Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ $17.5 ՄԻԼԻՈՆԸ

Հուլիս 10,2003 00:00

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ $17.5 ՄԻԼԻՈՆԸ Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական մեծ շքախմբով (Կենտրոնի թաղապետ, քաղաքապետ, մշակույթի նախարար եւ այլք) հերթական շրջայցը կատարեց մայրաքաղաքի մշակութային օջախներում։ Սկսելով Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից, նախագահն այցելեց նաեւ Պատանի հանդիսատեսի ու Տիկնիկային թատրոններ, Մանկական գեղագիտական կենտրոն, Ստանիսլավսկու եւ Սունդուկյանի անվան թատրոններ։ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանը տեղեկացրեց, որ 17,5 մլն դոլար էր նախատեսված ողջ հանրապետության մշակութային օջախների վերականգնման համար։ Դրանցից 28-ը Երեւանում են։ Ըստ Գ. Մկրտումյանի, ամենավատթար վիճակում գտնվողը, Սունդուկյան թատրոնից հետո, Դրամատիկական թատրոնի շենքն էր, որը «գնացել է ուժեղացման ծրագրով»։ Այստեղ նախագծից դուրս նոր ծավալի աշխատանքներ են բացվել։ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենը տեղեկացրեց, որ Դրամատիկական թատրոնի շենքի վրա ծախսվող գումարը կգերազանցի նախատեսված 500 հազար դոլարը, քանի որ այն ուներ տանիքի, ջեռուցման եւ ձայնալուսային սարքավորումների խնդիր։ Դրամատիկական թատրոնում շինվերանորոգման աշխատանքները կավարտվեն հուլիսի 15-ին եւ, ըստ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի, թատերաշրջանը կբացվի 5-6 նոր ներկայացումներով։ Պատանի հանդիսատեսի թատրոնը տեսքի բերելու համար նախատեսված էր 600 հազար դոլար, Սունդուկյանի անվան թատրոնի համար՝ 1 մլն 300 հազար դոլար։ Առաջինում աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին, իսկ ընդհանրապես «Մշակույթ» ծրագիրը պետք է ավարտվի նոյեմբերի 1-ին։ Տիկնիկային թատրոնում տնօրեն Ռուբեն Բաբայանը Ռոբերտ Քոչարյանին ընդունեց Չայկովսկու «Շչելկունչիկի» հնչյունների ներքո։ Նախագահը բազմեց մանկական թատրոնի դահլիճում եւ չթաքցրեց հիացմունքը հատուկ իր համար միացված ձայնալուսային էֆեկտներից։ Տիկնիկային թատրոնից դեպի Մանկական գեղագիտական կենտրոն տանող ճանապարհին լրագրողներին դիմավորեց կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը, փոխանցելու համար զայրույթը՝ շինարարների ուշացող գումարների պատճառով։ Իհարկե, նա իր դժգոհությունները զուգակցեց հանրապետության ղեկավարների հասցեին արված գովեստներով։ Այնուհետեւ բարի խոսքեր ասաց Կենտրոնի շնորհալի սաների եւ դասախոսների հասցեին։ Մանկական գեղագիտական կենտրոնի շինարարների չվճարվելու հետ կապված քաշքշուկի մասին նախագահին ասաց. «Մենք կոնկրետ Լինսի հիմնադրամի մասով ուշացումներ չունենք։ Ես դեռ տեղյակ չեմ, ինձ դեռ պետք է զեկուցեն։ Բայց կարծում եմ, որ խնդիրը պայմանավորված է շինարար-բանվորներ հարաբերություններով»։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն էլ առիթը չկորցրեց՝ գովաբանելու ՀՀ նախագահին, երկրի բոլոր չինովնիկներին, Քըրք Քըրքորյանին, «որոնց անունը դարեդար հիշվելու է ժողովրդի կողմից»։ Նաեւ ասաց, որ մյուս երկրների իր գործընկերները, լսելով Երեւանում իրականացվող մշակութային օջախների վերականգնման մասին, ուղղակի նախանձից մեռնում են։ Լրագրողների վերջնական «հանգրվանը» Միջազգային բիզնես-կենտրոնի միջոցներով կառուցվող քաղաքապետարանի նոր շենքն էր (ներկայիս քաղաքապետարանի կողքին)։ Բիզնես-կենտրոնի ղեկավար Խաչատուր Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ սկսված շինարարությունը նախատեսված է ավարտել 2004թ. մայիսին՝ ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի։ Մոտավոր հաշվարկներով, շենքի վրա կծախսվի 3 մլն դոլար։ Քաղաքապետարանի նոր շենքի դիմաց Միջազգային բիզնես-կենտրոնին կհանձնվեն գյուղնախարարության եւ քաղաքապետարանի հին շենքերը։ Երեւան քաղաքի խնդիրների մասին Ռոբերտ Քոչարյանը խոսեց վերապահումներով եւ շատ սեղմ։ «Քաղաքապետարանում դեռ ընդհանուր Երեւանի հետ կապված հարցերի քննարկում է լինելու»,- խոստացավ նա, շտապելով քաղաքապետարան՝ խորհրդակցության։ Նաեւ զգուշացրեց, որ Լինսի ծրագրի ավարտով պայմանավորված՝ նոր այցելություններ էլ են սպասվում առաջիկայում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել