Ագոն հավատարիմ է խոստումներին ԵԽ Նախարարների կոմիտեում Իտալիայի դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն, իբրեւ ԵԽ-ի առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը վերահսկող մոնիտորինգի խմբի ղեկավար, երրորդ անգամն է այցելում Հայաստան։ «Սա այդ խմբի ամենակարեւոր այցն է»,- երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նշելով, թե 2003 թ. լրանում է ստանձնած պատավորությունները կատարելու համար հատկացված ժամանակը։ Այդ պարտավորություններն ընդհանուր առմամբ խտանում են հետեւյալ երեք հիմնարար պահանջների մեջ. մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 6-րդ արձանագրության վավերացում (իմա՝ մահապատժի անվերապահ վերացում.- Տ. Ա.), «Ընտրական օրենսգրքի», ապա սահմանադրական բարեփոխումների իրականացում։ Վերջին «ընտրությունների լույսի տակ» ԸՕ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին խոսող Վ. Օսկանյանին այսպիսի հարց տվինք. «ինչպիսի՞ ընտրություններ կանցկացվեին Հայաստանում, եթե անգամ ունենայինք ամենակատարյալ ընտրական օրենսգիրքը»։ Պրն Օսկանյանն այս հարցին պատասխանելու փոխարեն նախընտրեց խոսել վերջին ընտրությունների նկատմամբ իր եւ «Առավոտի» գնահատականների տարբերության մասին։ «Դուք գտնում եք, որ ընտրություններն ահավոր վատ են անցել, մինչդեռ ես համարում եմ, որ դրանք ունեցել են թերություններ, սակայն ժողովրդի կամքն արտահայտվել է», այսպես փաղաքշաբար արտահայտվեց ՀՀ արտգործնախարարն ընտրությունների հասցեին։ Վարդան Օսկանյանը նաեւ անթաքույց ցավով նշեց, որ մինչ 2003 թ. վերջը Հայաստանը պետք է կատարեր իր պարտավորությունների 95%-ը, մինչդեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի բացասական արդյունքը խիստ դժվարացրել է մի շարք օրինագծերի ընդունումը։ Ու քանի որ առնվազն մեկ տարի այս հարցով այլեւս հանրաքվե չի կարող լինել, թերեւս, կգտնվեն «միջանկյալ լուծումներ»,- այսկերպ փորձեց մխիթարել Վարդան Օսկանյանը։ Իսկ թե ինչ է դա նշանակում, բացատրեց հենց պրն Ագոն։ Ըստ նրա, այն օրինագծերը, որոնց ընդունումն անմիջականորեն սահմանադրական փոփոխություններ են ենթադրում, մինչեւ տարվա վերջ ամպայմանորեն կընդունվեն։ Ինչպես եւ սպասելի էր, Պիետրո Ագոն անդրադարձավ մահապատժի վերացման խնդրին։ «Մենք, ըստ արժանվույն կգնահատենք այս հարցում Հայաստանի կեցվածքը»,- նշեց նա, դարձյալ հղումներ անելով պաշտոնական հանդիպումների ժամանակ իրեն հրամցված հավաստիացումներին։ Ըստ այդմ, դրական լուծման դեպքում, Հայաստանի նկատմամբ այլեւս չեն կիրառվի «հակաքայլեր», եւ ԵԽ ուշադրությունը կկենտրոնանա միայն ընտրական թերացումների վրա։ «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված պրն Ագոյի լավատեսությունը՝ կապված օրենսդրական բարեփոխումներ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումների հետ այն պարագայում, երբ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նմանատիպ խոստումները չկատարվեցին, դեսպանն անսպասելի պատասխան տվեց. «Արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խոստումները մեզ չէին ուղղված, այլ Հայաստանի ժողովրդին։ Բացի այդ, այս անգամ չկան դրանք չկատարելու օբյեկտիվ դժվարություններ»,- ահա այսպիսի, ինչպես ասում են, խորհրդածելու առատ նյութ տվեց պրն Ագոն։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ