Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ «ԲԱԶԵՆԵՐԸ» ՆՈՐԻՑ ԿՀԱՎԱՔՎԵՆ

Հուլիս 05,2003 00:00

ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ «ԲԱԶԵՆԵՐԸ» ՆՈՐԻՑ ԿՀԱՎԱՔՎԵՆ Չնայած Համահայկական երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) անցած տարի կազմակերպած համահայկական երիտասարդական հավաքը՝ «Բազե» ճամբար անվամբ, ի սկզբանե սկսեց փառաբանել նախագահ Քոչարյանին, ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանը երեկ լրագրողներին թախանձագին խնդրում էր «ձեռնարկը չքաղաքականացնել»։ Հանրահայտ հայկական ասացվածքի՝ «էշին նստած՝ կուզեկուզ ենք ման գալիս», նման է ստացվում։ Ողջ նախագահական քարոզարշավի ժամանակ «Բազեները» մարզից մարզ ընկած քաղաքական ակցիա են իրականացնում՝ հօգուտ գործող նախագահի, ու դեռ իրենք էլ նեղանում են, երբ իրենց քաղաքականացնում են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վեր կանգնելով քաղաքական դիրքորոշումներից, ՀԵՀ-ի գործադիր տնօրենը ճամբարի, որն այլեւս ամեն տարի է լինելու, նպատակը համարեց «Երիտասարդության շրջանում հայրենիքի նկատմամբ սեր ու ազգային գաղափարներ» սերմանելը։ Սույնը նախատեսվում է սերմանել ոչ միայն հայաստանաբնակ եւ սփյուռքի հայ երիտասարդների շփումով, այլ նաեւ ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, վարչապետի եւ «մնացած նախարարների» հետ շփումով։ Տարանջատումը պայմանավորված է նրանով, որ թվարկված երեքը ճամբարի հատուկ հրավիրյալներ են լինելու, «մնացածի» առջեւ, ըստ Ա. Պողոսյանի՝ «Բազեի» դռները բաց են։ Հայրենիքի նկատմամբ սիրո սերմանման այս յուրատեսակ ակտը ՀԵՀ-ին կարժենա 65 մլն դրամ, որից 42-ը կլինի հարկատուների հաշվին՝ պետբյուջեից, մնացած 23-ը հիմնադրամի՝ հայրենիքի նկատմամբ պարտքի կատարումն է։ Ժամկետներն են՝ հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը։ Վայրը՝ Դիլիջան, վերջին օրը՝ խարույկ Սեւանում։ Այդ ընթացքում ազգիս 18-30 տարեկան 550 երիտասարդները, ճամբարի հիմնական նպատակն իրականացնելուն զուգահեռ, կմրցեն մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ ծրագրերում։ Իսկ եթե փորձենք իսկապես որակումներ տալ, ըստ մեզ, «Բազեի» գործունեության գլխավոր ձեռքբերումը համարում ենք այդ շփումների արդյունքում երեք ամուսնությունները։ Ի բարեբախտություն ամուսնացողների, քաղաքական գործիչներն իրենց քավորությամբ չեն փչացրել այդ միությունները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել