Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկաբեկման փորձեր

Հուլիս 10,2003 00:00

Վարկաբեկման փորձեր Վերջին սպանությունների առնչությամբ իրավապահ համակարգի՝ Սուրեն Աբրահամյանի քննադատությանը ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը հակադարձեց անձնավորված վիրավորանքներով՝ փորձելով ՆԳ նախկին նախարարից պաշտպանել նրա երբեմնի տեղակալ Հայկ Հարությունյանին: Այս արձագանքի առնչությամբ պրն Աբրահամյանն ասաց. «Չեմ կարող ավելի պերճախոս բնութագրել այդ հոդվածի զուտ բարոյական կողմը, քան արել էր «ՀԺ»-ն իր մեկնաբանություններով, որոնց համար շնորհակալ եմ: Նույնիսկ կնոջը ոչ սազական բամբասանքի աստիճանի անհեթեթություններ է գրել փոխոստիկանապետը: Եթե Մահտեսյանը շա՜տ մեծ ցանկություն ուներ իր նվիրվածությունն ու սերը Հարությունյան Հայկին խոստովանելու՝ կարող էր ուղղակի հենց այդպես էլ ասել. «Հայկ, ես քեզ շա՜տ եմ սիրում»: Փոխոստիկանապետի պնդումներից մեկն էր, թե ՆԳ նախարարի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Սուրեն Աբրահամյանը 20-ից ավելի հրամաններ է տվել, որոնց մեծ մասը հետո ստիպված էր չեղյալ համարել Հայկ Հարությունյանը: Ժամանակին այդ մասին լուր էր հրապարակվել «Առավոտում» եւ պրն Աբրահամյանը ներկայացրել էր բացատրություններ, ուստի այժմ միայն ասաց. «Տվել էի 4-5 հոգու նշանակման հրամաններ, որոնք Հայկ Հարությունյանը չեղյալ հայտարարեց, բայց բառացիորեն 1-2 ամիս անց այդ նույն մարդկանց տվեց ավելի լավ պաշտոններ»: Փորձեցինք պարզել, թե ինչ, ըստ Մահտեսյանի՝ «տղամարդուն ոչ սազական ստորացուցիչ վիճակում» էր հայտնվել Սուրեն Աբրահամյանը 1995-ին Սյունիքում. «Այդ միջադեպի նման մեկնաբանությունները, այն էլ գործընկերոջ նկատմամբ՝ զարմանալի են: Անուններ հիմա չթվարկեմ. Գորիսում մեկին ձերբակալել էին եւ նրան ազատելու համար՝ 7-8 զինված հանցագործներ իմ նկատմամբ մահափորձ կատարեցին, փորձեցին պատանդ վերցնել: Բայց համախոհներս պատվով դուրս եկան այդ իրավիճակից, եւ հանցագործները ստացան իրենց արժանի պատիժը: Իսկ այժմ շահարկո՞ւմ են, որ մարդու վրա կրակել են, հրաշքով է փրկվել: Այդ միջադեպում իմ վարքագծի վերաբերյալ անաչառ գնահատական կարող են տալ գորիսեցիները, սյունեցիները: Իսկ փոխոստիկանապետի մեկնաբանություններն ուղղակի անհեթեթ են՝ չի հասկացել, թե ընդհանրապես ինչի մասին է գրել: Բայց ցավս այդ չէ, այլ նման ղեկավարների պարագայում՝ իրավապահ համակարգը, որի շարժիչ ուժը դարձել է անձնական նվիրվածությունն ու ստորաքարշությունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել