Նախընտրական սադրանքներ Վերջին օրերին ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծին գրանցվող զինված բախումներն աստիճանաբար տագնապալի բնույթ են ձեռք բերում։ Ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ ձեռնարկվող ոտնձգություններն այնքան հաճախակի են դարձել, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել հանդես գալ ադրբեջանական կողմին ուղղված հայտարարությամբ։ Ըստ այդմ, ինչպես «Արմինֆոյի», այնպես էլ «Մեդիամաքսի» խողովակներով ստացված տեղեկատվությամբ, կոչ է արվել «խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռազմական լարվածությունը ԼՂ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում»։ Հակասական տեղեկություններ են ստացվում կողմերի կորուստների մասին։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե հուլիսի 5-ի դրությամբ զոհվել են հինգ հայ եւ երկու ադրբեջանցի զինվոր։ Ըստ այլ աղբյուրների, ադրբեջանցի սպանվածների թիվը հասնում է չորսի։ Միեւնույն ժամանակ, ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի առաջխաղացման «փորձերի կանխման» արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել։ Նշենք նաեւ, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը դեռեւս հուլիսի 1-ին նախազգուշացրել էր, որ ադրբեջանական պահակակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծեր տեղափոխելու ցանկացած փորձ «խստորեն կանխվելու է»։ Ինչեւէ, իրողությունն այն է, որ հրադադարը վտանգված է եւ ցանկացած պահի կարելի է սպասել լարվածության կտրուկ աճ։ Ի՞նչ է տեղի ունենում… Որոշ դիտորդներ հակված են հրադադարի ռեժիմի խախտման փորձերը պայմանավորել Ադրբեջանի ներքաղաքական անկայունությամբ։ Նախագահական ընտրություններին նախորդող այս շրջանն արդեն հասցրել է նշանավորվել պաշտոնական Բաքվին ոչ լավագույն կողմերով բնորոշող իրադարձություններով։ Այստեղ ԿԸՀ-ն մեկը մյուսի ետեւից բավական անհամոզիչ փաստարկներով մերժում է ընդդիմադիր թեկնածուների գրանցումը։ Հանրապետությունում չեն դադարում քաղաքական մեծ հնչեղություն ձեռք բերած դատավարությունները։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել նաեւ հասարակական-քաղաքական որոշակի շերտերից հնչող՝ իշխանություններին ուղղված «Ղարաբաղը ծախելու» մեղադրանքները։ Միանգամայն տրամաբանական է թվում, որ հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելով, Ալիեւի ռեժիմը մի հարվածով մի քանի նապաստակ է խփում. նախ, շեղում է հասարակության ուշադրությունը ներքաղաքական գործընթացներից, ապա՝ հագուրդ է տալիս ազգայնական-հայրենասիրական էլեկտորատի կրքերին։ Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են յուրովի մեկնաբանել փաստերը։ «Թուրանի» հաղորդմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը կատարվածը որակել է իբրեւ «Հայաստանի ռազմամոլական ձգտումների» եւս մեկ վկայություն։ Ազիմովը չի զլացել պատասխանատվության որոշակի պաշար նախատեսել նաեւ կարգավորման առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպությունների համար։ «Մինսկի խումբը պատասխանատու է իրավիճակի համար եւ պետք է հսկողություն ապահովի»։ Ինչեւէ, այս ամենը գալիս է վկայելու, որ իշխանության համար մղվող պայքարն Ադրբեջանում թեւակոխում է առավել վտանգավոր փուլ, ինչի հետեւանքով չի բացառվում, որ սահմանային սադրանքները, ինչ-որ մի պահից սկսած, այլեւս անվերահսկելի դառնան։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ