Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ

Հուլիս 05,2003 00:00

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ Վերնագրի առաջին բաղադրիչի մեջ կարող եք դնել ձեր իմացած ցանկացած իմաստ։ Ինձ համար նախընտրելին «խառնակությունն» է, միաժամանակ՝ Սոդոմ-Գոմոր նշանակող խորհրդանշական բովանդակությունը։ Վիճակախաղի իմաստը շատ ավելի պարզ է. այն հայտնի խաղերից ամենատարածվածն է, ժողովրդականությամբ՝ ամենահեղինակավորը եւ լոկ տեսականորեն կարելի է ենթադրել, որ զիջում է բլոտի բակային մրցումներին եւ «քաղաքական խաղին»։ Բայց եթե հաշվի առնենք, որ քաղաքականությամբ արդեն 15 տարի Հայաստանում զբաղվում են մեծից փոքր համարյա բոլորը, իսկ վիճակախաղով ոչ բոլորը, ընդ որում վիճակախաղի մասնակից է գլխավորապես ժողովուրդը եւ նրա առավել աղքատացած զանգվածը, իսկ քաղաքականությամբ զբաղվում է ժողովրդի առավել գիտակից մասը, այսինքն՝ Արթուր Բաղդասարյանն ու Վահան Հովհաննիսյանը, ապա տարբերությունը ավելի ակնհայտ կդառնա։ Սա ինքնին նշանակում է, որ նույնիսկ մարզական հակումներով ժողովրդի եւ իշխանությունների միջեւ հսկայական անջրպետ կա, որ անհնար է հաղթահարել անգամ ամենաբարի կամեցողության դեպքում։ Մանավանդ հայ ժողովուրդը հին բաբելացիների նման առանձնապես աչքի չի ընկնում հայեցողական հատկանիշներով եւ հին հնդիկների՝ մեդիտացիաներով նիրվանայի հասնելու կրավորական կեցվածքով։ Սովորաբար, վիճակախաղում հաշվի չեն առնվում մարդուն բնորոշ զգացումներից եւ ոչ մեկը, բացառությամբ՝ հույսի։ Հույսը, որ կարող ես շահել, միակ բանն է, որ ապահովում է խաղի հաջողությունը եւ դատելով վիճակախաղի տարածման չափերից, դա նաեւ վերջին բանն է, որ դեռեւս ապրում է ժողովրդի մեջ։ Նախապես ասեմ, որ հույսի այս տեսակը բացարձակապես քրիստոնեության հետ ընդհանրություն չունի, որովհետեւ քրիստոնեական չի կարող լինել մի բան, որ վերջինն է մեռնում, բայց, այնուամենայնիվ, մեռնում է, մինչդեռ քրիստոնեությունը անմահության հույսի կրոնն է։ Ուստի որքան նվազում է անմահության հույսը, նույնքան մեծանում է վիճակախաղում բախտը փորձելու հնարավորությունը, իսկ ինչքան փոքրանում է վիճակախաղում շահելու հնարավորությունը, այնքան մեծանում է քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը։ Հիմա դժվար է ասել, թե որքան կտեւեր վիճակախաղի եւ քաղաքական խաղի զուգահեռ զարգացման կայուն դինամիկան՝ մերթ մեկի, մերթ մյուսի առավելությամբ, եթե ինչ-որ պահից, հավանաբար, դիալեկտիկայից հայտնի հակադրամիասնության օրենքից ելնելով, վիճակախաղն ու քաղաքականությունը չնույնանային, գուցե նաեւ այն իմաստավորված պատճառաբանությամբ, որ վիճակախաղով փող չես աշխատի, ինչը ուղղակիորեն հակացուցված է քաղաքականությանը։ Հակառակ դեպքում անիմաստ է առհասարակ խաղի մեջ մտնելը, եթե ազնիվ ակնկալիքներ չկան, իսկ ակնկալիքը հույսի պես չնչին չէ, ինչպես վիճակախաղում։ Այնուամենայնիվ, նոր խաղը պահպանեց ծնողներից ժառանգած նախկին որակները, ինչպես ինչ-որ բան դնելու եւ ինչ-որ բան շահելու փխրուն հույսը, բայց փոխարենը հարստացավ ավելի ճոխ ներբերանգներով, ինչպես «վա բանկ գնալու» եւ «հաղթաթուղթը» ուզած ժամանակ խփելու ոսկե կանոնը։ Ասենք, կարող ես ամեն ինչ կորցնել կամ շահում ես ամեն ինչ, որը քաղաքականության մեջ թեեւ աններելի, բայց հատուցվող ռիսկ է։ Երկրորդ, եթե վիճակախաղը նման էր հին հույների պատկերացրած այն գետին, որ երկու անգամ անհնար էր մտնել, խաղի նոր կանոնակարգով գործում է մի այլ ոսկե կանոն՝ երբ ուզում ես մտիր, երբ չես ուզում՝ մի մտիր, միայն թե մի պայմանով, որ ամեն անգամ պետք է տպավորություն ստեղծվի, թե մտնում ես միանգամայն ուրիշ մարտավարությամբ եւ այնքան ժամանակ, քանի դեռ գլխի չեն ընկել, որ նորը լավ չմոռացված հինն է։ Հանրապետությունում կատարված վերջին սպանությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ պարտադիր չէ ունենալ հզոր ընդդիմություն, որպեսզի իշխանափոխություն կատարվի եւ պարտադիր չէ հասնել դրան միայն սահմանադրական ճանապարհով։ Այս իրադարձությունները գալիս են փաստելու, որ իշխանափոխությունը արդեն կատարված իրողություն է, ճիշտ է, առերեւույթ իշխանական խաղատախտակին թողնելով միեւնույն ֆիգուրները, սակայն դա այլեւս այն իշխանությունը չէ, որ կար նախագահա-խորհրդարանական ընտրություններից առաջ։ Չափազանց մեծ էր խաղագումարը, որ իշխանությունը դրեց սեփական վերարտադրության համար եւ հիմա շատ ավելի թանկ է վճարելու, քան եթե այն կորցներ օրինական ընտրությունների դեպքում։ Գոնե արդեն կասկած չի հարուցում, որ վերահսկելի թվացող քաոսը շատ ավելի վտանգավոր է, քան անվերահսկելի թվացող հեղափոխությունը, որ չանսալով ժողովրդի ձայնին, չկատարեց ընդդիմությունը, մանավանդ բացառված չէ, որ սպանությունների նոր ալիքը օգտագործվի ընդդիմության դեմ, ինչպես եղավ Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո։ Հանպատրաստի, առանց էական հիմնավորման կոալիցիոն կառավարության ձեւավորումը արդեն իսկ նախանշան էր, իշխանության թուլացման վկայություն։ Այնպես որ, եթե չլիներ կոալիցիոն կառավարություն, Քոչարյանը ստեղծված իրավիճակում այն կհորիներ։ Իսկ թե ինչ է պատահում, երբ նա ընկնում է հորինման էքստազի մեջ, հետեւանքները բոլորիս հայտնի են. պակասում է այն, ինչ ամենից շատ է ուզում պահպանել՝ այս դեպքում նա կորցրեց իշխանությունը վերահսկելու կարողությունը։ Քաղաքագիտական հստակ օրենք է. երբ իշխանությունները օրինական չեն, իսկ ընդդիմությունը, չկարողանալով օրինականություն հաստատել, հայտնվում է դիտորդի կարգավիճակում, լեգալանում է մի երրորդ ուժ, որ հավասարապես արհամարհում է երկուսին էլ, ըստ Բորխեսի ապացուցելով, որ «Բաբելոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բախտի անսահման մի խաղ»։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել