Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Հուլիս 08,2003 00:00

ՉԵՄՊԻՈՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական՝ 10-րդ տուրի հանդիպումներից հետո Երեւանի «Փյունիկը» եւս 2172ով ավելացրեց միավորների տարբերությունը իրեն հետապնդող թիմերից։ Հանրապետության չեմպիոնը խոշոր 6։1 հաշվով մրցակցի հարկի տակ առավելության հասավ Արարատի «Արաքսի» նկատմամբ։ Տանտերերը միայն առաջին խաղակեսում կարողացան դիմադրել առաջատարին։ Լեւոն Փաչաջյանի խփած գոլին դիպուկ հարվածով պատասխանեց Գոռ Աթաբեկյանը։ Բայց երկրորդ կեսում երեւանցիները մեկը մյուսի հետեւից խփեցին եւս 5 գնդակ եւ վաստակեցին հասանելիք երեք միավորը։ Գոլերի հեղինակ դարձան Միգել Անգել Սիստեռնան, Խուան Պաբլո Պեռալտան, Ժորա Հովհաննիսյանը եվ երկու անգամ Էդգար Մանուչարյանը։ Ի տարբերություն վերը նշված հանդիպման, անզիջում պայքարում անցավ «Կոտայք» – «Միկա» հանդիպումը։ Երկու թիմերն էլ այս խաղում արժանի էին հաղթանակի։ Ամբողջ խաղի ընթացքում մրցակիցները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին դարպասների մոտ։ Արդեն 7-րդ րոպեին Արշակ Ամիրյանի փոխանցումը փոքր իրարանցում առաջացրեց «Միկայի» տուգանային հրապարակում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց հյուրերի համար։ Երեք րոպե անց հաջողության կարող էր հասնել արդեն «Միկան»։ Դավիթ Գրիգորյանը ձախ թեւից գնդակը փոխանցեց «Կոտայքի» տուգանային հրապարակ եւ Արտյոմ Ադամյանի գլխով հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր սլացավ դարպասի վրայով։ 11-րդ րոպեին «Կոտայքի» գրոհը պատրաստվում էր եզրափակել Տիգրան Դավթյանը, բայց վերջին պահին հուսալի խաղաց «Միկայի» պաշտպան Անատոլի Յակուշեւը։ Մի խոսքով, առաջին խաղակեսում թիմերը, հետ չմնալով մեկը մյուսից, գրոհում էին, ստեղծագործում, բայց դարպասը գրավել չհաջողվեց կողմերից ոչ մեկին։ Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին «Կոտայքի» ֆուտբոլիստները։ Միայն Արշակ Ամիրյանը երկու անգամ, եւ երկու դեպքում էլ տուգանային հարվածների խաղարկումից հետո, շատ մոտ էր արդյունքի հասնելուն, բայց երկու դեպքում էլ գնդակի ճանապարհը փակեց «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը։ Իսկ ահա «Միկան» պաշտպանվելով դիմում էր կտրուկ հակագրոհների, որոնցից մեկի ժամանակ, 63-րդ րոպեին, հյուրերը շատ գրագետ օգտագործեցին թվային առավելությունը՝ երեքն ընդդեմ երկուսի։ Արտյոմ Ադամյանը անարգել մոտենալով «Կոտայքի» տուգանային հրապարակին, հեռվից հարվածեց, եւ գնդակը դիպչելով պաշտպան Ալբերտ Աֆյանին, շեղեց ուղղությունը ու հայտնվեց «Կոտայքի» դարպասում։ Տանտերերը նետվեցին առաջ, կորցրածը հետ բերելու միտումով, բայց 13 րոպե անց «Միկան» կարողացավ զարգացնել հաջողությունը։ Կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը շեշտակի հարվածով իրացնելով տուգանայինը, դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հաղթեց «Միկան» 2։0 հաշվով, ռեւանշի հասնելով առաջին շրջանում կրած պարտության դիմաց։ Խաղավերջում «Կոտայքի» ֆուտբոլիստները միայն աչքի ընկան նրանով, որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Գեւորգ Միրիջանյանը։ Մարտական 1։1 հաշիվ գրանցվեց «Դինամո-2000» – « Լեռնագործ» խաղում։ Դինամոյական Ալբերտ Ներսիսյանի խփած գնդակին հյուրերը պատասխանեցին Կարեն Մանուկյանի դիպուկ հարվածով։ Մրցաշարային աղյուսակ Փյունիկ 10 7 3 0 30-4 24 Բանանց 10 6 2 2 17-7 20 Շիրակ 10 6 1 3 15-9 19 Միկա 10 5 0 5 14-14 15 Կոտայք 8 4 2 2 10-9 14 Լեռնագործ 9 2 2 5 9-14 8 Դինամո 9 2 1 6 8-14 7 Արաքս 10 0 1 9 2-34 1 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել