Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆ ԱՍՈՒՄ ՈՎ-ՈՎՔԵՐ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ»

Հուլիս 09,2003 00:00

«ՉԵՆ ԱՍՈՒՄ ՈՎ-ՈՎՔԵՐ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ» Գալուստ Սահակյանն իշխանությունը սահմանազատում է կրիմինալ տարրերից Վերջին ամսվա ընթացքում հանրապետությունում առավել զգալի է կրիմինալի ակտիվացումը։ Միայն հունիս ամսվա ընթացքում Երեւան քաղաքում հինգ սպանություն է տեղի ունեցել։ Ըստ իշխանական թեւի ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ վիճակը շտկելու համար հարկավոր են համակարգային փոփոխություններ։ Մեր հարցին՝ ինչո՞վ է բացատրում սպանությունների աճը, պրն Սահակյանը խիստ խոհափիլիսոփայական պատասխան տվեց. «Պարզապես մթնոլորտն այնպիսին է, որ նման երեւույթները կատարվում են եւ, մանավանդ, փոքր երկրներում սուր ազդեցություն են ունենում հասարակության վրա։ Կարծում եմ իշխանությունները բավականին լուրջ խնդիր ունեն։ Մեկ ամսվա մեջ այսքան սպանությունները արդեն պետության անվտանգության հարց են դառնում, լարվածություն է ստեղծվում, ազդում են կայուն իրավիճակի վրա։ Գտնում եմ, որ այդ ոլորտում համակարգային բարեփոխումների պրոցեսները ավելի պիտի արագացնել։ Խնդիրը վերաբերում է ընդհանրապես իրավական համակարգին։ Իսկ կոնկրետ՝ այդ ամենը հետեւանք է նրա, որ մենք դեռեւս չենք կարողանում ժամանակին արձագանքել նման իրողություններին։ Սա վերաբերում է ե՛ւ բացահայտմանը, ե՛ւ դատարանին, ե՛ւ դատախազությանը, այս ոլորտները իրոք խնդիր ունեն։ Բազմիցս ենք ասել, որ կառավարման բարեփոխումների անհրաժեշտություն կա, համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Դրա հույսերից մեկը Սահմանադրությունն էր։ Ժողովուրդը չընդունեց Սահմանադրությունը, թեպետ, որպես դրական, պետք է ասեմ, որ ժողովրդի մեծ մասը կողմ էր բարեփոխումների անհրաժեշտությանը։ Եվ այսօր խնդիր է առաջանում գործող Սահմանադրության պայմաններում օրենսդրական ձեւակերպումների միջոցով որոշակիորեն բարելավել ընդհանրապես ոլորտի տրամաբանությունը»։ Հետաքրքիր է, որ կրիմինալի գլուխ բարձրացնելը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը բացատրում է բարեփոխումների պակասով, օրենսդրության եւ այլ ավելի «վեհ» խնդիրներով։ Որպես քրեական տարրերի ակտիվացում վերջերս նշվում է մեկ այլ հանգամանք եւս՝ ընտրությունների ընթացքում (նախագահական եւ խորհրդարանական) իշխանությունները հենվեցին նույն այդ տարրերի վրա եւ այսօր վայելում են իրենց իսկ սխալի պտուղները։ Գալուստ Սահակյանը մեր այս դիտարկմանը համաձայն չէ. «Չեմ ընդունում այդ կարծիքը, բազմիցս այդ մասին խոսվում է, անուններ չի տրվում, չի ասվում, թե ո՞ր կրիմինալ տարրերի վրա են հենված եղել իշխանությունները։ Հասարակության մեջ պրոցեսներն ավելի խորքային են, քան դա կարող են ընտրությունները լինել։ Այդ ամենի պատճառը կարող են լինել Հայաստանի ե՛ւ քաղաքական իրավիճակը, ե՛ւ սոցիալական վիճակը, ե՛ւ այն բնութագրումները, որ տարիների ընթացքում մշտապես տրվել են։ Միայն մեկ պատճառով իրողությունը բացատրելը ճիշտ չի։ Իսկ ինչ վերաբերում է կրիմինալ տարրերի վրա հենվելուն, թող որեւէ մեկն ասի, որ այս կրիմինալի վրա հենվել են իշխանությունները կամ ընդդիմությունը եւ հաջողության են հասել։ Սրանք պարզապես խոսքեր են, որոնք շռայլորեն տարածվում են հասարակության մեջ։ Պատճառները ոչ թե կրիմինալ տարրերի մեջ պիտի փնտրել, այլ հենց մեր մեջ պիտի փնտրել»։ Դե մենք էլ դա ենք ասում, պրն Սահակյանը չի՞ կարծում, արդյոք, որ կոնկրետ անուններ չտալու պատճառներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված, կրիմինալը եւ իշխանոությունն այնքան են սերտաճել, որ երբեմն դժվար է լինում հասկանալ՝ որտե՞ղ է ավարտվում կրիմինալը եւ որտե՞ղ է սկսվում իշխանությունը։ Գալուստ Սահակյանը չի ընդունում մեր այս կարծիքը եւս. «Չեմ ընդունում այդ կարծիքը, որովհետեւ եթե բան կա ասելու, պիտի պարզ ասել հասարակությանը, այդպես խճճված չի կարելի ասել»։ Իսկ ո՞վ է լինելու ասողը. «քաղաքական ուժերը, լրագրողները, սակայն նրանք այդ նույն խնդիրը տարիների ընթացքում տանում են, բայց գաղափար չի դառնում, որովհետեւ չեն ասում՝ ով-ովքեր, եւ ոչ էլ կարող են ասել»։ Թեպետ պրն Սահակյանը մեզ հետ ոչ մի հարցում համաձայն չեղավ, մի հարցում մենք նրա հետ համամիտ ենք՝ չբացահայտված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն։ Սակայն կարծես թե «բացահայտումն» էլ խիստ հեղհեղուկ հասկացողություն է՝ ի՞նչ է նշանակում «կատարողները բացահայտված են», երբ պատվիրատուները շարունակում են չբացահայտված մնալ։ Սրա բացատրությունը եւս պրն Սահակյանը սիրահոժար մեզ տրամադրեց. «Դա գալիս է հասարակության կասկածամտությունից, որն անընդհատ մտածում է՝ էս խումբը բացահայտվեց, դրանց ետեւում մարդիկ կան եւ այսպես մի շղթայի մեջ է ամեն ինչը տեսնում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Մեծագույն հաճույքով, հատուկ պրն Սահակյանի համար նշենք, որ անցած նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը հենվում էր Կոմբիկերի Վլադի, Թոխմախի Մհերի, Կարամելի Հարութի, Ալրաղացի Լյովի եւ նրա «համհարզ» Հովոյի, Բուռնաշի եւ շատ-շատ այլ հայտնի «պերսոնաժների» բուռն գործունեության վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել