«Երիտասարդական» ուտեստներ Սենդվիչ, համբուրգեր, հոթդոգ Ի տարբերություն «Այրարատ» տոնավաճառի շրջակայքի, որտեղ եռում է առեւտուրը եւ Ղարսի խորովածի բիզնեսը, Երեւանի մի այլ մասում՝ «Երիտասարդական» մետրոյից դեպի «Շրջանային», դեպի օպերա, դեպի կ/թ «Մոսկվա», դեպի ԵՊՀ ճառագայթում ծաղկում է արագ սննդի մի այլ բիզնես: Այստեղ նախընտրում են սենդվիչները, բուտերբրոդներն ու համբուրգերները: Դա իր բացատրությունն ունի. քաղաքի այս հատվածն ինչ-որ առումով ուսանողական է, երիտասարդական, իսկ երիտասարդների ուսանող մասն ամեն ինչի արեւմտյանն է նախընտրում: Քանի դեռ ամառ է, եւ ամեն քայլափոխի գործում են բացօթյա սրճարանները, որտեղ, բացի ամեն ինչից, վաճառվում են նաեւ հիշյալ սենդվիչ-համբուրգեր-հոթդոգերը, ուսանողները մտածելու բան չունեն: Ցրտերի հետ մեկտեղ, բուն համբուրգերանոցների բիզնեսը լավանում է: ԵՊՀ ուսանողների շրջանում լավ համբավ ունի Ռադիոտան հարեւանությամբ գտնվող «Համեղ պատառ» կրպակը, որտեղ պատրաստում եւ վաճառում են տարբեր միջուկներով բրդուճներ՝ 150-300 դրամի սահմաններում: Օրինակ, տապակած կարտոֆիլով, լավ կարմրացրած քյաբաբով, պոմիդոր-վարունգով, կաղամբի սալաթով, կետչուպ-մայոնեզով լցոնված լավաշն արժե 250 դրամ: Նույն գինն ունի նաեւ խոզի ֆիլեով, պանրով, սալաթով, կետչուպ-մայոնեզով լցոնված բուլկին: Բնականաբար, այստեղ նախընտրում են սնվել նաեւ Ռադիոտան աշխատակիցները, եւ Շանթի դպրոցի սաները: Իսահակյան փողոցով դեպի «Երիտասարդական» մետրո ճանապարհին գործում է «Ուսանողական լանչ» անունը կրող փոքրիկ սրճարանը: Այստեղ նույնպես գները մատչելի են, տեսականին գրեթե նույնը՝ հոթդոգ, համբուրգեր: Սակայն քանի որ այս «օբյեկտում» նաեւ նստելու հնարավորություն կա, վաճառվում են ապուրներ՝ սպաս, մածնաբրդոշ եւ այլն: Պուշկինի դպրոցի հարեւանությամբ գործում է «Սամ» սրճարանը: Տարիներ առաջ այստեղից մի քանի քայլ հեռավորությամբ բացվել էր քաղաքի առաջին «ֆաստ-ֆուդի» կետերից մեկը՝ «Սմակը», որը մեծ հաջողություն ուներ տեսականու, որակի եւ մատչելի գների պատճառով: Դրան փոխարինած (տեղի առումով) «Սամը» այլ սկզբունքներ է որդեգրել: Թեեւ վաճառքում գրեթե նույն բաներն են՝ խոզի ֆիլեով, ապխտած լեզվով, սալյամիով, ապխտած կրծքամսով, կոտլետով սենդվիչներ, եւ գներն էլ կարծես պահպանվել են՝ 350-420 դրամի սահմաններում, սակայն հիմա սենդվիչի միջի թարմ պոմիդոր-վարունգն առանձին գին ունի՝ 100 դրամ, եւ, ասենք, 450 դրամանոց սենդվիչը արժենում է 550 դրամ: Եվ այդ մասին հաճախորդն իմանում է միայն ուտելուց հետո: Փոխարենն այստեղ նորամուծություն կա՝ «թարմ մսով տոլմա», որի մի բաժինն արժե 600 դրամ: Մսի թարմության ու տոլմայի համային որակների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նյութի թեման արագ պատրաստվող ուտեստներն են: Ապխտած լեզվով սենդվիչը շատ համով կարող էր լինել, եթե բախտս բերեր եւ այն համտեսեի ոչ թե կիրակի երեկոյան, երբ հացը թարմ չէր, այլ մի ուրիշ օր, ուրիշ ժամի: Ի դեպ, արագության մասին: Ճիշտ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, Աբովյան փողոցում տեղադրված «Դոկա պիցա» սրճարանը մատուցում է արագ սննդի ծառայություն եւս: Պատուհանիկի մոտ նստած երիտասարդը ընդունում է ձեր պատվերը, զանգահարում է ներս՝ սրճարան, եւ մի քանի րոպեից ձեր պատվերը կատարվում է: Իհարկե, որեւէ այլ վայրում էլ համբուրգեր կամ սենդվիչ պատվիրելուց հետո մի քանի րոպե անցնում է, մինչեւ պատրաստում են, սակայն սպասումն ավելի կարճ է թվում, երբ տեսնում ես, թե ինչին ես սպասում: Այնպես որ, կիսահեռակա պատվերով «Դոկա»-ի տերերը, հավանաբար, հաճախորդ են կորցնում: Քչերի համբերությունը կբավարարի կանգնել փողոցում եւ սպասել սենդվիչին: «Երիտասարդական» մետրոյից դեպի Տերյան փողոց ճանապարհին սնվելու մի քանի հնարավորություն կա: Ընդ որում, մեր նկատած երեք տարբերակներն էլ անվավոր տնակներ էին: Նրանցից երկուսը իրար խիստ նման էին, եւ այնտեղ վաճառվում էին լահմաջո, բրդուճներ քյաբաբով, նրբերշիկով, սարդելկայով, խորովածով, նաեւ՝ տժվժիկ, հավի տապակած բուդ եւ այլն: Խիստ արեւելյան տեսականի: Իսկ ահա մյուս անվավոր տնակը, որի վրա գրված է «Օազիս», լրիվ այլ տեսականի էր առաջարկում: Ժամանակին այս տնակներից տեղադրված էին նաեւ օպերայի հարեւանությամբ, նաեւ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյանի արձանի դիմացի մայթին: Ու չնայած ոչ այնքան էժան գներին, լավ սպառում ունեն: Այստեղ վաճառվում են բավականին համեղ համբուրգեր, չիզբուրգեր, պրինսբուրգեր (նույն համբուրգերն է, բայց թարմ լոլիկ-վարունգով եւ ոչ թե թթու վարունգով): Պատրաստում են նաեւ հոթդոգ, բուրիտո (սա մեքսիկական ուտեստ է՝ լավաշի մեջ փաթաթված շատ կծու մսի լցոն), հավի ճուտ եւ այլն: Այս տիպիկ արեւմտյան սննդի տնակում վերջին ժամանակներս թարմություն է մտել՝ հիմա այստեղ պատրաստում են նաեւ քյաբաբ, խորոված, շաուրմա: Շուկան իր օրենքներն ունի: Այնուամենայիվ, համեղ եւ որակյալ սնունդը չի կարող շատ էժան լինել: Եվ թերեւս բնական է, որ այստեղի հոթդոգը, ի տարբերություն մյուս տնակների, 260 դրամ արժե եւ ոչ թե՝ 150: Թեեւ, օրինակ, իմ ընկերուհուն այստեղի հոթդոգն ամենեւին դուր չեկավ, քանի որ մանանեխը սպեցիֆիկ համ ուներ: Իսկ այ, 150 դրամանոցը կերավ հաճույքով: Ճաշակին ընկեր չկա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ