Մտերմիկ, բայց անպտուղ զրույց Երեկ Զեյթունի հանրակացարանի բնակիչները իրենց հերթական նամակը բերեցին խմբագրություն: Նամակում մասնավորապես գրված էր. «Օրերս Զեյթունի ուսավանի ուսանող-բնակիչներս հերթական անգամ այցելեցինք ԿԳ նախարարություն։ Նշենք, որ հունիսի 27-ին նախարարական եւ ուսանողական հանձնաժողովների միջեւ կայանալիք հանդիպումն այդպես էլ չկայացավ՝ նախարարական հանձնաժողովի անդամներից մեկի հիվանդ լինելու պատճառով, իսկ ԿԳ նախարար Ս. Երիցյանը դարձյալ չընդունեց Զեյթունի ուսավանի ուսանողական հանձնաժողովին։ Մենք կարողացանք տեսնել միայն նախարարի քարտուղարուհուն, որը «երբ ուզում գալիս են…» բացականչելով շրխկացրեց դուռը մեր երեսին։ Ինչ արած, դարձյալ ստիպված էինք մտնել ԿԳՆ քարտուղարության պետ Գրիգորի Հովհաննիսյանի մոտ։ Վերջինս բոլորովին այլ վերաբերմունք ու տրամադրություն ուներ ուսխորհրդի նկատմամբ, քան նախորդ անգամ։ Գր. Հովհաննիսյանը այնքան անկեղծացավ, որ փորձեց ուսանողների հետ «մտերմիկ» զրույցի միջոցով «լուծել բոլոր պրոբլեմները»։ Ի վերջո, մենք չստացանք մեր հարցերի պատասխանը։ Փոխարենը խորհուրդ ստացանք նույն Գր. Հովհաննիսյանից. «Տղաներ, դուրս մնալու համար մի մտահոգվեք, մի երկու հատ լավ աղջիկ գտեք, տնփեսա գնացեք, պրծեք»։ Միայն պարզ չէր, թե երկու հատ լավ աղջիկներ յուրաքանչյուր տղայի՞ն էին հասնում, թե՞ բոլոր տղաներն էին ստիպված երկու հատ լավ աղջիկով բավարարվել»։ Ուսավանի բնակիչներին հու զող հարցերի պատասխանը փորձեցինք ճշտել նաեւ մենք: Թեպետ նամակի հեղինակները պատրաստ են տրամադրել ԿԳՆ պաշտոնյաների հետ ունեցած զրույցների ձայնագրությունները, սակայն դրա կարիքը չի լինի. Գր. Հովհաննիսյանը չի հրաժարվում անգամ իր կատակներից՝ տնփեսա գնալու հետ կապված: Բայց եթե տղաները ցանկություն չունեն տնփեսա գնալու, դրա կարիքը չի զգացվի: Որովհետեւ, ինչպես հավաստիացնում է քարտուղարության պետը, ուսավանը հնարավորություն ունի ընդունելու մոտ 1200 ուսանողի, իսկ այսօր այնտեղ ապրում է 600-ը: Վիճարկման առարկա 5-րդ մասնաշենքը եւս տարածքի խնդիր չունի, «այլապես Բժշկական համալսարանն առաջին հարկը չէր տրամադրի ընթերցասրահի ու մարզադաշտի»: Խնդրով զբաղվող հանձնաժողովը օրերս ուսանողներին հղած նամակում նշել է, որ վերջիններս հենց հիմա կարող են երկարացնել իրենց պայմանագրի ժամկետները, որ կնքել են ուսավանի ղեկավարության հետ, եւ հանգիստ գնալ արձակուրդ: Բացի այդ, նամակում նշված է հանրակացարանում բնակվելու կարգը, որն էլ երաշխիք է այն մասին, թե սենյակները չափից ավելի հագեցած չեն լինի բնակիչներով: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ