Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻ ՍԵՐՏԱՃՈՒՄ

Հուլիս 08,2003 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻ ՍԵՐՏԱՃՈՒՄ Հնարավո՞ր է արդյոք համակարգի փոփոխություն Ինչո՞ւ են քրեական տարրերն ակտիվացել հատկապես ընտրություններից հետո: Այդ հարցի պատասխանը տրվել է բազմիցս: Կես տարի շարունակ Հայաստանի բոլոր թաղապետարանները, գյուղապետարանները, մարզպետարանները, բոլոր նախարարությունները, ուժային եւ իրավապահ կառույցները լծված էին մի գործի՝ ընտրակեղծիքներ կազմակերպելու: Սակայն դրանք ի վիճակի չէին այդ գործը կատարել միայնակ: Անհրաժեշտ էր հանցագործ աշխարհի գործուն աջակցությունը: Պետական կառույցներն ու քրեական տարրերը աշխատում էին միասին, ուս ուսի տված՝ երկու պատճառով: Նախ՝ տեղամասերից շատերում կարիք կար ուժային միջամտություն՝ քվեատուփերը լցոնելու եւ արձանագրություններում թվեր նկարելու համար: Զուտ ոստիկանության ուժերով դա հնարավոր չէր անել՝ անհրաժեշտ էր նաեւ տեղական ավազակախմբերի աջակցությունը: Երկրորդ՝ պետք էր կաշառել թե ընտրողներին եւ թե բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներին (չկաշառվողներին դուրս էին շպրտում արդեն հիշատակած ոստիկանների ու ավազակախմբերի միջոցով): Այդ մասշտաբի կաշառքների համար անհրաժեշտ են միլիոնավոր դոլարներ: Ընտրությունները, հետեւաբար, պահանջում են կրիմինալ կապիտալի խոշոր ներդրումներ, ինչը եւ տեղի էր ունենում վերջին ամիսներին: Պետական մարմինների հետ համատեղ աշխատանքից հետո քրեական տարրերը եւ հեղինակությունները, բնականաբար, ցանկանում են վարձատրվել՝ պատգամավորական մանդատների տեսքով (մի մասը ստացավ դրանք) եւ, որն ավելի կարեւոր է՝ «օբյեկտներով», եկամտի աղբյուրներով, հարկեր ու մաքսեր չվճարելով, տնտեսական ոլորտներում՝ ազդեցությամբ: Բայց քանի որ թե՛8217 պատգամավորական մանդատները եւ թե՛ եկամուտների աղբյուրները մեր աղքատ երկրում սակավ են, բոլորին չեն հերիքում՝ ահա եւ սկսվում են փոխհրաձգություններն ու հաշվեհարդարները: Գումարած դրան՝ ընտրահանցագործությունների հողի վրա «ախպերանալով» պետական կառույցների հետ, քրեական տարրերն իրենց անպատիժ են զգում: Հանցագործ տարրերի եւ իշխանության սերտաճումը Հայաստանում տեղի է ունեցել ոչ այսօր, ոչ երեկ, ոչ էլ վերջին 13 տարում: Դեռեւս նախորդ դարի 60-70 – ականների սահմանագծին այդ սերտաճումը տեղի էր ունենում այն ոլորտներում, որտեղ կային շուկայական հարաբերությունների սաղմեր: Այսպես կոչված՝ «ցեխավիկները», «կոմիսիոնկա» պահողները, կոլտնտեսական շուկաների տերերը ստիպված էին «լեզու գտնել», ասենք, «բեխեսեսի» հետ, «բեխեսեսը»՝ դատախազության հետ, դատախազությունը՝ իրենց ստուգող ռայկոմի հետ, ռայկոմը՝ «ցեկայի» հետ: Սկզբունքորեն նոր երեւույթ այսօրվա քրեական «բեսպրեդելի» մեջ՝ չկա: Պարզապես ընտրությունները, որոնք իրենց ձեւով (բայց ոչ բովանդակությամբ) ժողովրդավարական միջոցառում են հիշեցնում, առավել ցայտուն, ինչպես ընդուված է ասել՝ թափանցիկ են դարձնում այն համակարգը, որում մենք ապրում ենք: Սերտաճումը առավել բացահայտ է դառնում, մարմնավորվում է կոնկրետ պատգամավորների դեմքերին, որոնց վրա, կարծես, գրված է Քրօրի այս կամ այն հոդվածը: Հանրահայտ փաստերի շարադրանքից հետո, բնականաբար, չարչրկված հարց է ծագում՝ ո՞րն է ելքը: Նախ փորձենք ճշտել, թե որը ելք չէ: Իշխանամետ գործիչները որպես ելք նշում են հետեւյալը. «իշխանությունը պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի՝ վերջ տալու այս բեսպրեդելին»: Դա կամ երեսպաշտություն է, կամ մոլորություն: Իշխանությունը շատ էլ մեծ ցանկություն ունի, որ գանգստերներն իրար վրա չկրակեն: Այլ բան է, որ հնարավորություն չունի նրանց սանձելու: Թող փորձեն ձերբակալել հայտնի մականունավոր օլիգարխներից որեւէ մեկին՝ քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որովհետեւ այդ մականունավորի զորքն ավելի մարդաշատ է եւ ավելի լավ է զինված, քան ՆԳ ցանկացած բաժին: Հետեւաբար, «քաղաքական կամքի» խնդիր այստեղ չկա: Ընդդիմադիր գործիչները «ելքի մասին» հարցին պատասխանում են հետեւյալ կերպ. «Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ վերջ տա ապօրինի վարչախմբին»: Դա էլ ելք չէ: Տխուր փորձը կա: 1917-ին Ռուսաստանի ժողովուրդը ոտքի կանգնեց եւ տապալեց փտած ցարական ռեժիմը: Դրանից առաջ Թուքիայի ժողովուրդները (այդ թվում անհեռատես հայերը) ոտքի կանգնեցին եւ տապալեցին արյունոտ սուլթանին՝ իշխանության բերելով ավելի արյունոտ երիտթուրքերին: Ավելի ուշ Գերմանիայի ժողովուրդը ոտքի կանգնեց եւ կարգուկանոն հաստատելու տենչով քվեարկեց նացիստների օգտին: Ժողովրդի՝ «ոտքի կանգնելու» հետեւանքով իշխանության եկածները (որոշ ժամանակ, երբ դեռ անհրաժեշտություն կա ազնվությունից եւ արդարությունից խոսելու) ստիպված են կամ սովից կոտորել սեփական ժողովրդին, կամ, նույն տնտեսական նկատառումներով, ստրկացնել եւ գազախցիկ տանել այլ ժողովուրդների: Հայաստանի ժողովուրդն այսօր, բարեբախտաբար, ոտքի կանգնելու որեւէ ցանկություն չունի: Բայց եթե (զուտ տեսականորեն ենթադրենք) այս պահին կանգնի, ապա իշխանության կկարգի ոչ թե սուսիկ-փուսիկ Ստեփանին, այլ առնվազն Գեղամյանին, որի մեջ, համաձայնեք, ինչ-որ «ֆյուրերային» բան կա: Մինչդեռ ոչ մի Գեղամյան, որքան էլ ազնիվ լինեն նրա մտադրությունները, համակարգը չի փոխի: Նա, լավագույն դեպքում, կզբաղվի սեփականության վերաբաշխմամբ՝ դրանից բխող բոլոր ցնցումային հետեւանքներով, եւ Քոչարյանի օլիգարխների փոխարեն կստեղծի իր օլիգարխները: Երբ նման գործիչները փորձում են հանգստացնել գործարարներին՝ «մի վախեցեք, ով օրինական է աշխատում, նրան ձեռք չենք տա», բոլորը սոսկում են, որովհետեւ օրինական չի աշխատում ոչ ոք՝ սկսած ամենախոշոր մագնատից, վերջացրած ամենափոքր կրպակի տիրոջով: Պետությունը օրինական աշխատելու ոչ մի հնարավորություն չի տալիս: Այստեղ մենք մոտենում ենք իրական ելքին, որը առաջին հայացքից, կարող է անսպասելի թվալ: Պետք է հրաժարվել համակարգը փոխելու փորձերից: Համակարգն, ըստ էության, նույնն է ամբողջ աշխարհում, բացի, թերեւս, Կուբայից եւ Հյուսիսային Կորեայից: Բայց այս համակարգը կարելի է ավելի մարդկային, ավելի քաղաքակիրթ դարձնել: Ինչպե՞ս՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել