Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսենք սեփական գրպանից

Հուլիս 08,2003 00:00

Սկսենք սեփական գրպանից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հովանավորությամբ հայկական Մարդկային զարգացման միջազգային, ադրբեջանական «Արեաթ» կենտրոնները եւ Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը համատեղ լույս են ընծայել «Կորսված ներուժը Հարավային Կովկասում. միջպետական առեւտրի տեսանկյուն» գրքույկը։ Այն երեկ անգլերեն տարբերակով ներկայացվեց լրագրողներին, սակայն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) ներկայացուցիչները խոստացան հատուկ տեղացի գործարարների համար այն ՄԶՄԿ-ի ինտերնետային էջում տեղադրել ռուսերեն տարբերակով։ Չնայած կենտրոնի ղեկավար Արմեն Դարբինյանը համոզված է, որ մեր գործարարները «հազիվ հայերեն են խոսում, այն էլ բարբառային»։ Այնուամենայնիվ, մարդիկ չեն զլացել եւ հետազոտական վերլուծություն են կատարել հարավկովկասյան հանրապետություններում վերջին տասնյամյակի ընթացքում իրականացվող տնտեսական վերափոխումների գործընթացի ձեռքբերումների, խոչընդոտների, հեռանկարների ու չիրացված հնարավորությունների վերաբերյալ։ Աշխատության հեղինակները պնդում են, որ յուրաքանչյուր ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարները կարող են հաշվարկել սեփական բիզնեսի կորուստները՝ եթե երեք հանրապետությունների միջեւ միջպետական առեւտուրը զարգանա գրքում ենթադրվող տարբերակով։ Այդպիսով, հասարակական պահանջ ձեւավորելով, հեղինակները հույս ունեն հանգել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման ճանապարհի։ Ի պատասխան «Առավոտի»՝ «Վարչապետ եղած ժամանակ Դուք առավել հնարավորություններ ունեիք գաղափարն իրագործելու» դիտարկմանը, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում բանակցել է վրացի իր գործընկերոջ եւ Համաշխարհային բանկի նախագահի հետ։ Ավելին, վերջինս, ի դեմս իր կառույցի, պատրաստակամ է եղել լրջորեն ֆինանսավորել, եթե գոնե երկու պետությունների կառավարությունները ծրագրեր ներկայացնեն։ Սակայն, ի տարբերություն մեր երկրի (ըստ Ա. Դարբինյանի, 4-5 ծրագիր են ներկայացրել), հարեւանները նախանձախնդիր չեն եղել։ Ա. Դարբինյանի ենթադրությամբ, Վրաստանը մտահոգված է եղել Բաքու-Ջեյհան ծրագրում իր մասնակցությամբ եւ «հավանաբար մտահոգություն կար, որ այս ծրագրի հնարավոր իրագործման դեպքում խնդիրներ կլինեն»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ըստ Ա. Դարբինյանի՝ «քաղաքական նկատառումներից ելնելով ներքին վախ ունեին, որ իրենց մոտեցումը կարող է բերել ընդհանուր ռեյտինգի նվազման»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել