Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՄԵՂ ԴԵՊՔԻ» ՊԱՏՃԱՌՈ՞Վ

Հուլիս 09,2003 00:00

«ԱՆՄԵՂ ԴԵՊՔԻ» ՊԱՏՃԱՌՈ՞Վ Երեկ փաստաբաններ Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները բողոքեցին Նուբարաշենի խճուղում կատարված սպանության գործով վկաներ, հետագայում՝ թիվ 10207403 քրգործով կասկածյալներ Վաչագան Մանուկյանի եւ Դավիթ Մկրտչյանի դեմ ուղղված ապօրինություններից։ «2003 թվականի հուլիսի 2-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ու Երեւանի քաղաքային քրեական վարչության աշխատակիցներն առանց զգուշացնելու եւ քաղաքացիական զգեստներով ու զենքով ներխուժել են Սամվել Գեւորգյանի տան բակը, կրակոցներ արձակել եւ ոստիկանության բաժին տարել քաղաքացիներ Վաչագան Մանուկյանին ու Դավիթ Մկրտչյանին»,- իրենց պաշտպանյալների դեմ ոտնձգությունների նկարագրությունն սկսեց Նարինե Ռշտունին։ Նրա կարծիքով, «ոստիկաններն իրենց սադրիչ գործողություններով հրահրել են Գեւորգյանների ընտանիքին՝ պաշտպանվելու նպատակով օգտվել տանը եղած որսորդական զենքից եւ ոստիկանները կամ կսպանեին Արթուր Գեւորգյանին՝ ձեւակերպելով «դիմադրություն», կամ էլ քրեական պատասխանատվության կենթարկեին նույն «դիմադրության» համար»։ Սակայն «կանխամտածվածը» չի իրականանում, իսկ տղաների հանդեպ անօրինականությունները շարունակվում են ոստիկանական բաժնում։ Նրանց հարցաքննում են առանց փաստաբանների՝ վերջիններիս բաժնի մուտքից ներս չեն թողնում։ Մոտ 20 ժամ ոստիկանությունում պահելու ընթացքում անցկացվում է նաեւ առերեսում եւ ճանաչում։ «Հետո Դավիթն ինձ պատմեց, որ իրենց սենյակի բաց դռան մոտով մի քանի անգամ անցուդարձ արեց Վիկտոր Մանուկյանը (գործով տուժող), ուստի «ճանաչումը» կրում էր ձեւական բնույթ»,- ասաց Նարինե Ռշտունին։ Փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալներին գաղտնի տեսագրել են ու ցուցադրել «02» ոստիկանական հաղորդումով, ինչը մի շարք օրենքների ու միջազգային կոնվենցիաների խախտում է։ «Եվ ընդհանրապես, դատախազության ու ոստիկանության աշխատակիցներն, ինչպես հասկացել ենք, ուղղակի չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում օրինական հետաքննություն, իսկ մեր մեղադրանքին ի պատասխան, զարմանքից չռում են աչքերը՝ «չէ՞ որ մենք օպերատիվ աշխատանք ենք կատարում»,- շարունակեցին Ռշտունիները։ Իսկ այս դեպքի համար նրանք վստահ են, որ «ինչ-որ ուժերի անհրաժեշտ է լարված վիճակում պահել Գեւորգյանների ընտանիքը», ինչին եւ «կցված են իրավապահ մարմինները»։ Փաստաբանները տեղեկացրին, որ «մեր պաշտպանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, Վիկտոր Մանուկյանի դեմ «մահափորձի» ժամանակ երկուսն էլ գտնվել են հիվանդանոցում, որտեղ վիրահատվում էր Արտյոմ Գեւորգյանը» եւ որ «Վիկտոր Մանուկյանը ձեւական մահափորձ է բեմադրել, որպեսզի Գեւորգյանների ընտանիքը հանցագործներին պատժելու պահանջներ դնելու փոխարեն ստիպված լինի պաշտպանվել զրպարտություններից»։ Փաստաբաններն իրենց գրավոր բողոքը ուղարկել են երկրի նախագահին, հանրապետության գլխավոր դատախազին, Երեւանի դատախազին, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազին եւ ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրանքով, որ «միջոցներ ձեռնարկեն կամայականությունները կանխելու համար եւ ազատ արձակեն Վաչագան Մանուկյանին եւ Դավիթ Մկրտչյանին»։ Ովքե՞ր են, ի վերջո, հետապնդում Գեւորգյաններին եւ ի՞նչ նպատակով։ Ռուբեն Ռշտունին գտնում է, որ սա յոթամսյա հնություն ունեցող պատմություն է, որը սկիզբ է առել խիստ անմեղ դեպքով ու դարձել «մի կաթիլ մեղր»։ Այն է՝ անցյալ տարվա նոյեմբերին Արտյոմ Գեւորգյանը միջամտում է փողոցային միջադեպի, որտեղ մի քանի մեծ տղաներ «նեղում էին» մի փոքր տղայի։ Արտյոմը ապտակում է «մեծերից» մեկին, ստիպված, եւ նույն օրվա երեկոյից «հաշիվներ մաքրելու» է գալիս մի խումբ, որի մեջ եւ Վիկտոր Մանուկյանը։ Այդ օրվանից մինչեւ հունիսի 25-ի դեպքը ներառյալ նույն «վրիժառուները» երեք անգամ մահափորձ են կատարում, որի արդյունքում՝ 4 զոհ եւ վիրավորներ։ Զոհվում է նաեւ Գեւորգյանների մի տղան՝ Արկադին, մյուսը՝ Արտյոմը, ծանր վիրավորվում է, իսկ Արթուրին, ըստ ներկայացվածի, փորձում են արդեն «մահափորձ» կատարելու մեղադրանքով ազատազրկել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Անվիճելի է, որ մեր ոստիկանությունն ու դատախազությունը հեռու են օրինական հետաքննություն կատարելու մտադրությունից: Բայց որ սպանությունների հիմքում ընկած է «փոքր ու մեծ տղաների» ընդհարման «անմեղ դեպքը»՝ այստեղ հարգարժան փաստաբանները թերեւս շտապում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել