Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտապետերը հիշեցին Բլեյանին

Հուլիս 10,2003 00:00

Բանտապետերը հիշեցին Բլեյանին Երկրորդ օրն է, ինչ Հայաստանի բանտային համակարգի պատասխանատուները մասնակցում են ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Բանտերի ապահով եւ կարգապահ կառավարումը» միջազգային ուսուցողական սեմինարին: Սեմինարում բանտապետերն իրենց զգում են ազատազրկվածի պես, քանի որ սեմինարը հստակ օրակարգ ունի եւ նրանք պարտադիր մինչեւ օրվա երկրորդ կես մասնակցում են աշխատանքներին։ Երեկ քննարկվեցին մի քանի թեմաներ՝ «Դժվար եւ խնդրահարույց բանտարկյալների կառավարումը», որը ներկայացրեց ԵԱՀԿ փորձագետ Մոնիկա Պլատեկը, «Նախնական կալանքի տակ պահվողների կառավարումը» (զեկուցող՝ Միրեկ Նովակ), իսկ բանտարկյալների վարքաբանությունը ներկայացրեց ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Ռուբեն Աղուզումցյանը։ Անդրադառնալով բանտային կառավարման դժվարություններին, Մոնիկա Պլատեկը դատապարտյալներին բաժանեց երկու խմբի՝ «վտանգավոր եւ խնդրահարույց»։ Նրա կարծիքով, եթե հարաբերությունները ադմինիստրացիայի հետ կարգավորված լինեն, «դժվար կալանավորներ չեն լինի»։ Հոգեբան Ռ. Աղուզումցյանի կարծիքով, հանցագործների 4 խումբ գոյություն ունի. Հոգեբանն ուշադրություն հրավիրեց դաժանության գործոնների վրա, որով էլ պայմանավորված էր հանցագործների վարքաբանությունը։ Նա գտնում է, որ անտարբերությունն էլ նպաստում է դաժանության ձեռքբերմանը, իսկ ընդհանրապես գտնում էր, որ հեռուստատեսությունը իր մատուցած դաժան կաղապարներով ազդում է անհատի ձեւավորման վրա։ Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը «Ո՞վ է դատապարտողը, ո՞վ է հանցագործը» հարցով սկսեց իր ելույթը եւ բերեց մի օրինակ, որ 1-1,5 տարի առաջ իրենց մոտ էր գտնվում կրթական բարձր ցենզ ունեցող մի դատապարտյալ, որը «դժվարություններ էր ստեղծում»։ Նա ներկայացրեց, որ այդ դատապարտյալի խցի կեսը լցված էր գրականությամբ եւ նա իրավաբան խորհրդատուի դեր էր կատարում։ «Նա գտել էր բաց դաշտը, ամբողջ մեկուսարանի կառավարումը վերցրել էր իր վրա եւ ոչինչ հակաօրինական չէր անում։ Ուսումնասիրում էր օրենքները»։ Վ. Մելքոնյանն ասաց, որ այդ դապատարտյալի ազատվելուց հետո իրենք իրավաբանի հաստիք ունեցան եւ նրա նստելը շատ բան տվեց հիմնարկին։ Պարզվեց, որ խոսքը գիտության եւ կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանի մասին էր։ Մեր հյուրը՝ Մոնիկա Պլատեկը ոչ մի վատ բան չտեսավ «դատապարտյալի» գործողությունների մեջ, ընդհակառակը, գտավ, որ եթե նա ուզում էր իրավաբանական գրականություն կարդալ՝ պրոբլեմ չկա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել