Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Հուլիս 09,2003 00:00

ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ Սեպտեմբերից OPT հեռուստաալիքով 35 օր շարունակ կցուցադրվի ուկրաինական «Ռոքսալանա» սերիալի ամբողջական տարբերակը։ Սերիալում նկարահանվել է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Հիշեցնենք, որ 1999թ. նույն հեռուստաալիքով առաջին անգամ ցուցադրվել է «Սուլթանի գերուհի Ռոքսալանան» 40 սերիանոց ֆիլմը, որտեղ Ռ. Քոթանջյանը մարմնավորում էր գլխավոր վեզիր Իբրահիմ փաշային։ Նրան ֆիլմի վերջում կախաղան են բարձրացնում։ Այժմ, երբ նկարահանվում էր ֆիլմի շարունակությունը, թվում էր, թե Քոթանջյանն այնտեղ անելիք չպետք է ունենար։ Համենայնդեպս, այդպես էին կարծում ուկրաինացի դերասանները։ Սակայն կինոնկարի ռեժիսոր Բորիս Նիփերիձեն ֆիլմի շարունակությունը նկարահանելիս հայ դերասանին վստահել է մեկ ուրիշ՝ Վենետիկի դեսպանի դերը, ինչը, Քոթանջյանի կարծիքով, ինքն արժանապատվորեն է մարմնավորել։ Միայն որոշ խնդիրներ են ծագել՝ կապված իր ազգանվան հետ։ «Բանն այն է, որ ի տարբերություն Ամերիկայի, Ուկրաինայում ընդունված չէ, որ նախորդ սերիայում մահացած դերասանը «վերակենդանանա» ու այլ դեր խաղա։ Ու քանի որ ես էլ մարմնավորում եմ նոր կերպար, չպետք է հանդես գամ որպես Քոթանջյան։ Այդ է պատճառը, որ ֆիլմի շարունակության մեջ հանդես եմ գալիս որպես Ռաֆայել Խաչատրյան՝ մայրիկիս ազգանվամբ»,- պարզաբանեց Ռ. Քոթանջյանը։ Նա նկատեց, «ինչպես ժամանակին հայերն էին դժգոհում, որ մեր կինոռեժիսորները հակում ունեն դեպի վրացիները, մասնավորապես, Սոֆիկո Ճիաուրելին, այնպես էլ «Ռոքսալանայի» շարունակությունը նկարահանելիս ուկրաինացի դերասաններն են դժգոհել կինոռեժիսորի՝ դեպի հայ դերասանն ունեցած հակվածության համար»։ Նշենք նաեւ, որ 1999թ. մեծ աղմուկ հանած «Սուլթանի գերուհի Ռոքսալանայի» շարունակությունը դժվարությամբ է նկարահանվել՝ միջոցների բացակայության պատճառով։ Եվ «Ուկրտելեֆիլմը» ստիպված համագործակցել է ռուս գործընկերների հետ։ Ի դեպ, մինչ այս ֆիլմը Ռ. Քոթանջյանը հասցրել է նկարահանվել ուկրաինական մեկ այլ՝ «Կախարդուհու 7-րդ մատանին» 6 մասից բաղկացած կինոնկարում։ Իսկ, ընդհանուր առմամբ, վերջին 11 տարիներին դերասանը նկարահանվել է 21 արտասահմանյան ֆիլմում, որից 4-ը սերիալ է։ «Ռոքսալանայի» սեպտեմբերին ցուցադրելը պատահական չէ։ Ռ. Քոթանջյանն ասաց, որ ֆիլմի ռեժիսորը որոշել է այդ կերպ շնորհավորել իրեն (ծնվել է սեպտեմբերին)։ Նախորդ տարի, ըստ Ռ. Քոթանջյանի, «իր 60-ամյակը համընկել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին եւ այն նշել են նավի վրա՝ խորովածով, կոնյակով»։ Այնուհետեւ նրա հոբելյանական բենեֆիսը նշվել է Երեւանում, որի կայացմանն աջակցել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Ռ. Քոթանջյանը չժխտեց դերասանների շրջանում տարածված այն լուրերը, որ ոչ միայն իր, այլ շատ դերասանների հովանավորչությունը երբեմն նախարարն իր վրա է վերցնում։ Ռ. Քոթանջյանը նաեւ տեղեկացրեց, որ համագործակցում է Փարիզի «Բոհեմ» թատրոնի հետ։ «Բոհեմի» թատերախմբի հետ միասին հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ։ 2005-ին Հայաստանում եւ Սփյուռքի գաղթօջախներում «Բոհեմ» թատրոնը Քոթանջյանի մասնակցությամբ պատրաստվում է ներկայացնել «Նեմեսիս» բեմադրությունը՝ նվիրված եղեռնի 90-ամյակին։ Ն. ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել