ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ Այդպես են կարծում ոստիկաններն ու դատավորները: Ըստ նրանց, վարորդներին պատժելու հին կարգն ավելի արդյունավետ էր: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը 2003թ. հունվարի 10-ից մինչեւ մայիսի 8-ը՝ 172 որոշում է կայացրել հայցադիմումները եւ դրանց կից փաստաթղթերը վերադարձնելու մասին: Նշված 172 հայցադիմումներից 164-ը դատարանը վերադարձրել է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության բաժին: Պետավտոտեսչությունը (ՊԱՏ) դիմել էր Շենգավիթի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով առանձին քաղաքացիներից գանձել վարչական տույժի գումարները: Նշանակված տույժերի գումարները տատանվում են 1000-8000 դրամի սահմանում: Ընդ որում, 1000-ական դրամ գանձելու համար Պետավտոտեսչությունը պետությանը պետտուրք է մուծում …1500-ական դրամ: Սակայն միաժամանակ ներկայացված մի քանի տասնյակ հայցերը դատարանը, վճարելով 120-ական դրամ` վերադարձնում է Պետավտոտեսչությանը: Ահա հայցադիմումը վերադարձնելու որոշումներից մեկը. «Հայցադիմումում ներկայացված է տեղեկանք, որ պատասխանող Է. Առաքելյանը բնակվում է ք. Երեւան, Կորեական 47 հասցեում, որը Շենգավիթ համայնքի վարչական տարածքի մեջ չի գտնվում»: Այսինքն, հայացադիմումն ընդդատյա չի տվյալ դատարանին: Հավանաբար դա է պատճառը, որ Շենգավիթ համայնքի դատարանի նախագահ Տարիել Մանուկյանն ասում է. «Դարձել ենք նոտարական գրասենյակ»: Ի վերջո, դատարանը հոգնել է անորոշ հասցեներով ծանուցումներ ուղարկելուց եւ մայիսի 8-ին Երեւանի ՆԳՆ ՊԱՏ բաժնի պետ Ա. Էվինյանին է ուղարկել հետեւյալ գրությունը. «Ուղարկվում են… որոշումները՝ հայցադիմումները վերադարձնելու մասին, Ձեզ ի տնօրինություն»: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Տարիել Մանուկյանի ասելով, դատարանում գործերի քանակն արհեստականորեն աճում է Պետավտոտեսչության հաշվին, քանի որ դրանք մեխանիկորեն գրվում-ուղարկվում են: «Նրանք պետտուրք չեն մուծում, անդորրագիրը չեն ներկայացնում»: (Հետագայում, սակայն, յուրաքանչյուր համայնքի դատարանի համար ՆԳՆ-ն տարեկան 2.5 մլն դրամ պետտուրք փոխանցեց-Ռ.Մ.): Դատարանի նախագահի ասելով, տուգանքները գանձելու այս նոր ձեւը չափազանց անարդյունավետ է: «Նախկինում, երբ ՊԱՏ-ը ակտ էր կազմում, տեխանդորրագիրը վերցնում էր իր մոտ, կանչում էր «ԳԱԻ», ասելով, կդնենք քննության, տուգանքը կմուծես՝ տեխտալոնդ կստանաս: Հիմա ոչ մի փաստաթուղթ քաղաքացուց չեն վերցնում: Քաղաքացին ինչ հասցե ասում է՝ նրանք գրում են իրենց մոտ եւ ակտավորում: Տուգանքը չի մուծում»: Պրն Մանուկյանի կարծիքով, ճիշտ կլիներ տուգանքի նախկին ձեւը վերականգնեին եւ վարորդից որեւէ փաստաթուղթ վերցնեին, որ նա տուգանքը վճարելու պարտավորություն ունենար: «Դատական կարգով դա տեւում է տարիներ, հետո քաղաքացին Հայաստանից է բացակայում, մահանում, բնակարանն է փոխում, քաշքշուկ է ստեղծվում եւ մեղքն էլ ընկնում է դատարանի վրա»,- դժգոհեց դատարանի նախագահը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանն անհավանական համարեց Շենգավիթ համայնքում մերժված գործերի այն քանակը, որը վերաբերում էր իրենց գերատեսչությանը: Ի՞նչով է բացատրվում այն, որ պետավտոտեսուչները փաստաթղթերը ճիշտ չլրացնելու պատճառով գերատեսչությանը գցում են նմանօրինակ վիճակի մեջ: Միայն Շենգավիթի համայնքում 164 հայցերի մերժումը բացատրվել է նրանով, որ ՊԱՏ-ը չի կարողացել ճիշտ լրացնել հասցեները եւ պետությանը, բնականաբար, զրկել է տույժերից ակնկալվող գումարներից: Դատարանի հայտնած՝ «ոչ ճիշտ լրացնել» պատճառաբանությունը Հ. Վարյանն այնքան էլ տեղին չհամարեց. «Ակտը լրացնելիս քաղաքացին սովորաբար ասում է այն հասցեն, որտեղ ավտոմեքենան գրանցել է: Վարորդները, միանշանակ, մեզ հասցեն սխալ են ասում: Վարորդական իրավունքի վկայականի վրա չի երեւում, թե նա որտեղ է գրանցված, կարող է իրավախախտը Նոյեմբերյանից լինի եւ ասի, թե Երեւանից է»,- պատճառաբանեց նա: Ինչպես է սակայն հարցը կարգավորվել նախկինում։ Վարորդներից վերցրել են վկայականները՝ փոխարենը ժամանակավոր կտրոն են տվել՝ տասնօրյա ընթացքում տուգանքը մուծելու համար: «Վարորդը շահագրգռված էր գալ ԳԱԻ՝ իր փաստաթղթերը վերցնելու համար»,- շարունակեց նա: Այսօր իրավունքների ոտնահարում է դիտվում վարորդից փաստաթուղթ վերցնելը: Նա էլ փորձում է խաբել պետությանը: Փոխոստիկանապետի հաշվարկներով՝ միայն մեկ համայնքում, իբրեւ տույժի հետեւանք, պետբյուջե պիտի մուծվեր 400-500 հազար դրամ, ինչը չի գանձվել: Որքանով մեզ հայտնի է, ՀՀ ոստիկանությունը (նախկին ՆԳ նախարարությունը) յուրաքանչյուր համայնքի դատարան է փոխանցել 2,5 մլն դրամ, իբրեւ պետտուրք: Օրինակա՞ն է արդյոք այդ մուծումը եւ ինչ գումարների հաշվին է արվել այն: Հովհ. Վարյանի դիտարկմամբ, գումարների մուտքը օրինական է: «Մենք պետբյուջեից ենք գումար ստացել եւ փոխանցել, մենք չենք ուզում, որ պետտուրքի անդորրագրի բացակայությունը առիթ դառնա գործը ետ ուղարկելու համար: Տարվա վերջում հաշվում ենք, եթե պակաս ենք դիմել՝ հետ ենք վերցնում ավելացած գումարը»: Սակայն տարօրինակ բան է ստացվում։ ՀՀ ոստիկանությունն ավելի շատ պետտուրք է մուծում, քան ակնկալում է հավաքագրել տույժի գումարներից։ Ինքներդ գնահատեք՝ ո՞վքեր են տուժում: «Տուժում ենք մենք: Դատարանը պահանջում է, որ պետտուրքի անդորրագրի հետ լինի բնակության վայրից տեղեկանք, ծանուցագրի վրայի դրոշմանիշը, վարչական արձանագրության պատճենը: Այդ բոլորի գումարները մենք ենք մուծում»,- մեր դիտարկումը հաստատելով՝ ասաց «տուժած» կառույցի պատասխանատուն: Հ. Վարյանը մեզ տեղեկացրեց, որ որոշ ուսումնասիրություններից հետո իրենք առաջարկներ են պատրաստվում անելու օրենքում փոփոխություններ մտցնելու համար։ «Օրենսդիրը փորձել էր կիրթ ձեւով հարցը լուծել, վարորդներն էլ այնքան ազնիվ չգտնվեցին, որ կամավոր իրագործեն օրենքի պահանջը»,- տրտնջաց փոխոստիկանապետը։ Սակայն եթե օրենսդիրը փորձի կրկին «կիրթ ձեւով» հարցը լուծել… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am