«ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ» ԽԼԵՑԻՆ ԼՈՒՅՍԸ 1998 թվականի օգոստոսին Երեւանի քաղաքապետի թիվ 588 որոշմամբ (որի համար հիմք է ծառայել «Ավիահամալիր» ՓԲ ընկերության 20.06.97թ. հ. ՌԶ1105 միջնորդությունը), Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկի 81,1 քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը հատկացվել է Սուսաննա Մկրտչյանի ընտանիքին։ Այդտեղ նախկինում տեղավորված է եղել խանութ, որի տարածքը պետք է վերականգնվեր Կենտրոն թաղապետարանի կողմից, դարձվեր երկսենյականոց բնակարան եւ նոր տրամադրվեր հիշյալ անձին, ինչը չի արվել։ Ու մինչ տիկին Սուսաննան իրեն պատեպատ է տալիս նվազագույն կենսապայմաններ ստեղծելու, նոր բնակարան փոխադրվելու համար, նույն հասցեում գտնվող «Անահիտ-Ս» ԼՏԸ-ն բարձրահարկ շենքին կից կառուցել է ճարտարապետական որեւէ նորմի չհամապատասխանող ապօրինի շինություն։ Կառույցի պատերից մեկը ընդհանուր է տիկնոջ բնակարանի հետ, իսկ մյուս ուղղահայացը՝ ընդամենը 180 սմ է հեռու պատուհանից եւ ամբողջովին փակում է լույսն ու արեւը։ Տիկին Սուսաննան անմիջապես դիմել է թաղապետարան, որտեղից 16.09.2002թ. թիվ 23/35 գրությամբ տեղեկացրել են, որ անօրինական շինության վերաբերյալ կազմվել է արձանագրություն եւ տնօրինությանը տրվել է 10-օրյա ժամկետ՝ ապօրինությունը վերացնելու համար։ Թաղապետարանի որոշումից մոտ մեկ տարի է անցել, սակայն ընկերությունը մտադիր էլ չէ քանդել ապօրինի կառույցը։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան, «Անահիտ-Ս» ընկերության տնօրենը հայտնեց թե թաղապետարանից ոչ մի գրություն էլ չեն ստացել։ Տիկին Սուսաննան հարցի առնչությամբ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ