Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաբաջանյանը «վերադարձավ»

Հուլիս 05,2003 00:00

Բաբաջանյանը «վերադարձավ» Արձանի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքված մնալ Երեկ տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի՝ մասնակի փոփոխությունների ենթարկված արձանի պաշտոնական բացումը։ Չարչրկված ու տարաբնույթ գնահատականների արժանացած քանդակը դարձյալ տեղադրված է նախկին տեղում՝ Կարապի լճի հարեւանությամբ։ Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եւս հրավիրված էր, սակայն չէր եկել։ Իսկ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը արձանի բացումից ընդամենը 15 րոպե առաջ էր հիշել հրահանգել փոխնախարար Ալիս Ադամյանին՝ իր փոխարեն մասնակցել արարողությանը։ Կոմպոզիտորի հանրահայտ «Նոկտյուրնի» հնչյունների ներքո նորանշանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ետ տարավ արձանը ծածկող սավանը՝ համապատասխան դիրք ընդունելով ելույթի համար։ Թղթից կարդալով, նա ասաց, որ Բաբաջանյանին պետք է դասել անմահների շարքում, որովհետեւ «նրա երգը նոր սերունդների երգ է, էությունը՝ մարդկային լավատեսության սիմֆոնիա»։ Քաղաքապետը նաեւ երազեց, որ Բաբաջանյանի արձանից ոգեշնչված, մարդիկ լավ կապրեն ու կարարեն։ Բանաստեղծ, դասախոս Արտեմ Հարությունյանի բնորոշմամբ, քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած քանդակը լակմուսի թուղթ էր մարդկանց ու մտավորականների՝ արվեստի ըմբռնումները որոշելու համար։ Այն պահին, երբ նա պաթոսով խոսում էր «մեր ճաշակի սնանկության պատճառով արձանի նախնական տարբերակը խայտառակաբար հետ ուղարկելու մասին», մի խումբ տղամարդիկ սուլում էին, իսկ կանայք ամոթանք տալիս «Առնոյին խայտառակելու համար»։ Ոգեւորության մի պահի էլ Ա. Հարությունյանը բոլոր արվեստագետներին համարձակության կոչ արեց. «Ինչքան համարձակ, ֆանտազիայով լեցուն գործեր դրվեն քաղաքում, այնքան մարդիկ կբարիանան ու սպանություններն էլ կքչանան»։ «Հարգենք մեկ ուրիշի ճաշակն ու ըմբռնումները,- սուլողներին կարգի հրավիրեց ԽՍՀՄ ժողարտիստ Սոս Սարգսյանը,- որովհետեւ կանցնի ժամանակ եւ արձանը կդառնա մայրաքաղաքի հպարտություններից մեկը»։ Նույն կարծիքին էր նաեւ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը. «Եթե արձանը լիներ Փարիզում կամ Բարսելոնում, վստահ եմ, ավելի լավ կընդունվեր։ Թե չէ էստեղ բոլորս սովոր ենք ստերեոտիպերի»։ Ի դեպ, Դավիթ Բեջանյանի կնոջից՝ Նադեժդա Սարգսյանից տեղեկացանք, որ քանդակի հեղինակին ու նրա հարազատներին մեկ ժամ ուշ էին հրավիրել՝ ըստ երեւույթին, նկատի ունենալով հնարավոր բացասական արձագանքներն ու աղմուկը, ինչին վերջիններս ականատես չեղան։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել