Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԻՑ՝ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

Հուլիս 09,2003 00:00

ՍՏՎԵՐԻՑ՝ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Բոլշեւիկյան ռոմանտիզմը հանգեցնում է ամենամեծ անբարոյականության Շուկայական հարաբերություններն իրենց բնույթով անմարդկային են, վայրագ: Երբ մենք ինչ-որ բան տալիս ենք՝ անպայմանորեն ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, դա, համաձայնեք, ամենագեղեցիկ վարքը չէ: Բայց մարդկությունը այդ հարաբերություններից ավելի լավ բան առայժմ չի հորինել: Դասական սոցիալիզմն, անշուշտ, ենթադրում է նման հարաբերությունների առկայությունը: Բոլշեւիկների սոցիալիզմն իր հիմքում մերժում էր այդ հարաբերությունները, ինչը բերեց միլիոնավոր մարդկանց տառապանքների: «Ազնվության» եւ «արդարության» մասին խոսքերն այդ դեպքում հանգեցնում են արատավոր տնտեսական մի մոդելի, երբ արտադրողից խլում են իր արտադրանքը եւ փորձում են բաշխել «արդարացիորեն»: Բայց քանի որ բաշխողները կոնկրետ, կենդանի մարդիկ են, նրանք այդ գործով զբաղվում են, մեղմ ասած, իրենց մասին չմոռանալով: Հիմա էլ են այդպես բաշխում Ֆիդել Կաստրոն եւ Կիմ Չեն Իրը, որոնց ընտանիքներն ու մերձավորներն ապրում են «Սերգոյի նման», իսկ Հյուսիսային Կորեայի ու Կուբայի ժողովուրդները սովից կոտորվում են: Բնականաբար, «արդարության» մասին ուտոպիստական գաղափարների վրա հիմնված այդ անմիտ փորձերին վաղ թե ուշ վերջ է տրվելու: Նույն իրենք, խորհրդային բոլշեւիկները, 1960-ականների սկզբին հասկացան, որ առանց շուկայի ապրել հնարավոր չէ: Իրականում ստվերային ձեւով շուկան գործում էր: Երբ «պոլիտեխնիկ» ավարտածը փող էր տալիս՝ ԽՄԿԿ շարքերն ընդունվելու համար, որպեսզի հետո նրան ընդունեն աշխատանքի որպես պահեստապետ, եւ նա կորողանա կողոպտել «համաժողովրդական» սեփականությունը, դրանք, անշուշտ, շուկայական հարաբերություններ էին: Բայց՝ խեղված, անտրամաբանական, ստվերային: Մեր այսօրվա անկախ Հայաստանի խնդիրների մեծ մասն առաջանում է այն պատճառով, որ մենք մինչեւ վերջ չենք օրինականացրել այն հարաբերությունները, որոնք կան, վաղուց գործում են մեր կյանքում: Խոսքը, բնականաբար, ե՛ւ հասարակական ընկալման, ե՛ւ օրենսդրության մասին է: Պարզաբանեմ երկու օրինակով: Մեր եպիսկոպոսներն ապրում են սովորական սեռական կյանքով (ոմանք էլ՝ ոչ սովորական), բայց ձեւեր են թափում՝ իբր «կուսակրոն» են: Դատապարտելին ոչ թե նորմալ տղամարդկային բնազդներն են, այլ երեսպաշտությունը: Ելքը պարզ է. հանել «կուսակրոնության» արգելքը, համապատասխանեցնել օրենքն իրական կյանքին, ինչն, ի դեպ, կբարձրացնի եկեղեցու հեղինակությունը: Օրինակ երկրորդ: ԱՄՆ-ի 2000 թվականի նախագահական ընտրություններին ԱՄՆ ընտրողների համար միանգամայն պարզ էր, որ Ալբերտ Գորին սատարում է բարձր տեխնոլոգիաներով զբաղվող բիզնեսը, իսկ Ջորջ Բուշ կրտսերին՝ նավթային բիզնեսը: Թե՛ Բուշի ընտանիքը, թե՛ Դիք Չեյնին, թե՛ Կոնդոլիսա Ռայսը ներգրավված են այդ բիզնեսի մեջ: Դա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ը այնքան ակտիվ է Մերձավոր Արեւելքում: Ոչ ոք ԱՄՆ172ում դա չի պատրաստվում թաքցնել: Մեր պատգամավորներին նման հարց տաս՝ միանգամից կչքմեղանան. «Ի՞նչ բիզնես, ի՞նչ բան: Ազգիս համար եմ տառապում: Ընդամենը տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ եմ»: Ո՞ւմ է պետք պատգամավորին՝ բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը, եթե այդ արգելքը, միեւնույն է, չի գործում, չի համապատասխանում իրական կյանքին: Ընդհանրապես, եթե մեր բիզնեսմեններն այդքան վախեցած եւ բարդույթավորված չլինեն, եթե նրանք դադարեն երեսպաշտորեն կուրծք ծեծել, թե աշխատատեղեր են ստեղծում (որքան շատ աշխատատեղ կա, այնքան բարձր է ապրանքի ինքնարժեքը, որը բացարձակապես չի բխում սեփականատիրոջ շահերից), եթե նրանք պարզ ասեն՝ այո, փող եմ աշխատում, որ լավ ապրեմ, դա շատ խնդիրներ կլուծի: Եթե հանրությանը պաշտոնապես հայտնի լինի, թե որ օբյեկտն ում է պատկանում, ապա այդ օբյեկտների տերերի միջեւ խնդիրներ առաջանալու դեպքում մեծ է հավանականությունը, որ նրանք կդիմեն դատարան, ոչ թե կսկսեն կրակել իրար վրա: Ելքը, հետեւաբար, արդեն գոյություն ունեցող հարաբերությունները օրինականացնելն է, ստվերից լույս աշխարհ բերելը: Օրինակ, ընտրակաշառքը կա եւ տեսանելի ապագայում անպայման կլինի: Ինչո՞ւ ձեւեր չգտնել՝ պատգամավորության թեկնածուի ու ընտրողի հարաբերությունները օրինական եւ թափանցիկ դարձնելու համար: Ասենք, ստեղծել պաշտոնապես գրանցված ընտրողների ակումբներ: Կամ՝ խորհրդարանում անպայման կլինեն բախումներ հարկային եւ մաքսային խնդիրների շուրջ: Ինչո՞ւ չգրանցել օրինականորեն գործող լոբբիստական խմբեր: Կամ ընտրական օրենսգրքով պատգամավորության մեծամասնական թեկնածուն իր քարոզչության համար կարող է ծախսել մոտ $900: Իրականում ընտրապայքարի մեջ լրջորեն մտնելու համար անհրաժեշտ է առնվազն $100 հազար: Ո՞ւմ աչքերին ենք թոզ փչում՝ օրենքում անիրական թվեր գրելով: Պետք է, մի խոսքով, թույլատրել այն ամենը, ինչը հանցագործություն չէ, ինչը տեղավորվում է մարդկային համակեցության ընդունված նորմերի մեջ: Կարիք չկա՝ մեր կյանքի ստվերոտ կողմերից ողբերգություն սարքել: Միակ ճանապարհը՝ դրանք կամաց-կամաց լուսավորելն է, քաղաքակրթելը, դրանց քիչ թե շատ մարդկային տեսք տալը: Դրա համար թե՛ հասարակական ընկալումների մակարդակով, թե՛ օրենսդրության մեջ պետք է հրաժարվել խորհրդային նախապաշարումներից՝ մասնավորապես փող աշխատելու ու հարստության վերաբերյալ: Պետք չէ ձեւ անել, որ մենք սուրբ ենք, «արդարացի», «ազնիվ», «բարոյական»: Դա, ինչպես արդեն ասվեց, բերում է ամենամեծ անբարոյականության: Եկեք, ավելի լավ է, պայմանավորվենք՝ ինչպես ապրենք, որ իրար չուտենք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել