Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՎՆԱՍՈՎ

Հուլիս 08,2003 00:00

ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՎՆԱՍՈՎ Օրերս հրապարակվեց 1 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած 700-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների ցանկը։ Ցանկը հրապարակելիս կառավարությունը (Հարկային պետական ծառայությունը) օգտագործել է ոչ թե «վնասով աշխատած», այլ «վնաս հայտարարագրած» հարկատուներ տերմինը։ Ակնհայտորեն, սա պատահական չէ։ Եվ կարծում ենք, հարկահավաքներն էլ են կասկածանքով վերաբերում տնտեսվարողների ներկայացրած հաշվեկշիռներին, ինչպես եւ լավատեղյակ տնտեսագետներն ու պարզապես շարքային քաղաքացիները։ Այլ կերպ ասած, հարկահավաքներն էլ են հասկանում, որ շատ դեպքերում այն վնասը, որ տնտեսվարողը ցույց է տալիս հաշվապահական իր թղթերում «ավելորդ» հարկեր չվճարելու համար, իրականում «նկարված» է ճիշտ այնպես, ինչպես երբեմն պետական մարմիններն են անում տնտեսական որոշ ցուցանիշներ ներկայացնելիս։ Այլ հարց է, թե ինչու չեն բացահայտում իրական թվերը։ Դրա մի բացատրությունն այն է, որ խոշոր գործարարներն այլեւս հարկահավաքներին կանխավճարով չեն օգնի վերջիններիս նեղն ընկած ժամանակ։ Իսկ այս ցանկում խոշոր ու հաջողակի համբավ վայելած գործարարներ (ավելի ստույգ՝ նրանց պատկանող ընկերություններ) կան։ Օրինակ, «Հայխնայբանկը», որի սեփականատերը 1-2 տարի առաջ Միխայիլ Բաղդասարովը դարձավ։ Իսկ նրան պատկանող «Միկա ցեմենտը» խոշոր ապառք ունի պետությանը։ Ինքն, ի դեպ, մի անգամ չի հայտարարել, որ հաջողակ բիզնեսմեն է։ Այս կլասի հյուրանոցներից մեկն էլ «Արմենիա» հյուրանոցային համալիրն է, որ ընդգրկվել է այս ցանկում։ Վնաս չեն հայտարարագրել ոչ «Անի պլազա», ոչ «Արարատ» հյուրանոցը, որոնց «տարիքը», ծառայությունների գները, նախնական տեղեկություններով, գրեթե նույնն են։ Ռենկոյին պատկանող «Կոնգրես» եւ «Երեւան» հյուրանոցներն առանձին-առանձին վնաս չեն ցույց տվել իրենց հաշվեկշիռներում, փոխարենը Ռենկոյի մասնաճյուղն է առանց շահույթի աշխատանք հայտարարագրել։ Հարց է ծագում՝ միգուցե իրականում այդքան զբոսաշրջիկներ չե՞ն գալիս Հայաստան։ Թե չէ՝ ինչու պիտի վնասով աշխատեն մի շարք հյուրանոցներ, որոնց համարները գրեթե միշտ լիքն են, կոնֆերանս-սրահները հաճախակի վարձակալվում են։ Դժվար թե բոլորն էլ աչքի ընկնեն անարդյունավետ մենեջմենթով։ Առավել շատ բարեգործական ծրագրերով հանդես եկող Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ-սթոունն» էլ է այս ցանկում, որը նոր գործող ընկերություն է եւ կարող էր վնասով աշխատել։ Իսկ Հրանտ Վարդանյանի «Մասիս Տաբակը», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Գրանդ Սան» ընկերությունների վնասով աշխատելն առնվազն հարցի տեղիք է տալիս. եթե իր հիմնական ընկերությունները պատկառելի վնասով են աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս է գործարարին հաջողվում հանդես գալ լայնամասշտաբ բարեգործական ձեռնարկներով։ Ավելի կոնկրետացնելու համար նշենք, որ «Շահութահարկի մասին» օրենքը համախառն եկամտի նվազեցման տակ չի դիտարկում բարեգործությունն ու զանազան օգնությունները, որ կատարվել են ընկերության կողմից։ Այլ կերպ ասած, բարեգործությանը հատկացված միջոցները չեն, որ պակասեցնում են շահույթը։ Ավելի պարզ ասած, այդ օգնությունները օրինաչափորեն պետք է հատկացվեն շահույթից։ Հարց է ծագում. ընկերությունները շարունակ վնասով են աշխատում, բայց չեն փակվում։ Մինչդեռ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պետական ձեռնարկությունների դեպքում տեսակետ էր հայտնել, որ դրանք պետք է լուծարվեն։ Պետք է փորձի փոխանակում անել. կամ գործարարները պետությանը հուշեն վնասով աշխատելու, բայց շահելու եղանակները, կամ էլ հակառակը, պետությունը նրանց բացատրի, որ (իրական) վնասով աշխատելն իրականում կործանարար է։ Թուֆենկյանների «Դիզայն քոնսթրաքշնը» եւ «Հոսփիթալիթին» էլ են վնաս հայտարարագրել, չնայած Թուֆենկյանները նորանոր օբյեկտներ են բացում, ինչն, ի դեպ, իրավաբանորեն տեղի է ունենում ոչ մյուս ընկերությունների վնասի հաշվին։ Իսկ բիզնեսի աջակցման մի շարք ընկերությունների՝ այս ցանկում հայտնվելն ուղղակի ծիծաղելի է։ Աղմուկով եւ իշխանությունների «դաբրոյով» մասնավորեցված ու վաճառված մի շարք ընկերությունների (օրինակ, «Սոգլասիա-Արմենիա» ՑՈՒՄ-ի սեփականատեր) վնասով աշխատելու փաստը հետաքրքիր է նրանով, որ կոլեկտիվը ժամանակին հենց դա էլ կանխատեսում էր, բայց լսող չեղավ։ Ի դեպ, ապառք ունեցող մի շարք ընկերությունների՝ բանկեր, լուծարված պետական ընկերություններ (ՀԱՈՒ, «Ռանսաթ Արմենիա»), վիճակախաղերի ֆիրմաներ, ապառքներն ըստ երեւույթին պետք է սառույցին գրվեն, որովհետեւ կամ լուծարված են, կամ չեն գործում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել