Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԱՄԵՆ ՏԵՂ

Հուլիս 10,2003 00:00

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԱՄԵՆ ՏԵՂ Կուսակցություն էլ կա՝ տեղ չունի ԱԺ ընտրություններից հետո անորոշ վիճակում է գտնվում 5%-ը հաղթահարած Ազգային միաբանության Վանաձորի գրասենյակը։ Նախագահական եւ ԱԺ ընտրությունների ընթացքում զբաղեցրած տարածքի վրայից հանվել է «Ազգային միաբանություն» վահանակը, դռները պինդ կողպած են եւ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տարածքը գտնվում է տեղական իշխանությունների տնօրինության ներքո, քանի որ դռան վրա գրված է. «Տրվում է վարձով»։ Կոմկուսի տեղական գրասենյակը ոչ միայն «մշտարթուն» վիճակում է, այլեւ գրասենյակի տարածքին շարունակում է փողփողալ կարմիր դրոշը։ ՍԻՄ-ի ներկայացուցչին եթե գրասենյակում չգտնեն, ապա տանը հաստատ կարող են գտնել։ Իսկ այ, Հանրապետական կուսակցությանը գտնելու հարկ չկա, քանի որ նրանք գրեթե «ամենուր են». տեղական գրեթե ամբողջ բյուրոկրատիան «նժդեհական» է։ Ինչ-որ մի ժամանակ նույնիսկ մանկապարտեզի վարիչ լինելու համար պահանջվում էր անդամագրվել ՀՀԿ-ին։ Կապ չունի՝ Հանրապետական կուսակցության հիմնադիրներին ճանաչո՞ւմ են կամ գոնե հայ ազգային-ազատագրական պայքարից գաղափար ունե՞ն։ Կարեւորը՝ գիտեն, որ ՀՀԿ-ն գործող վարչապետի կուսակցությունն է։ (Իշխանություններն այսօրինակ մտածելակերպը կոչում են «պետական մտածողություն»)։ Մի քանի «ոչ քաղաքական պորտֆելներ» ունի ՀՅԴ-ն վանաձորյան բուհերում, սոցիալական ոլորտի 3 ճյուղերում մեկական «պորտֆելներ» ունեն ՄԱԿ-ը, ՀԴԿ-ն, «Արժանապատիվ ապագան»։ Ի դեպ, ՄԱԿ-ի անունն արդեն հավերժ կմնա վանաձորցիների սրտերում, քանի որ Տիգրան Մեծի պողոտայում տեղադրվել է կուսակցության անվանումը կրող մեծադիր «հուշակոթող»-վահանակ, որը ամպհովանի է հանդիսանում այդտեղ գտնվող տնակային կացարանների համար։ Փաստորեն, կուսակցություն կա՝ ամեն տեղ է, կուսակցություն կա՝ տեղ-տեղ է, կուսակցություն էլ կա՝ տեղ չունի. օրինակ՝ ԱԻՄ-ը, որի Վանաձորի կառույցը դատարանի որոշմամբ զրկվեց նախկին տարածքից, ինչի արդյունքում ԱԻՄ-ի նախագահը հաճախակիացրեց ասուլիսները եւ դրանցում մշտապես խոսելու թեմա ապահովեց։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել