Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր ՉԵՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Հուլիս 09,2003 00:00

ՍԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻ՞Ր ՉԵՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԴ-ն մերժեց «Արդարության» դիմումը՝ ճանապարհ բացելով, որ դաշինքը դիմի Ստրասբուրգի դատարան: Հիշեցնենք, որ մինչեւ դիմումի քննությունն էին դեռ դաշինքի ներկայացուցիչները հայտարարում, թե վստահ են, որ ՍԴ-ն մերժելու է հայցը, սակայն գնում են այդ քայլին, որ հնարավորություն ստանան դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՍԴ-ի որոշման կետերից մեկն այս է. «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003-ի մայիսի 25-ի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող պատգամավորության թեկնածուների մտահոգությունները արդարացված են՝ ընտրական համակարգի թերությունների, գործընթացի նկատմամբ վստահության պակասի, վերահսկող ինստիտուտների արդյունավետ աշխատանքի համար դեռեւս ոչ բավարար նախադրյալների ապահովման, ընտրակեղծիքներ թույլ տված անձանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի, ֆինանսական միջոցների ներգրավման ոչ բավարար թափանցիկության եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ»: ՍԴ-ն որոշման նկարագրական հատվածում ամրագրեց, որ ընտրություններն, իրոք, ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով՝ մեկ առ մեկ նշելով դրանց տեսակները եւ կրկին՝ ինչպես եւ նախագահի ընտրությանն առնչվող իր որոշումներում, առաջարկեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ: Ըստ ՍԴ-ի, պետք է ավելի թափանցիկ լինեն այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նախընտրական հիմնադրամներին։ Դատարանը ընդունեց, որ պետք է վերանայել ընտրական հանձնաժողովների կազմավորման գործընթացը, քանի որ դրանք խթան են հանդիսացել որոշ ընտրախախտումների իրականացման համար։ Որոշման մեջ նշվեց նաեւ, որ առկա են եղել լուսաբանման թերություններ։ Այս ամենով հանդերձ՝ ՍԴ-ն վճռեց, թե ընտրական վեճի շրջանակներում «Արդարության» ներկայացրած «ապացուցողական նշանակության փաստարկները բավարար հիմք չեն հանդիսանում մայիսի 25-ի ընտրություններն անվավեր ճանաչելու համար»: Վերջին հաստատումը առիթ է՝ անդրադառնալու նախագահի ընտրության արդյունքները վիճարկելու գործով ՍԴ ապրիլի 16-ի որոշմանը, որի դրույթներն անտեսվեցին ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության կողմից: Նախ՝ ընդդիմության մասին: Որքան էլ տեղին լինեն դիտարկումները, թե անկախ դիմումի հիմնավորվածությունից՝ ՍԴ անդամների համարձակությունը եւ քաղաքական առկա պատվերը թույլ չէին տալու անվավեր հայտարարել ընտրությունները՝ «Արդարություն» դաշինքն էլ պիտի հաշվի առներ այն բացերը, որ նախորդ անգամ մատնանշել էր այս բարձրագույն ատյանը, այսպես ասած՝ «կպնելու տեղ չթողնելով»: Ապրիլի 16-ի որոշման մեջ ՍԴ-ն հստակ նշել էր. «Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ դատական պաշտպանության հնարավորությունները տվյալ գործի շրջանակներում չեն կարեւորվել, չկա նման բողոքարկման որեւէ փաստ»: Արձանագրվել էր, թե դիմումին կից ներկայացված փաստաթղթերում եւ գործի քննության ընթացքում նշվել են միայն տարաբնույթ ահազանգերը, հայտարարությունները, արձանագրությունները եւ բազմապիսի գրառումները, «որոնց ապացուցողական հիմքերը բացակայում են»: Սակայն ԱԺ ընտրությունների պարագայում էլ «Արդարությունը» ներկայացրեց ճիշտ նույնպիսի դիմում՝ դարձյալ գրեթե չօգտագործելով դատարաններ բողոքարկելու հնարավորությունը: Նշենք նաեւ՝ որեւէ տարակույս չունենք, թե դիմելու դեպքում ինչ արդյունք էին ունենալու այդ բողոքարկումները, եւ ՍԴ-ն էլ է իր այդ նախորդ որոշման մեջ արձանագրել, թե դատարանների կողմից կատարված քննության նյութերի եւ կայացրած որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ «ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերին խիստ ձեւական մոտեցում է ցուցաբերվել»: Սակայն եթե «Արդարությունը» միայն այս հարցում է ՍԴ-ի նախազգուշացումներն անտեսել՝ իշխանությունը ընդհանրապես է բոյկոտել վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկ պարունակող ապրիլի 16-ի որոշման կատարումը: ՍԴ-ն դեռ նախագահի ընտրության կապակցությամբ էր արձանագրել, թե «ընտրական հանձնաժողովների տեսադաշտից դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը… Անհրաժեշտ հետեւողականությամբ չի պահպանվել նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 11 հոդվածի պահանջների կատարումը»: Գրեթե նույն արձանագրումը կրկնվեց եւ ԱԺ ընտրությունների առնչությամբ, քանզի ընտրահանձնաժողովների փոխարեն՝ քարոզարշավի վերահսկումն էլի իրականացրին հասարակական կազմակերպություններն ու դիտորդները: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 64 հոդվածի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար Հայաստանի Հանրապետության տարածքում»: Հիշեցնենք ՍԴ ապրիլի 16-ի որոշման այն կետը, ըստ որի Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ որոշումները «թե՛ ըստ ձեւի, եւ թե՛ ըստ բովանդակության պետք է դառնան ՀՀ դատարանների նախագահների խորհրդի եւ ՀՀ արդարադատության խորհրդի քննարկման առարկա»: Միայն դատարանների նախագահների խորհուրդը կատարեց ՍԴ որոշումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած արդարադատության խորհրդի անդամները մի վերամբարձ հայտարարություն տարածեցին, թե ՍԴ-ն չունի իրենց հանձնարարականներ տալու իրավասություն: Նույնը արեց նաեւ դատախազությունը՝ ընտրակեղծիքներ ու խախտումներ կատարած անձանց բացահայտելու եւ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու հանձնարարականի առնչությամբ: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 70-րդ հոդվածի՝ «Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն»: Ինչպես ընտրախախտումների համար որեւէ մեկը չպատժվեց, այնպես էլ Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու համար որեւէ մարմին չենթարկվեց պատասխանատվության: Նաեւ այսպես է ոտնահարվում դատական անգամ ամենաբարձր ատյանի հեղինակությունը: Իսկ ՍԴ-ն էլ թույլ է տալիս իր հետ այդպես վարվել եւ անգամ նման բացահայտ արհամարհանքից հետո՝ շարունակում է քողարկել ու օրինականացնել ընտրակեղծարարների իշխանության մեղքերը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել