաղթանակն ապահովելուց հետո արդարացի՞ եք համարում նման որոշումը» «ՀԺ»-ի մեր գործընկերոջ դիտարկմանն Ա. Սահրադյանն այսպես արձագանքեց՝ «Իշխանության հաղթանակն ապահովել եք դուք՝ ընտրողներդ»։ Շնորհակալությունների իր շարքում Ա. Սահրադյանը չմոռացավ նաեւ լրագրողներին, նաեւ ընդդիմադիր։ Պարոն Սահրադյանը գտնում է, որ «քննադատությունն անհրաժեշտ է, որ պետական պաշտոնյաներն իրենց ձիգ զգան։ Չինովնիկը պետք է լրագրողի շունչը միշտ ետեւում զգա»։ Ենթադրում ենք, որ նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ պարոն Սահրադյանը լրագրողների շունչը ետեւում չէր զգում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել