Լրահոս
Օրվա լրահոսը

Չվացուցակը խախտում են

Հուլիս 10,2003 00:00

Չվացուցակը խախտում են 269 երթուղին խանգարո՞ւմ էր Կարամելի Հարութին 2001թ. նոյեմբերին Եղվարդ-Երեւան մերձքաղաքային երթուղին շահեց «Ժորժետ» ՍՊԸ-ն, որն էլ սահմանված չվացուցակով պետք է ուղեւորների փոխադրմամբ զբաղվեր։ Սահմանված չվացուցակն այսպիսին էր՝ Եղվարդ-Նատի-Զովունի-Դավիթաշեն-Դավիթաշենի կամրջով «Բարեկամություն» մետրո-Հալաբյան փողոց՝ ֆիզիկայի խաչմերուկ։ Սակայն եղվարդցիները բարեբախտություն ունեցան ընդամենը հինգ օր երթեւեկել ըստ չվացուցակի։ Ուղեւորը հետո պարզապես չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ իրենց միկրոավտոբուսներն սկսեցին երթեւեկել Եղվարդ-Նատի-Զովունի-Դավիթաշեն գյուղով Ֆիզիկայի խաչմերուկ, ինչը կրկնակի ժամանակի կորուստ է եւ ֆինանսի վատնում։ Իսկ ուսանողները միկրոավտոբուսների ի հայտ գալուց հետո սկզբում երթեւեկում էին 50 դրամ զեղչ ուղեվարձով, սակայն այն մի քանի ամիս հետո իսպառ վերացվեց։ Ըստ չճշտված լուրերի, որոշ «հեղինակավոր տղաներ» թույլ չտվեցին հետեւել չվացուցակին։ Վերջիններս պատճառաբանում էին, որ 269 երթուղուց կսկսեն օգտվել նաեւ Զովունի գյուղի բնակիչները, որոնց հիմնական երթեւեկման միջոցը 36 համարի միկրոավտոբուսներն են։ Մի խոսքով, 269 երթուղին խանգարում էր «Կարամելի Հարութին» (իմա՝ նույն ինքը ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյան), որն էլ համարվում է 36 քաղաքային երթուղու «տանիքը»։ Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Հ. Մելքումյանը տեղեկացրեց, որ 36 երթուղին մրցութային կարգով շահել է «Տիգրան» ՍՊԸ-ն, որի տնօրենը Է. Հովհաննիսյանն է եւ հայտնի չէ, Հ. Ղարագյոզյանի հետ ինչ կապի մեջ է վերջինս։ Իսկ ՀՀ տրանսպորտային տեսչության ավտոմոբիլային տրանսպորտի եւ երթուղու բաժնի պետ Արշակ Պետրոսյանը հայտնեց, որ ուսանողը պետք է մոռանա ուղեվարձի զեղչի մասին, որովհետեւ «էսօրվա ուսանողը իր կերպարին չի համապատասխանում ու միայն սրճարաններում է անցկացնում իր օրը»։ Երթուղու սպասարկումն ապահովող կազմակերպությունը, փաստորեն, չի ենթարկվում սահմանված չվացուցակին, Տրանսպորտային տեսչությունը արդյոք վերահսկողություն չի՞ սահմանում հարցին պրն Պետրոսյանը նախ շատ զարմացավ, որ մինչեւ օրս երթուղու կամ չվացուցակի շեղման հետ կապված դիմում-բողոք չեն ստացել, նաեւ հաստատեց, թե իրենց վարչությունը վերահսկողությունն, իհարկե, իրականացնում է։ Հետաքրքիր է՝ ինչպես: ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել