«Հայ արվեստագետները հերոսներ են» Ուկրաինացի արվեստագետը հայկական մշակույթի մասին «Հայաստանը հարուստ մշակույթ ունի, սակայն այն մատնված է անտարբերության»,- համոզված է ուկրաինացի նկարիչ, քանդակագործ Սերգեյ Բոնդարենկոն, որ վերջերս Երեւանում էր։ Նա բավականին ճանաչված եւ սիրված է ոչ միայն իր հայրենիքում, այլեւ Ռուսաստանում, երկար տարիներ աշխատել է ռուսական կինոյի ու էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Իգոր Նիկոլաեւը, Լեւ Լեշչենկոն, Ալյոնա Սվիրիդովան, Դմիտրի Պեվցովը եւ այլք։ Այսօր Ս. Բոնդարենկոն զբաղված է հայտնի արվեստագետների՝ Կոբզոնի, Պուգաչովայի, Կիրկորովի, Լեոնտեւի եւ այլոց քանդակների ստեղծմամբ։ Քանդակագործը առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, սակայն երբեւէ անհատական ցուցահանդես չի ունեցել մեր երկրում։ Նա, որ վերջին անգամ Հայաստան էր այցելել 1996-ին, վստահ է, որ Երեւանն ամենեւին էլ չի փոխվել. «ընդամենն ավելացել են սպասարկման ոլորտի օբյեկտները, որոնք չեն կարող ճարտարապետական արժեքներ համարվել կամ նոր շուք հաղորդել մայրաքաղաքին»։ Ս. Բոնդարենկոն վստահեցնում է, որ ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը։ Այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները, եւ մասնավորապես՝ մշակույթի նախարարությունն աչքաթող են արել մշակութային հուշարձանները, չնայած այն բանին, որ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով մի շարք մշակութային օջախներ վերանորոգվում են։ Ավելի ճիշտ՝ գտնում է, որ դա դրսի բարեգործություն է եւ ոչ թե մեր երկրի մշակույթի պատասխանատուների հոգածության արդյունք։ Ուկրաինացի արվեստագետը հայ մշակույթի գործիչներին հերոսներ է համարում, եւ զարմանում է, որ նրանք՝ զրկված լինելով ստեղծագործական պայմաններից ու հնարավորություններից, կարողանում են ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել, ֆիլմ նկարահանել. «Մեր երկրում ոչ մի երգիչ, նկարիչ կամ դերասան չէր դիմանա հայաստանյան պայմաններին, չէր հանդուրժի իշխանությունների ստորացուցիչ անտարբերությունը։ Զարմանում եմ, հայերդ ինչպե՞ս եք աշխատում այդքանից հետո, երբ փոխանակ աջակցելու, ամեն քայլափոխի խոչընդոտում են արվեստագետի գործունեությունը»։ Ս. Բոնդարենկոյին միշտ հիացմունք է պատճառել Հայաստանի բնությունը։ Նա հատկապես սիրում է Հայաստան այցելել գարնանը։ Այս տարի էլ հատուկ եկել էր ծաղկած ծիրանենի նկարելու, ընկերների հետ հայկական գինի խմելու եւ խաղողի թարմ թփով տոլմա ուտելու։ Հայաստանում անծանոթ, իսկ ԱՊՀ-ում հայտնի եւ սիրված Բոնդարենկոն պատրաստվում է Հայաստանում աշնանը հանդես գալ իր աշխատանքների ցուցահանդեսով։ Նաեւ՝ իր խոսքով, անուղղելի լավատես է. «Միգուցե մինչեւ աշուն այս երկրում դրական փոփոխություններ լինեն, մշակույթը վերջապես պետական հոգածության առարկա դառնա, մշակութային արժեքների պահպանության լուրջ ծրագրեր մշակվեն»։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ Հ. Գ. Վերջերս ԱԺ-ի կողմից հաստատված կառավարության ծրագրում մշակույթին ընդամենը մի քանի նախադասություն է հատկացված։