Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ «ԳԺՎԵ՞Լ ԵՆ»

Հուլիս 09,2003 00:00

ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ «ԳԺՎԵ՞Լ ԵՆ» Հնարավոր է, որ շուտով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն էլ սկսեն ռուսերեն խոսել Անգլիայի իշխանություններն ու մարզասերները դեռ ուշքի չեն եկել ռուսաստանցի միլիոնատեր Ռոման Աբրամովիչի՝ «Չելսի» ակումբը գնելու իրողությունից։ Սակայն, ինչպես տեղեկացնում են այդ երկրի զանգվածային լրատվամիջոցները, անգլիացիներին նոր, ավելի սենսացիոն անակնկալ է սպասվում։ «Դեյլի էքսպրես» եւ «Դեյլի սթար» թերթերը հաղորդում են, որ ռուսաստանցի մեկ այլ, բայց առայժմ անհայտ ձեռնարկատեր մտադիր է ու արդեն իսկ գործնական քայլեր է կատարում՝ Անգլիայի պրեմյեր լիգայի չեմպիոն, հանրահռչակ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գնելու ուղղությամբ։ Համենայնդեպս, վերոնշյալ թերթերին այդ մասին տեղեկացրել է ՄՅՈՒ ակումբի իրենց «անանուն» աղբյուրը։ Գործարքի, եթե, իհարկե, այն կայանա, գումարը գնահատվում է 500 մլն ֆունտ ստեռլինգ։ Համեմատության համար հիշեցնենք, որ Աբրամովիչը «Չելսիի» համար ընդհանուր առմամբ վճարելու է 200 մլն ֆունտ ստեռլինգ։ «Businessworld»-ը նշում է, որ շրջանառվող 500 մլն ֆունտը 40 տոկոսով գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» արժեթղթերի շուկայական գինը, որը նախորդ ուրբաթ օրը կազմել է 360 մլն ֆունտ ստեռլինգ։ Որքանո՞վ է հավաստի «անանուն» աղբյուրի ինֆորմացիան, դժվար է ասել։ Բայց Անգլիայում Աբրամովիչից հետո նման բան այլեւս չեն բացառում։ Հիմա այնտեղ գլուխ են կոտրում՝ կռահելու, թե ո՞վ կարող է լինել ռուսաստանցի այդ օլիգարխը։ Ենթադրվում է, որ դա կարող է լինել Խոդորկովսկին, Դերիպասկան կամ Չուբայսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել