Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԴՂՅԱԿՆԵՐԻՆ ԿՄԻԱՆԱ «ԱՃԱՌՅԱՆԸ»

Հուլիս 10,2003 00:00

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԴՂՅԱԿՆԵՐԻՆ ԿՄԻԱՆԱ «ԱՃԱՌՅԱՆԸ» «Հաղթանակ» զբոսայգու դիմաց անտառ կա, որը շուտով չի լինի «Առավոտն» իր 2.11. 2002թ. «Գեղից քաղաք իջնելը» հրապարակման մեջ կանխատեսում էր, որ շուտով այդ անտառը չի լինի եւ որ մեկ-երկու տարի անց հսկայական դղյակներ ենք ունենալու քաղաքի այդ հատվածում՝ նախարարների, գեներալների, դատավորների։ Դեռեւս անցյալ տարի անտառը ցանկապատված եւ բաժանված էր հողակտորների, որոնցից միայն մի քանիսի վրա էին կառուցված առանձնատներ։ Այսօր մյուսները եւս կառուցապատվել են՝ 40-50 տարեկան կտրված ծառերի տեղում։ Այս թաղամասում կառուցված են գեներալներ Հայկազ Բաղմանյանի, Սեյրան Սարոյանի, Արշալույս Փայտյանի եւ այլոց տներն ու առանձնատները։ «Գեներալավանի» ապագա բնակիչների թվում է նաեւ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը, որն իր 5600 քմ մակերեսով հողատարածքը շահել է Երեւանի քաղաքապետարանի անցկացրած հողամասի վարձակալության մրցույթում։ Քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ԱԺ նախկին նախագահի հորը հողամասը հատկացվել է գրասենյակ եւ հյուրանոց կառուցելու համար։ Եվ մինչ պրն Խաչատրյանը պլանավորում է, թե ինչպես պետք է իրականացնի կառուցապատման աշխատանքները, «Առավոտին» դիմած Սերգեյ եւ Դուխիկ Ավետիսյան ամուսիններն ու եւս 9 ընտանիք պայքարում են տարածքում գտնվող իրենց 30-35 տարեկան պտղատու այգիները փրկելու համար։ Թոշակառու ամուսինները ցավով են պատմում, թե տարիների ընթացքում ինչ դժվարություններով են մոտ 1000 քմ բուսականությունից զուրկ հողատարածքը մշակել. «Ամայի ու քարքարոտ տարածքը մաքրել ենք քարերից, 100 մեքենա հող ենք լցրել, պարարտացրել ենք եւ 70-ից ավելի պտղատու ծառ ենք տնկել»։ Ինչպես Սերգեյ Ավետիսյանն է ասում, 30 տարի շարունակ այդ անտառում ջրվոր-պահակ է աշխատել։ Իսկ այգի մշակելու համար հողհատկացումն իրեն խորհրդային տարիների անտառտնտեսության ղեկավարությունն է արել, որի դիմաց ինքը վճարել է։ Այժմ Ավետիսյանների եւ 9 ընտանիքի այգիները գտնվում են «Հրաչյա Աճառյան համալսարան» արտադրական կոոպերատիվին մրցույթով տրամադրված 5600 քմ հողամասի գլխավոր հատակագծում, եւ սեփականատերը պահանջում է տարածքն ազատել։ Ս. Ավետիսյանի հավաստմամբ, մինչ մրցույթի կայանալը հողատարածքի ժամանակավոր օգտագործման համար իրենք պայմանագիր են ունեցել Արաբկիր համայնքի թաղապետարանի հետ եւ պարտաճանաչ վճարել են վարձերը։ Ամուսինները նեղսրտում են, որ հողատարածքի համար կայանալիք մրցույթի մասին իրենք տեղեկացված չեն եղել, իսկ այգու նոր սեփականատերն իրենց անակնկալի է բերել։ Վերջերս Ս. Ավետիսյանը իր 35 տարվա այգին սեփականացնելու կամ մոտակայքում նոր հողամաս ձեռք բերելու խնդրանքով դիմել է դեռեւս գործող քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, սակայն մերժվել է։ Իսկ թոշակառու Ս. Ավետիսյանի խնդրանքից 1 ամիս չանցած, նույն հասցեում վարձակալական իրավունքով «Հրաչյա Աճառյան համալսարան» արտադրական կոոպերատիվին տրամադրվել է եւս 1230 քմ հողատարածք։ Վերջին մի քանի տարիներին անտառում հողհատկացումների արդյունքում սկսված ծառահատումները տեսնելով, անտառի 30 տարվա ջրվոր Սերգեյ Ավետիսյանը ինֆարկտ է ստացել։ Այժմ էլ ամուսինների աչքի առաջ այգին կորցնելու վտանգն է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել