Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՌՆԵԿՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎ ԴՆԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑԸ»

Հուլիս 10,2003 00:00

ԷՌՆԵԿՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎ ԴՆԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑԸ» ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրում կա այդպիսի կետ ՀՀ կառավարության եւ «Կորպորացիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի միակ միջազգային օդանավակայանը գրեթե մենաշնորհային արտոնություններով տրվեց արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին։ Ժամանակին, երբ որոշ պատգամավորներ կոկորդ էին պատռում եւ ահազանգ էին հնչեցնում «Զվարթնոցը» պետության տնօրինության տակ պահելու մասին, լսողները պինդ փակել էին ականջները։ Ըստ ամենայնի, Էռնեկյան-ՀՀ կառավարություն պայմանագրի ստորագրման ստվերային մասը շատ շուտով կբացահայտվի։ Առայժմ՝ առանց որեւէ մեկի անունը նշելու, ներկայացնենք պայմանագրի որոշ կետեր, որոնք պետք է որ ստորագրելուց առաջ անհանգստացնեին պետության անվտանգության պատասխանատուներին։ Պարզապես զարմանալի է, որ նման կետեր ունեցող պայմանագիրը ստորագրվել է։ Ավելին՝ այսօր էլ հայտարարություններ են արվում, թե Էդ. էռնեկյանի ներկա բարդությունները չեն կարող ազդել «Զվարթնոցի» վրա։ Իրականում կարող են ազդել եւ բավականին լուրջ կլինի այդ ազդեցությունը։ Պայմանագրի 8-րդ գլխի, որը կոչվում է «Կառավարության իրավունքներն ու պարտավորությունները», 10-րդ կետում նշված է. «Ողջամիտ համագործակցություն ցուցաբերել կառավարչին՝ ֆինանսավորում, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով վարկավորում ստանալու համար միջազգային ֆինանսական հաստատություններից։ Կառավարությունը ֆինանսական պատասխանատվություն կամ ռիսկ չի ստանձնելու, բացառությամբ կառավարչին թույլ տալու, որպեսզի վերջինս գրավադրի կամ այլ կերպ ծանրաբեռնի գույքը՝ («Զվարթնոց» օդանավակայանը.- Մ. Ե.)։ Նախապես ստանալով կառավարության համաձայնությունը, ընդ որում, վերջինս անհիմն կերպով չի մերժվի, ինչպես նաեւ գրավադրել (մասամբ կամ ամբողջությամբ) կառավարչի իրավունքը, գանձելու օդանավակայանի վճարներ կամ մուծումներ այնպես, ինչպես կառավարիչն անհրաժեշտ եւ հարմար կգտնի բոլոր առումներով, համաձայն համապատասխան օրենքների»։ Եթե մեջբերված պայմանագրային խրթին նախադասությունը չի նշանակում, որ Էդուարդո էռնեկյանն իրավունք ունի գրավ դնել «Զվարթնոցը», ապա թող որեւէ մեկը բացատրի դրա իմաստը։ Իսկ եթե հենց դա է նշանակում, ուրեմն ինչպես են աշխատել սույն պայմանագրի վրա կառավարությունն ու իրավաբանները եւ էռնեկյանի՝ հատկապես, ո՞ր «սիրուն աչքի» համար են նման քայլի գնացել։ Պայմանագրի «Ֆինանսական հարցեր» գլխի «Ավիացիոն վճարներ եւ մուծումներ» ենթագլխում նշված է, որ կառավարությունը «ողջամտորեն չի մերժի օդանավակայանի վճարների փոփոխությունների հաստատմանն իր համաձայնությունը։ Բոլոր վճարները, ոչ օդագնային վճարներն ու վարձավճարները սահմանվելու են կառավարչի բացառիկ հայեցողությամբ»։ Պայմանագիրն ունի նաեւ մի կետ, որում նշված են բոլոր այն վիճակները, որոնց առկայության դեպքում պայմանագիրը կարող է դադարեցված համարվել։ Այդ կետերն են. 1. պայմանագրի ժամկետը լրանալու հետեւանքով, 2. կառավարչի մեղքի հետեւանքով, 3. կառավարչի սնանկացման հետեւանքով, 4. վարչական հայացողական ակտի ուժով, 5. ՀՀ կառավարության մեղքի հետեւանքով, 6. ֆորս-մաժոր իրադարձությունների հետեւանքով։ Պայմանագրում նշված է նաեւ, թե ի՞նչ է հասկացվում կառավարչի սնանկացում ասելով. «կառավարողի սնանկությունը, անվճարունակությունը, նրան պարտատուներից պաշտպանող իրավական ակտի ուժը կորցրած ճանաչումի կամ կառավարչի բիզնեսի դադարումը հանգեցնում է պայմանագրի դադարեցմանը»։ Ըստ էության, Էդուարդո էռնեկյանի շուրջը ծագած այս միջազգային աղմուկի մեջ առկա են վերը նշված բոլոր կետերի նշանները։ Սակայն ՀՀ կառավարությունն առայժմ չի շտապում պայմանագիրն ուժը կորցրած հայտարարել։ Իրականում կառավարությունը ոչ թե սպասում է, որ էռնեկյանի հասցեին հնչող մեղադրանքները հերքվեն կամ Էռնեկյանն իր հարցերը լուծի իր երկրի հարկային եւ այլ մարմինների հետ, այլ՝ ավելի լուրջ պատճառ կա։ Ըստ էության, կոնցենսիոն պայմանագրով մեր կառավարության ոտքն ու ձեռքը կապված են։ Եվ կապերից մեկը պայմանագրի հետեւյալ կետն է. «Եթե ՀՀ կառավարությունն իր հայացողական լիազորությունների հիման վրա որոշի միակողմանիորեն դադարեցված համարել պայմանագիրը, սույն պայմանագրով նախատեսված հիմքերից զատ որեւէ այլ պատճառով, ապա ՀՀ կառավարությունը պետք է կառավարչին վճարի վնասի վերացման գումարները, երաշխավորի ու անվնաս պահի կառավարչին՝ սույն պայմանագրի դադարման պատճառով երրորդ անձանց կողմից առաջացրած ցանկացած վնասակար հետեւանքից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Պայմանագրի այլ վտանգավոր կետերի մասին առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել