Մահապատժի հարցում վերապահումներ ունեն Ագոյի խումբը հանդիպեց խորհրդարանական ընդդիմության հետ ԵԽ Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման «Ագոյի» խումբը երեկ խորհրդարանում հանդիպեց ընդդիմադիր դաշտը ներկայացնող պատգամավորական խմբակցությունների՝ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչների հետ։ Ագոյի խումբը Երեւանում է գտնվում ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ընթացքն ստուգելու նպատակով եւ հիմնականում նրանց երկու հարց էր հետաքրքրում՝ մահապատժի վերացումը, սահմանադրական փոփոխությունները։ Պակաս ոգեւորությամբ են խմբի անդամներն արձագանքում անցած ընտրությունների գնահատականին։ Նրանք նույնիսկ չեն թաքցրել, որ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքներն ու խախտումներն իրենք, իհարկե, արձանագրել են, գնահատական տվել են ընտրություններին, բայց եւ ընդունել են ընտրությունների արդյունքները։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հանդիպումից հետո պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես, ասաց, որ մահապատժի վերացման եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերից բացի Ագոյի խմբին հետաքրքրում էր նաեւ՝ ընդդիմությունը շարունակելո՞ւ է բոյկոտել ԱԺ-ի աշխատանքները. «Այս կապակցությամբ ես ասացի, որ մենք չենք կարող հայտարարել, թե բոյկոտում ենք ԱԺ-ի աշխատանքներն ընդհանրապես։ Մենք չենք մասնակցել միայն առաջին նիստին եւ, կարծում ենք, ճիշտ ենք արել, որովհետեւ դրան մասնակցելն անիմաստ էր, քանի որ նախօրոք ամեն ինչ կանխորոշված էր։ Մենք, իհարկե, մնում ենք այն կարծիքին, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են եւ կեղծվել են «Արդարություն» դաշինքի հաշվին»։ Սահմանադրական փոփոխություններին վերաբերող զրույցի հատվածում «Արդարություն» խմբակցուկթյան ղեկավարը նշել է. «Մենք ավելի կարեւորում ենք նախագահի վստահության հանրաքվեի հարցը, առաջին հերթին գտնում ենք, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ, օրինական իշխանություն, առաջին հերթին պետք է վերականգնվի մարդկանց հավատն ընտրական գործընթացների նկատմամբ։ Նույն ԵԽ-ն դրել է ընտրակեղծիքների մասնակիցների պատասխանատվության հարցը, սակայն հայտնի է նաեւ, որ մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»։ Եվրոպացիներին ասվել է նաեւ, որ սահմանադրական առաջարկված փոփոխությունները թերի են, եւ որ «Սահմանադրությունը խախտած մարդն իրավունք չունի փոփոխությունների ենթարկել երկրի գլխավոր օրենքը։ Մենք ունենք սահմանադրական փոփոխության մեր տարբերակը, որն ավելի համահունչ է ԵԽ-ի պահանջներին՝ պետք է լինի դատական անկախ իշխանություն, իշխանության թեւերը պետք է հավասարակշռված լինեն, եւ այլն»։ Մահապատժի վերացման շուրջ խմբակցության ղեկավարն Ագոյի խմբին է ներկայացրել հետեւյալը. «Մենք, իհարկե, կարեւորում ենք ԵԽ-ին տրված պարտավորությունների կատարումը, սակայն մահապատժի մասով գտնում ենք, որ վաղաժամ է մահապատժի վերացումը մեր երկրում։ Պետք է նկատի ունենալ, թե երկրում ի՞նչ է կատարվում, ի՞նչ ամենաթողություն է, հանցագործությունների աճը համաճարակային բնույթ է կրում եւ երկրում տիրում են անպատժելիությունն ու անպատասխանատվությունը։ Մահապատժի վերացումը հասարակության կողմից ընկալվում է ոչ թե ինտեգրացմանն ուղղված քայլ, այլ ավելի շատ ընկալվում է որպես երաշխիք «27»-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբին»։ «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը եւս շեշտել է, որ «27»-ի մասով մահապատժի վերացումը ճիշտ չի համարում։ Խմբակցության անդամներն ասել են նաեւ, թե կարեւորում են Սահմանադրական փոփոխություններն ընդհանրապես, բայց ոչ ամենեւին այն տեսքով, ինչպես ներկայացվել էր հանրաքվեի. «մենք կողմնակից ենք այնպիսի փոփոխությունների, որոնք կսահմանափակեն նախագահի լիազորությունները եւ կբարձրացնեն ԱԺ-ինը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ