ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀՀԿ ԾՐԱԳԻՐԸ Թեեւ դաշնակցային կառավարության գործունեության ծրագրի նախաբանում իսկ նշված է, թե այն մշակվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ նախընտրական ծրագրերի համադրմամբ: Արդեն իսկ նշել ենք, որ «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի ծրագրերից կառավարության ծրագիր են հասել առանձին փշրանքներ միայն: Նույն պատկերն է նաեւ կառավարության ծրագիրը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի հետ համեմատելու պարագայում: Մեկ անգամ եւս մեջբերենք, որ Քոչարյանի նախընտրական ծրագրում խոստացված է տարեկան միջինը 8-12% ՀՆԱ-ի աճ, մինչդեռ կառավարության ծրագրում այդ ցուցանիշը 6-8% է: Կամ՝ Քոչարյանը խոստացել է արտահանման ծավալների մինչեւ 20% աճ, իսկ կառավարությունը պարտավորվել է ապահովել միայն 10%-ը: Բնական հարց է առաջանում՝ ուրեմն ո՞ւմ ծրագիրն է կառավարության գործունեության ուղենիշը: Գուցե այս 4 իշխող ուժերի նախընտրական խոստումները մի կողմ թողնելով՝ նստել ու գրել են 5-րդ ծրագի՞րը: Սակայն ՀՀԿ ծրագրի հետ համեմատությունը վկայում է, որ աննշան բացառություններով՝ կառավարության ծրագրում ուղղակի կրկնվել են հանրապետականների խոստումները: Նախ՝ բացառությունների մասին: ՀՀԿ նախընտրական ծրագրի «Պետական կառավարում» բաժնում նշված է, թե պետք է «գործադիր իշխանության կառուցվածքը, ֆունկցիաներն ու գործունեության սկզբունքները լինեն տրամաբանական»: Հավելված է, թե որոշումների ընդունման ու կատարման տեխնոլոգիաները եւ պատասխանատվությունն էլ պետք է լինեն «հստակորեն սահմանված»: Այն, որ կառավարության ծրագրում այս դրույթները բացակայում են՝ համարենք խոստովանությո՞ւն, որ գործադիր իշխանության գործունեության սկզբունքները մեզանում չեն ենթարկվում որեւէ տրամաբանության, իսկ պատասխանատուներն էլ հստակ չեն: «Առանձնակի կարեւորելով աղետի գոտին զարգացման գոտու վերածելու հրամայականը՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այնտեղ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշված է ՀՀԿ ծրագրում: Կառավարության ծրագրում այս ամենը շրջանցելը թերեւս հասկանալի է՝ աղետի գոտում կատարվող փոփոխությունների դափնեպսակը Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ կիսել որեւէ մեկի հետ: Ի տարբերություն կառավարության ծրագրի՝ հանրապետականներն առանձին բաժիններով անդրադարձել են արտաքին քաղաքականությանը, նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ հստակ նշել հիմնախնդրի լուծման վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության ներքո, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»: Իսկ թե ինչպես պիտի այս ամենն իրագործվի՝ ՀՀԿ ծրագրում միայն մի պատասխան կա, թե այս սկզբունքների վրա հիմնված լուծման գլխավոր երաշխիքը Հայաստանի «զարգացումն ու ներքին ամուր կայունությունն է»: Համաձայնեք՝ անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայմաններ են: Կառավարության ծրագրում չկա նաեւ դատաիրավական համակարգին վերաբերող բաժին, որը հանրապետականները ներառել են իրենց նախընտրական ծրագրում եւ, ընդհանուր առմամբ՝ բազմաթիվ ընդհանուր արտահայտությունների հետ միասին՝ նաեւ նշել, թե պետք է ապահովել «դատավորի պաշտոնի պաշտպանվածություն (պաշտոնից ազատում միայն կոնկրետ խախտումների համար)» եւ այլն: Ո՞րն է կառավարության ծրագրից այս ոլորտը դուրս թողնելու պատճառը, արդյոք ո՞չ այն, որ արդարադատությունը եւս Ռոբերտ Քոչարյանին «ընդդատյա» ոլորտն է: Ընդհանրապես՝ կոալիցվածների մեջ ՀՀԿ-ն ռեկորդակիր է՝ ծրագրում ընդհանուր դատողություններ ամրագրելու առումով: Դրա ակնառու օրինակն, ասենք, «անհրաժեշտ է չթուլացող ուշադրություն բանակի հիմնախնդիրների նկատմամբ» արտահայտությունն է: Սակայն ի՛նչ որոշակի խոստում գրել են՝ նույնությամբ փոխանցել են կառավարության գործունեության ծրագիր: Այդպես է, ասենք, Երեւանի մասին օրենքի պարագայում: Կամ՝ պարզվում է, որ ոչ թե «Օրինաց երկրի», այլ ՀՀԿ-ի շնորհիվ է, որ կառավարության ծրագրում տեղ է գտել բանկային ավանդների երաշխավորման համակարգի մասին դրույթը, որը Կենտրոնական բանկն արդեն իսկ փորձում է իրականացնել: Բոլոր այն նախադասությունները, որոնց առկայությունը կառավարության ծրագրում, մեր համոզմամբ՝ այնքան էլ տեղին չէ, այստեղ են փոխանցվել հանրապետականների նախընտրական ծրագրից: Ավելի վաղ մեջբերել էինք այդ դրույթները, ըստ որոնց՝ կրթական համակարգի բարեփոխմամբ պիտի լուծվեն այն խնդիրները, որ կնպաստեն անհատին «ազգի ուժին, հանճարին ու հավերժությանը հաղորդակից դարձնելուն՝ ամրապնդելով այն գիտակցումը, որ ազգի հզորությունը սեփական ոգու մեջ է, անհաջողությունը՝ սեփական թուլության»: Կամ՝ ՀՀԿ-ի ծրագրի «Երիտասարդություն» բաժնում է նշված, թե «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է համոզված լինի, որ իր բարեկեցիկ ու ապահով կյանքը Հայրենիքում է», եւ այս դրույթը նույնությամբ տեղ է գտել նաեւ կառավարության ծրագրում: Թերեւս այս ամենով է բացատրվում տնտեսագետ Էդվարդ Աղաջանովի համոզմունքը, որ կառավարությունը հրապարակել է ոչ թե տնտեսական ծրագիր, այլ՝ կուսակցական մանիֆեստ: Սակայն ամենակարեւորը՝ դաշնակցային կառավարության ծրագրում արձանագրված բոլոր թվերն ուղղակի պատճենված են ՀՀԿ նախընտրական ծրագրից: Այսինքն՝ տարեկան 6-8% աճը, 3%-ը չգերազանցող սղաճը, արտահանման 10%-ը, կենսաթոշակների բարձրացումն այն հաշվարկով, որ մինչեւ 2007-ը «միջին կենսաթոշակը գերազանցի առնվազն 1 շնչի համար աղքատության պարենային գիծը», ուսուցիչների աշխատավարձը մինչեւ 2007-ը 60 հազար դրամ դարձնելը՝ սրանք բոլորն այն խոստումներն են, որ իր նախընտրական ծրագրում ամրագրել էր ՀՀԿ-ն, իսկ հիմա էլ դրանք փոխանցել է կառավարության գործունեության ծրագրին: Այս նույնականության պատճառը թերեւս այն է, որ կառավարության ու ՀՀԿ-ի ծրագրի հեղինակները նույնն են՝ նրանց պետք է փնտրել ֆինանսների նախարարությունում: Սակայն առավել կարեւոր են այս ամենի քաղաքական հետեւանքները: Հատկապես դաշնակցականները խիստ նեղանում էին, երբ հանրապետականները նախընտրական շրջանում ասում էին, թե նրանք 2000-ից հետո կատարել են ՀՀԿ ծրագիրը, հակադարձելով, թե կատարել են Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը: Իսկ այժմ պարզվում է, որ ընդամենն անունը փոխելով ու դաշնակիցների ծրագրերից առանձին հռչակագրային աննշան դրույթներ ներառելով՝ հանրապետականներն էլի ակամա պարտադրում են կատարել այն խոստումները, որոնք իրենք են տվել ընտրողներին: Եվ բացի ՀՀԿ-ից՝ կոալիցիայի կողմերից եւ ոչ մեկն անգամ տեսական հնարավորություն չունի պարզերես մնալու իր ընտրազանգվածի առջեւ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ