Սեմինար բանտապետերի համար ՀՀ արդարադատության նախարարության, «Փրիզոն ռեֆորմ ինտերնեյշնլ» եւ «Բաց հասարակության ինստիտուտ» կազմակերպությունների երեկ կազմակերպած սեմինարի թեման էր՝ «Բանտերի անվտանգ, ապահով եւ կարգապահ կառավարումը»։ ԵԱՀԿ-ի փորձագետ Պեր Կոլիանդերն անդրադարձավ բանտային աշխատակիցների եւ բանտարկյալների փոխհարաբերություններին։ Սեմինարը ուսուցողական է՝ մասնակցում են միայն ազատազրկման վայրերի պատասխանատուները։ Պեր Կոլիանդերը բանտապահներին խորհուրդ տվեց ամեն օր հայելու մեջ նայել եւ պատասխանել «Այն, ինչ անում եմ, ճի՞շտ եմ անում» հարցին։ Նա գտնում էր՝ պետք է գիտակցել, որ «ազատազրկվածը մարդ արարած է եւ ունի բարոյական իրավունքներ»։ Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման պատմությանը, մեր հյուրը բերեց մի «արտառոց» օրինակ այն «երկրից, որը հեռու չէ այստեղից»։ Թե ինչպես 50 դոլար գումար է բանտապահին տրվել տեսակցության համար։ Մեր բանտապահները չզարմացան, այլ ծիծաղեցին. այդքան քի՞չ։ Արդարադատության նախարարությունից փորձագետ Գայանե Հովակիմյանը գտնում էր, որ բանտային բարեփոխումներին խանգարում են օբյեկտիվ խոչընդոտները։ Նա ասաց, թե մեր քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատանքը հեռանկարային չէ սոցիալական ապահովության ենթատեքստում, եւ, քանի որ ցանկացողները քիչ են, կադրերի ընտրություն կատարելու հնարավորություն չկա։ Նախագահող Բերի Կրայլը հակադարձեց. «Իմիջը եւ աշխատանքային կարգավիճակը դուք եք ստեղծում»։ Իսկ մեկ այլ փորձագետ՝ Մոնիկա Պլատեկը հայտնեց, որ Նորվեգիայում շնորհիվ բանտարկյալների հետ «ճիշտ վերաբերմունքի՝» հեղինակությունն առկա է։ Երեկ բաժանվեց նաեւ Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարարության բանտային ծառայության (ուղղման) տնօրեն Վեսնա Բարիչի զեկույցը։ «Աշխատանքի ընդունման չափորոշիչներ սահմանելու կարեւորությունը» զեկույցում նա կարեւորել էր, որ լրացված հարցաշարում պարտադիր պետք է տեղ գտնեն բանտային աշխատակցի «կրթական նվաճումները», «սպորտային հմտությունները», նախասիրությունները արվեստի եւ սպորտի նկատմամբ։ 2-րդ փուլում ստուգվում են «դիմողի որակները». ագրեսիվությունը, նյարդային վիճակը, իմպուլսիվ ռեակցիան։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ