TV-ՆԵՐԸ ՎՆԱՍԱԲԵ՞Ր ԵՆ Հուլիսի 14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կքննարկի 5 կապուղիներով հեռուստահաղորդումներ հեռարձակելու մրցույթին ներկայացված հայտերը: Եվ ըստ ամենայնի՝ դարձյալ «Ա1+»-ին ու «Նոյյան տապանին» վերաբերող բոլոր փաստաթղթերը կքննարկվեն «մանրադիտակի» ներքո, կողմնակալ կասկածամտությամբ, իսկ մյուս՝ իշխանավորների կոշտուկները երբեւէ չտրորած հեռուստաընկերությունների խոստումները կընդունվեն իբրեւ անհերքելի եւ անվիճարկելի իրողություններ: Վերջիններս հաստա՛տ բազմամիլիոն ներդրումների մասին հավաստիացումներ կտան, կհիշատակեն զանազան արտասահմանյան ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մենք դրանք անպայման հանգամանալից կներկայացնենք մեր ընթերցողներին: Իսկ մինչ այդ՝ մեջբերենք Հարկային պետական ծառայության հրապարակած ցուցակից, որում տեղ են գտել նաեւ այս մրցույթի որոշ մասնակիցներ: Եվ այսպես՝ 2002-ին «Արմենակոբ» հեռուստաընկերությունը հայտարարագրել է 15 մլն դրամից ավելի վնաս: Շահույթով չի աշխատել նաեւ մրցույթի մեկ այլ մասնակից՝ «Երեւան» հեռուստաընկերությունը, որի վնասները եւս կազմել են 15 մլն դրամից ավելի: Այս մրցույթին առանց մրցակցի մասնակցող «Դար 21» հեռուստաընկերությունը, որն ընդամենը վերահեռարձակում է ռուսական «Մուզ TV»-ի հաղորդումները՝ սեփական գովազդային, ի դեպ՝ բավական հարուստ բլոկով՝ էլի շահույթներ չի ստացել եւ դեռ շուրջ 2 միլիոն դրամի չափով էլ վնասվել է: Ի դեպ, 1 միլիոն դրամից ավելի վնասներ է կրել նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որի ներդրումային եւ այլ ծրագրերն անցած տարի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ավելի լավը համարեց, քան «Նոյյան տապանինը»: Նշենք, որ վնաս հայտարարագրած հարկատուների այս ցանկում է նաեւ «Առավոտը», ինչպես նաեւ «Գոլոսը» եւ այլ լրատվամիջոցներ: Թերթերի խնդիրները հայտնի են՝ սպառման փոքր քանակ, մեծ ծախսեր… Բայց որ անհամեմատ ավելի մեծ լսարան ու գովազդային ավելի մեծ շուկա ընդգրկող հեռուստաընկերություններն էլ են վնասաբեր բիզնես՝ սա արդեն հայտնություն է: Ա. Ի.