ՍԱՀՐԱԴՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵՑ Սահրադյանն իր գործն արդեն արել էր Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր ստորագրեց նոր ԿԸՀ-ում իր երեք ներկայացուցիչներին նշանակելու մասին։ Նա վերանշանակեց նախորդ հանձնաժողովում ԿԸՀ-ին մաս կազմող Արթուր Պողոսյանին եւ Արմեն Սինանյանին, իսկ Արտակ Սահրադյանի փոխարեն ԿԸՀ անդամ դարձավ Գարեգին Ազարյանը: Նախկինում Էդվարդ Եգորյանի կողմնակից պրն Ազարյանը նախագահի ընտրության ժամանակ Քոչարյանի ներկայացուցիչն էր ԿԸՀ-ում: Այս նշանակումները թերեւս նաեւ գնահատական էին: Ըստ այդմ՝ իր ներկայացուցիչներ Արթուր Պողոսյանի եւ Արմեն Սինանյանի աշխատանքից պրն Քոչարյանը գոհ էր եւ դժգոհ՝ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանից: Թեեւ վերջինս մինչեւ 2-րդ փուլի մասին որոշում ընդունելը, զեկուցում էր այդ մասին նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին, ենթադրում, թե ժողովրդին ոչ հաճո որոշում է դա, վաստակում «մեծագույն թվանկարիչ» տիտղոսը եւ այլն: Արտակ Սահրադյանին թերեւս քաղաքական ապաստան չեն տա նաեւ այլ ուժերի ներկայացուցիչները։ «Ազգային Միաբանության», ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները նոր ԿԸՀ-ում մնալու են անփոփոխ: Իսկ «Արդարություն» խմբակցությունն առավել եւս չի օգտվի Սահրադյանի «փորձառությունից», եւ արդեն իսկ ԿԸՀ անդամ է նշանակել հին ԿԸՀ-ում «Արդարության» լիազոր ներկայացուցիչ, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանին։ Հույսը ՄԱԿ-ի վրա է, որի ներկայացուցչի (ըստ Գուրգեն Արսենյանի՝ նա փորձառու իրավաբան է) անունը դեռ գաղտնի է պահվում՝ մինչեւ հուլիսի 10-ը, ժամը 12-ը, երբ նոր ԿԸՀ-ն կգումարի իր առաջին նիստը: Ա. Ի.