Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՉԻ ԿՐՃԱՏՎԻ

Հուլիս 05,2003 00:00

ՈՉ ՄԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՉԻ ԿՐՃԱՏՎԻ Իր հրավիրած անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ խոստացավ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը։ Առիթ ունեցել ենք նկատել, որ ավարտական եւ ընդունելության քննությունների թեժ պահին կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը այնքան էլ ճիշտ չէ. Սակայն երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում Սերգո Երիցյանը պնդեց, որ հասցրել է ծանոթանալ իրեն վստահված ոլորտի ամենանուրբ անկյուններին անգամ։ Ասուլիսի սկզբում նախարարի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց ԵՊՀ ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի հիշատակը։ Այնուհետեւ պրն Երիցյանը ասաց, որ ինքը կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում իրականացնելու է կոալիցիոն կառավարության ծրագիրը եւ, որ ցանկացած քննադատություն դիտվելու է ոչ թե Սերգո Երիցյանի, այլ՝ կոալիցիոն կառավարության քննադատություն։ Մյուս կողմից, ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի իր գլխավորած ոլորտը հնարավորինս քիչ քննադատվի։ Հասկանալի է, որ ամենահրատապը ընդունելության քննություններին վերաբերող հարցերի խումբն էր։ Սերգո Երիցյանի ներկայացմամբ. «Ես խնդրել եմ հանրապետության նախագահին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ներկայացուցիչները եւս կհետեւեն ընդունելության քննությունների ընթացքին։ Նրանք կունենան գրեթե նույն գործառույթները, ինչ ունեն լիազոր ներկայացուցիչները։ Այսինքն վերահսկողության մեխանիզմը կլինի ավելի ամուր, ավելի պինդ, ավելի խոր»։ Իսկ լիազորներ կլինեն ե՛ւ նախարարության, ե՛ւ բուհերի ներկայացուցիչները. «Բնականաբար, նրանք պետք է լինեն Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից վստահելի մարդիկ, որոնք այլ քայլեր չեն ձեռնարկի, ի վիճակի կլինեն ամեն ինչ վերահսկել, կդիմանան եւ խնդիրներ չեն առաջացնի»։ Սերգո Երիցյանը ասաց, որ ինքն իր մոտեցումներն ունի ընդունելության քննությունների վերաբերյալ, եւ որ ընդունելության քննությունները պետք է անցնեն առավելագույնս օբյեկտիվ, բաց եւ թափանցիկ։ Ընդունելության քննությունները կանցկացվեն նույն դահլիճներում, ինչպես եւ անցած տարի։ Լրագրողները եւս հնարավորություն կունենան քննասենյակներից լուսաբանել քննությունների ընթացքը. Առարկայական հանձնաժողովներում ընտրված են մարդիկ, ովքեր վերջին երեք տարում որեւէ կերպ չեն առնչվել ընդունելության քննություններին, ընտրության սկզբունքը եղել է մասնագիտական կարողությունը եւ բարի համբավը: Դպրոցների օպտիմալացման ծրագրի հետ կապված հարցերն իհարկե գերակշռող էին։ Նախարարը հայտարարեց, որ այս ծրագրի շրջանակում ուսուցիչները չեն կրճատվելու. «Մի բան էլ նշեմ՝ ոչ մի դպրոցական շենք օպտիմալացման հետեւանքով չի օտարվելու, ոչ մեկին չի տրվելու։ Ոչ մի կրթական օջախ, շենք չի օտարվելու, մնալու են նույն նպատակի համար, ծառայելու են նույն նպատակին»։ Այս ծրագրի շրջանակներում 1-8-րդ դասարաններում կսովորեն 20-30 աշակերտ, 9-10-րդ դասարաններում՝ 20-25։ Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ ուսանողական հանրակացարանների եւ դրանց բնակիչ ուսանողների ճակատագիրը։ Այս հարցի վերաբերյալ Սերգո Երիցյանը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ոչ մի ուսանող չի տուժելու այս կամ այն շենքը որեւէ բուհի տալու պատճառով։ Այսօր լուծված է միայն 5-րդ մասնաշենքի խնդիրը, որը մենք տրամադրել ենք բժշկական համալսարանին, որպեսզի նորոգեն։ Պարզապես ամոթ է, թե ինչ պայմաններում են ապրում մեր ուսանողները։ Ես հստակ ասում եմ՝ ոչ մի ուսանող դուրս չի մնացել եւ դուրս չի մնալու հանրակացարաններից»։ Իբրեւ վիճակագրական փաստ նշվեց, որ նույն Զեյթունի հանրակացարանի 4-րդ մասնաշենքում բնակելի սենյակների քանակը 130 է (յուրաքանչյուր սենյակում 2 ուսանողի դեպքում 260 ուսանողի տեղ կա), այսօրվա վիճակով նույն 4-րդ մասնաշենքում 151 ուսանող է բնակվում. «Էլ ի՞նչ խոսք կարող է լինել որեւէ մեկի դուրս մնալու մասին»։ Որպես ինը տարի շարունակ հանրակացարանում բնակված նախկին ուսանող, կրթության եւ գիտության նախարարը ասաց. «Ոչ մի ուսանող իր տեղից չի զրկվի եւ մենք ուզում ենք, որ մեր հանրակացարանները լինեն քաղաքակիրթ, բարվոք եւ նորմալ կենցաղային պայմաններով ապահովված»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել