Կառավարությունը մեղադրում է «ԱրմենՏելին» Վերջինս էլ իր դժգոհություններն ունի կառավարությունից «Եթե որեւէ մեկն իմ առջեւ պահանջ դնի՝ ընդունել այնպիսի որոշում, որպեսզի Հայաստանը զրկվի կապից, ես կողմնակալ չեմ կարող լինել»,- երեկ հայտարարեց ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը: Երեկ այդ հանձնաժողովում ՀՀ կառավարությունն ի դեմս տրանսպորտի եւ կապի ու արդարադատության նախարարությունների, եւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ն խորհրդակցության ընթացքում նախնական համաձայնության եկան օգոստոսի 29-ին լսումներ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ Է. Մուրադյանի, խորհրդակցության ընթացքում կազմակերպական հարցեր են քննարկվել։ Լսումների ընթացքում ՀՀ կառավարությունը կներկայացնի վեց կետից բաղկացած մի փաստաթուղթ, որով «ԱրմենՏելին» մեղադրում է թիվ 60 լիցենզիայի, «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի եւ Սահմանադրության պարբերաբար ու կանխամտածված խախտումների մեջ։ Ըստ Է. Մուրադյանի, արժեթղթերի հանձնաժողովի որոշումը խորհրդատվական բնույթի է լինելու՝ «որից հետո կառավարությունը կորոշի, թե ինչ սանկցիաներ կիրառի կամ՝ ոչ»։ Հիշեցնենք, որ թիվ 60 լիցենզիայի երրորդ կետի, «C» ենթակետով՝ «կառավարությունը որեւէ վարչական ակցիա կիրառելուց առաջ պարտավոր է նախնական ծանուցմամբ լսումների հնարավորություն ընձեռել «ԱրմենՏելին»։ Սակայն, ինչպես ակնհայտ էր «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսի հետ զրույցից, հունական կողմը ոգեւորված չէ բաց ժողովի հրավերից։ Ավելին, նրանք գերադասում են բանակցությունների տարբերակը։ Պրն Վասիլակիսը համոզված է նաեւ, որ «ընդհանուր առմամբ հարցերը վերաբերում են ներդրումներին եւ դրա համար պետք է OTE-ն պատասխաններ տա»։ Մինչդեռ, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով սույն տեսակետը, Էդ. Մուրադյանը կարծիք հայտնեց, որ «լիցենզիան տրված է «ԱրմենՏելին», ուստի օրենքների եւ տրամաբանության սահմաններում պատասխանատուն ընկերությունն է»։ «Ինչպիսի՞ն կլինի թիվ 60 լիցենզիայի ճակատագիրը» հարցին ի պատասխան Գ. Վասիլակիսը զարմանք արտահայտեց. «Դուք կարծում եք ինչ-որ բան պետք է փոխվի՞»։ Խոսելով բջջային կապի վատ որակից, ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատարն «արդարացավ», որ Հայաստանը կարիք ունի լարային հեռահաղորդակցության զարգացման, ինչն, ըստ վաերջինիս, «մեծ գումարներ է պահանջում։ Այսինքն, առաջնահերթությունը տրվել է լարայինի զարգացմանը»։ Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ բջջային կապը Հայաստանում մոտ ժամանակներս չի բարելավվի։ Այս ամենի համատեքստում, «ԱրմենՏելն» էլ ի դեմս Գ. Վասիլակիսի, Հայաստանի կառավարությանը մեղադրում է «ճիշտ օժանդակություն» չցուցաբերելու մեջ։ Վերջինիս արդյունքում ընկերությունը 20 մլն դոլարի կորուստ է ունեցել։ Վասիլակիսի ներկայացմամբ՝ «10 միլիոնը՝ րոպեավճարի չկիրառման պատճառով, 10-ն էլ որոշ ընկերությունների կողմից անօրինական հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելուց»։ Ուստի Գ. Վասիլակիսը բնական է համարում, որ «ներդրումների ուշացումը տեղի ունենար»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ