Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐ ՍԿՍՎԵԼ Է 80 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հուլիս 10,2003 00:00

ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐ ՍԿՍՎԵԼ Է 80 ՏԱՐԻ ԱՌԱՋ 1923 թվականին Հայաստանի երկրորդ Հանրապետության կենտգործկոմի թիվ 27 որոշմամբ ստեղծվեց ֆիզիկական կուլտուրայի խորհուրդ, որը դարձավ պատմության մեջ առաջին պետական կառավարման լիազոր մարմինը։ Անցած 80 տարիների ընթացքում այն 13 անգամ փոխել է կարգավիճակը։ Վերջինը այս տարվա հունիսի 11-ին, երբ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը առանձնացավ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունից եւ որպես պետական կոմիտե, դարձավ ինքնուրույն կառույց։ Վաղը Սպորտպետկոմը նշում է իր հիմնադրման 80 տարին։ Մեր զրուցակիցն է Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը։ – Պրն Զաքարյան, դուք պատմաբան եք, այդ տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում ձեր այսօրվա ղեկավարած ոլորտի անցած ուղին։ – Անցած ութ տասնամյակները մեր մարզաշխարհի համար հեշտ ու հարթ չեն ընթացել։ Նվաճումներն ու նահանջները հաջորդել են միմյանց, բայց, ընդհանուր առմամբ, հիշողության մեջ գերակշռում է լավն ու հաճելին։ Ֆիզիկական կուլտուրայի խորհրդի ստեղծումը հայկական սպորտում շրջադարձային, պատմական նշանակություն ունեցավ։ Չնայած չափազանց ծանր ժամանակներին, մեկը մյուսի ետեւից բացվեցին ֆիզկուլտուրային-մարզական խմբակներ, սկիզբ առան ու արմատավորվեցին մարզական բազմաթիվ միջոցառումներ։ Դրանք արմատավորվեցին ժողովրդի կյանքում ու շուտով եղան նաեւ առաջին խոշոր նվաճումները։ Հայկական սպորտի առաջին գրոհը միջազգային ասպարեզ՝ տեղի ունեցավ 1935թ., երբ երիտասարդ ծանրորդ Սերգո Համբարձումյանը բարելավեց համաշխարհային ռեկորդը, իսկ երեք տարի անց հաղթեց աշխարհի ամենաուժեղ մարդուն՝ գերմանացի Մանգերին։ Սակայն մեծ ճանապարհի սկիզբը ընդհատվեց 2-րդ աշխարհամարտով։ Համամիութենական մարզական շքերթին նախապատրաստվող 300 հայազգի մարզիկներ, ապագա օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի գլխավորությամբ, կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Պատերազմից հետո հայկական սպորտի փառավոր էջերի սկզբնավորման տարիներ էին 50-ական թվականները։ Հայաստանը, ի դեմս Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Իգոր Նովիկովի, Վլադիմիր Ենգիբարյանի, Նորայր Մուշեղյանի, մարզաշխարհին տվեց այնպիսի անուններ, որպիսիք իր դրոշի ներքո կերազեր ունենալ ցանկացած պետություն։ Սկիզբն արդեն դրված էր ու արժանի շարունակություն պիտի ունենար։ 1963-ին ամբողջ հայությունը ցնծաց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի աննախադեպ հաղթանակով։ 73-ին բոլորիս անասելի ուրախացրեց «Արարատ» ֆուտբոլային թիմը, որը միաժամանակ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու գավաթը։ Բայց հայկական սպորտի ամենահաջողակ ժամանակաշրջանը իրավամբ համարվում են 80- 90-ական թվականները, երբ աշխարհի տարբեր անկյուններում, ի պատիվ մեր ծանրորդների, բռնցքամարտիկների, ըմբիշների, հրաձիգների, մարմնամարզիկների, ջրացատկորդների (անուններ չեմ ասում՝ դրանք չափազանց հայտնի են) եւ այլոց հնչել են «հայ», «Հայաստան» անունները, բարձրացվել մեր եռագույնը։ Անպայման պետք է հիշել նաեւ մեր երախտավոր մարզիչներին, սփյուռքահայ մարզիկներին, որոնց միայն անունների թվարկումը շատ ժամանակ կխլի։ Խորին հարգանք բոլորին։ Ասեմ միայն, որ անցած 80 տարում Հայաստանը աշխարհին տվել է օլիմպիական 13, աշխարհի 29, Եվրոպայի 43 չեմպիոն, իսկ հարյուրավոր մարզիկներ դարձել են մրցանակակիրներ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել