Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ ԹՈՒՂԹԸ ԹԽՎԵԼ Է ՀՆԿԿ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ»

Հուլիս 08,2003 00:00

«ԱՅԴ ԹՈՒՂԹԸ ԹԽՎԵԼ Է ՀՆԿԿ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ» Այդպես է գնահատում առաջադեմ կոմունիստ Վազգեն Սաֆարյանը Կոմունիստական յոթ կազմակերպությունների միավորման մասին համատեղ հայտարարությունը; Շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության պլենումում որոշում է կայացվել հանրապետության բոլոր կոմունիստական կուսակցություններով միավորվել՝ կոմունիստական շարժման գոյատեւման հետագա ճակատագրի եւ ՀԿԿ ղեկավարության «անհեռատես» քաղաքականության հետեւանքով կուսակցության տրոհման, հասարակության մեջ նրա ազդեցության աննախադեպ անկման մտահոգությամբ: Գլխավոր նորացված կոմունիստ Յուրի Մանուկյանի հավաստմամբ, «հայոց հողը պարարտ է սոցիալիզմով» եւ իրենք միավորվելով գնում են «սոցիալիզմը հայոց աշխարհ բերելու»: ՀՆԿԿ առաջնորդ Յուրա Մանուկյանը հպարտությամբ հայտարարեց, որ այդ ազգանվեր գործին, ինչի վերաբերյալ համատեղ հայտարարություն է պատրաստվել, միացել են Հայաստանում կոմունիստական գաղափարախոսություն դավանող 8 կուսակցություններից/ «Բանվորական միություն», «Աշխատավորական կոմունիստական», «Կոմունիստների միություն», «Ինտելեկտուալների կուսակցություն», «Մարքսիստական», ՀՆԿԿ եւ «Առաջադիմական կոմկուս»/ 7-ը. չի միացել միայն ՀԿԿ-ն: Այնինչ հայտարարության տակ բացակայում էր նաեւ Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանի ստորագրությունը, ինչը Յ. Մանուկյանը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Ուշանում է, մի քիչ հետո կգա, նա էլ կստորագրի, երեւի ինչ-որ բան է եղել՝ չի եկել»: Որպես ապացույց Յ. Մանուկյանն ընթերցեց ՀԱՄԿԿ քարտուղար Սարգիս Խաչատրյանի նամակը, որով նա իրենց համաձայնությունն էր տալիս այդ միավորմանը: Պարզաբանման համար դիմեցինք ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանին. «Ինձ ոչ մի բան էլ չի եղել, պարզապես չեմ գնացել: Խորհրդային այդ 9 պետական գործիչների կողմից պաշտոնական հրավեր չի ուղարկվել ՀԱՄԿԿ-ին: Միայն ՀԿԿ-ին ու ՀՆԿԿ-ին է ուղարկվել: Դա կարող է շատ սիրելուց է կամ ատելուց, կամ էլ՝ վախեցել են, չգիտեմ: Միավորումը մեզ համար հրատապ ու սուրբ գաղափար է, բայց այդ դեպքում պետք է գործի հավասարության սկզբունքը: Եթե նրանք համարում են, որ ես լուրջ ուժ եմ եւ ուզում են ինձ հետ միավորվել, պետք է մարդավարի մոտենան,- բացատրում էր Վ. Սաֆարյանը՝ ավելացնելով,- բայց նրանք փաստորեն մեզ անտեսել են»: Վ. Սաֆարյանի գնահատմամբ, այդ միավորմանն անդամակցող քաղաքական ուժերը կուսակցություն կոչվելու իրավունք չունեն. «Կոմունիստների միությունը», «Բանվորների միությունը», «Մարքսիստականը», որոնք ծվարել են այդ միավորման մեջ, արդեն վաղուց կուսակցություն չեն: Եթե նրանք այս էլ երկրորդ անգամ չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն վերջ, արդեն քաղաքական ուժ չեն: Մենք 2 անգամն էլ մասնակցել ենք, ու 1 տոկոսից ավելի ձայն ենք հավաքել: Ով 1 տոկոս չի հավաքում, ուրեմն կուսակցություն չի կարող կոչվել: Դրանցից միայն մենք ու ՀԿԿ-ն կարող ենք այդպիսին կոչվել»: ՀԱՄԿԿ նախագահը նաեւ վստահեցրեց, որ այդ միավորման վերաբերյալ ստեղծված «թուղթը» ՀՆԿԿ գաղափարն է, որն այլ հեռահար նպատակներ է հետապնդում. «Նրանք մեզ Յուրային են դեմ տալիս, նրան են առաջ մղում, քանի որ այլ նպատակներ են հետապնդում: Այդ թուղթը ՀՆԿԿ ընդերքից է դուրս եկել, դա թխվել է ՀՆԿԿ խոհանոցում: Այնպես են ներկայացնում, իբրեւ դա կամայական հայտարարություն է, իսկ թե ում կողմից՝ Աստված գիտի: Բայց մենք հո գիտենք»,- հայտարարեց Վ. Սաֆարյանը: Բացի այդ, վերջինս գտնում է, որ միավորված կոմկուսի շարքերն անցած 6 կոմունիստական ուժերը որեւէ քաղաքական կշիռ չունեն. «Նախագահին մոտ լինել-չլինելու աստիճանով, ֆիզիկական քաշով կամ լավ հռետոր լինելով չի որոշվում դա: Ես այն մարդը չեմ, որ հենց այնպես գնամ սեղանի անկյունում նստեմ,- հայտարարեց ՀԱՄԿԿ նախագահը՝ կասկած հայտնելով այդ միավորման հետագա գործունեությանը,- է, միավորվեք՝ հետո ի՞նչ եք անելու: Քանի՞ մարդ կա ձեր հետեւը, եթե ուժեղ էիք՝ ընտրություններին մասնակցեիք: Թե չէ՝ ես կարող եմ ավելի լավ բաժակաճառ ասել, քան Յուրան, կամ՝ հակառակը: Բայց բնորոշիչը հավաքած ձայներն են»: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՄԿԿ քարտուղար Ս. Խաչատրյանի նամակին, որը պրն Մանուկյանն ընթերցեց ասուլիսի ժամանակ, Վ. Սաֆարյանն ասաց. «Սարգիսին խաբել են: Սարգիսը նամակում գաղափարին էր համաձայնություն տվել ու վերջում էլ գրել էր՝ դիմել ՀԱՄԿԿ-ին: Ինչո՞ւ այդ մասը չի կարդացել Յուրան, ձեռք չի տվե՞լ»: Իսկ եթե պաշտոնապես դիմում լիներ նաեւ ՀԱՄԿԿ-ին, արդյոք կընդունվե՞ր այն: Մեր այս հարցին ի պատասխան, Վ. Սաֆարյանն ասաց. «Կգնայինք, որովհետեւ նրանք մեր ընկերներն են՝ անկախ նրանից, թե ով է կանգնած նրանց թիկունքում: Բայց եթե խութեր կան ու դու ինստինկտ ունես խոչընդոտ ճանապարհով չգնալու, չես գնա, որ չընկնես: Գնանք, ընկնենք, ոտքներս գիպսի մեջ դնենք, լավ չի լինի, չէ՞»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել