Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս դեբիլ ա՝ երեւի ռեժիսորական ընդունվի»

Հուլիս 09,2003 00:00

«Տղաս դեբիլ ա՝ երեւի ռեժիսորական ընդունվի» Նման մտածողության պատճառով, ըստ ռեժիսոր Ժիրայր Դադասյանի, վերջին 10 տարում նոր ռեժիսորներ եւ դերասաններ ի հայտ չեն եկել: -Դուք այսօր բացի Մնջախաղի պետական թատրոնը ղեկավարելուց, նաեւ դասավանդում եք Թատերական ինստիտուտում։ Այդ ինստիտուտը դարձել է բանակից խուսափելու վայր տղաների համար եւ այլն, այսինքն՝ տեսնելով այդ կրթօջախի վիճակը եւ պատրաստած սերունդը, կարող ենք գլխի ընկնել, թե ինչ թատրոն ենք ունենալու մի քանի տարի անց։ – Կրթությունը սերտորեն կապված է մշակույթի հետ. կարելի է կրթել մարդուն, որպեսզի մասնագիտություն ստանա, եւ, որպեսզի ինքը քաղաքացի լինի։ Այսօր մենք նաեւ քաղաքացիներ կրթելու լուրջ խնդիր ունենք, որպեսզի մարդը գիտակցի, որ ինքը մայրաքաղաքում է ապրում, ուր ինքը չի կարող փողոց դուրս գալ, ասենք, սպորտային հագուստով։ Մայրաքաղաքային ոճ պետք է լինի, որը նաեւ օրինակ պետք է լինի երկրի մյուս քաղաքների համար։ Ես դասավանդում եմ թատերագիտության կուրսում, վիճակը մի քիչ վատ գիտեմ։ Տեսնելով, թե մենք վերջին տաս տարվա ընթացքում ինչ ունենք թատերական դաշտում, ամեն ինչ պարզ կլինի։ Վերջին տաս տարում ի հայտ եկած մի երիտասարդ դերասանի կամ ռեժիսորի անուն տվեք ինձ։ Չկա, գոյություն չունի։ Բայց նկատեմ, որ այսօր թատերական բուհերում, որտեղ պատրաստում են ռեժիսորներ եւ դերասաններ, եւ թատրոնի ու կինոյի այլ մասնագիտություններով մասնագետներ, մի քանի անգամ ավելի շատ շրջանավարտներ ունեն, քան խորհրդային շրջանում։ – Որովհետեւ Թատերական ինստիտուտ ընդունվում են տարբեր մղումներով, բացի մասնագիտություն ստանալու նպատակից։ – Ես կարծում էի, որ կարող է ինչ-որ տոկոս կազմել դա, բայց չէի կարծում, որ այդ տոկոսը կարող է իննսունի հասնել։ Եվ չէի մտածում, որ այս տեսակ կգցենք հարգը այն տեսակ մշակութային մասնագիությունների, որոնք շատ բարձր համարում են ունեցել միշտ։ Ռեժիսորական կուրս ընդունվելը միշտ եղել է շատ բարդ։ Օպերատոր մի ընկերս պատմում էր երկու կանանց խոսակցություն, մեկի տղան ավարտել է դպրոցը եւ մյուսը հարցնում է, թե գործերն ուր են տալու։ «Դե, դեբիլ ա, ի՞նչ պիտի անի, բանակ կգնա երեւի»,- ասում է մայրը։ «Չե՞ք էլ փորձել մի որեւէ ինստիտուտ, կարողա ընդունվի»,- հարցնում է մյուսը, «Տեսնենք, երեւի ռեժիսորական փորձենք….»,- հետեւում է մոր պատասխանը։ Սա իրական դեպք է։ Մնջախաղի թատրոնը, որպես պետական թատրոն, գոյություն ունի արդեն քսան տարի, իսկ մնջախաղի կուրսը՝ ութ տարի։ Եվ այս տարի նոր կուրս չի հավաքվելու։ Պատճառները չգիտեմ։ Բայց ես չգիտեմ էլ, թե ինչու այս ութ տարիների ընթացքում ոչ մի դիմում չի եղել պետական թատրոն այդ ավարտած ուսանողների կողմից։ Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից, գիտեմ միայն մի ճանապարհ կա, որը կրթամշակութային ճանապարհն է։ Չգիտեմ, ինչ-որ ծրագրեր են կազմում ավանդները ետ վերադարձնելու մասին, եւ այլն, բայց ես գիտեմ, որ բարոյական հիմք պետք է դրվի, իսկա այդ բարոյական հիմքը ստանալու համար պիտի մենք ունենանք կրթություն եւ մշակույթ։ Որքան էլ փոխվեն ժամանակները, ինձ համար ամենաբարձր արժեքը, որ գոյություն ունի՝ մեր անկախությունն է, սեփական պետությունը։ Սա այն է, որի շուրջ պետք է փորձեն բոլորը համախմբվել։ Բայց մենք հիմնավոր խարխլում ենք մեր ազգային պետության հիմքերը, որը շատ ջահել է դեռ, ընդամենը տասներկու տարեկան։ Դա ինձ թույլ է տալիս անհանգստանալ իմ երեխայի վաղվա օրվա համար։ Մենք պետք է ճանաչենք մեր ազգային յուրահատկությունը կոնկրետ եւ փորձենք դա զարգացնել, որպեսզի ծնվի ինքնատիպ, միայն հային յուրահատուկ մշակույթ, դուդուկի պես մի բան։ Մեր գենետիկ հիշողության միջոցով պետք է փորձենք վերարտադրել, վերադարձնել մեր ունեցածը։ Անհրաժեշտ է որպեսզի դրսից շատ թատրոններ գան Երեւանում ներկայացումներ տալու, որպեսզի մի քիչ տաշվի հանդիսատեսի աչքը, ճաշակ մտնի մեջը, որպեսզի կարողանա տարբերակել լավն ու վատը, վատը չխրախուսել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել