Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղբ թափել էլ չգիտենք

Հուլիս 05,2003 00:00

Աղբ թափել էլ չգիտենք Մեր հայրենակիցներից ոմանք իրենց կենցաղում, կարծես, վերադարձել են կռապաշտական բարքերին։ Անցյալ շաբաթ Երեւանի Կենտրոն համայնքի Տպագրիչների 3, Զաքիյան 6, Հանրապետության 62, Մաշտոցի 20 եւ Չարենցի փողոցներում տեղադրված նոր աղբարկղերում աղբը լցնելուց հետո պապական մեթոդով կրակ են տվել։ Արկղի մխացող պարունակությունն արդեն մեքենայի մեջ բռնկվել է։ Կրակը հանգցնելուց եւ մեքենաները մի կերպ փրկելուց հետո վարորդներին հրահանգվել է չտեղափոխել մխացող աղբը։ Մինչդեռ ոչ միայն այդ աղբարկղերը, այլեւ մեքենաներն են նոր։ Ափսոս են։ Կրակ տալը միակ պրոբլեմը չէ, որ բնակչությունը եւ հիմնարկությունները հարուցում են աղբ տեղափոխող ծառայությունների առջեւ։ Երեւանի Կենտրոնի բնակիչները համայնքում տեղադրված 500 (դրանցից 200-ը՝ նոր) աղբարկղերն օգտագործում են ոչ այնքան նպատակային։ Դրանք նախատեսված չեն շինարարական աղբի համար։ Վերջինը չի կարելի լցնել նաեւ աղբամուղը, որը նման դեպքում խցանվում է։ Եվ ամառվա շոգին կարելի է պատկերացնել բազմաբնակարան շենքի խցանված աղբամուղի գարշահոտը։ Մի առանձին պատմություն են խանութներն ու օբյեկտները, որոնց արտադրած աղբը թեեւ ցանկացած տնային տնտեսությունից շատ է, սակայն նրանք խուսափում են աղբահանության պայմանագրեր կնքել համապատասխան ձեռնարկությունների հետ եւ իրենց աղբը թափում են մոտակա շենքերի բակում։ Կենտրոնի թաղապետարանի «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի (որը կատարում է մեծ կենտրոնի եւ Կիլիկիայի, Նորագյուղի աղբահանությունը եւ մասամբ աղբի տեղափոխումը) գլխավոր ինժեներ Գրիգոր Մկրտչյանից տեղեկացանք, որ, օրինակ, Երվանդ Քոչարի փողոցում միայն մի խանութ է նման պայմանագիր կնքել իրենց հետ, մյուսները աղբը թափում են հարեւան բարձրահարկ շենքերի աղբամուղի դիմաց։ Պրն Մկրտչյանն ասաց, որ կարելի է աղբը թափել գոնե մեքենայի մեջ, որն ամեն առավոտ յոթն անց երեսունին անցնում է այդ փողոցով։ Իսկ ընդհանրապես մեքենաները օրական 45-50 երթ են կատարում Կենտրոնում. հերթապահ երեք մեքենաները առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 17-ը կրկնակի աղբահանություն են կատարում, իսկ 17-24-ը երկու մեքենա է հերթապահում։ Ձեռնարկության պատասխանատուները դիմել են Կենտրոնի թաղապետարան եւ արդեն կա համայնքապետի հրահանգը չնախատեսված վայրում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանելու մասին։ Ի դեպ, շատ էլիտար խանութներ եւ օբյեկտներ կան, որտեղ ինտերյերն ու սպասարկումը եվրոպական են, սակայն աղբահանության պայմանագրեր չունեն։ Ձեռնարկությունը անցյալ շաբաթներին Կենտրոնի շատ փողոցներից հավաքել եւ աղբանոց է տեղափոխել 80 սառնարան եւ 43 լվացքի մեքենա, որոնք բնակիչները գիշերով թափում են մայթերին եւ պարտադիր չէ՝ աղբարկղերի շուրջը։ Պայմանագրերի առկայությունը երաշխիք է, որ ձեռնարկությունը աղբահանություն կկատարի, սակայն ամենեւին չի երաշխավորում, որ ծառայություն ստացողը կվճարի դրա դիմաց։ «Կենտրոն-մաքրության» տնօրեն Միքայել Դավթյանից տեղեկացանք, որ իրենք գանձումներ կատարում են մասնավոր տնատիրություններից, համատիրություններից, օբյեկտներից, կրպակներից եւ խանութներից։ Իսկ բազմաբնակարանային շենքերի բնակիչներից գանձումներ կատարում է «Կենտրոն» ՓԲԸ-ն։ «Կրպակներից եւ խանութներից գանձումները շատ վատ են կատարվում. կամ պայմանագիր չեն կապում, կամ կապելուց հետո չեն վճարում»,- ասաց Մ. Դավթյանը։ Նրա տվյալներով, մասնավոր տնատիրություններից գանձումների տոկոսը 40-50-ի սահմաններում է, համատիրություններից՝ 30։ Նրա հավաստմամբ, բնակիչներից գանձումը «Կենտրոնի» կողմից նորմալ է կատարվում, սակայն թվեր չնշեց։ Հետաքրքիր է, որ մայրաքաղաքը կեղտոտում են նաեւ իրենք՝ աղբ տեղափոխող մեքենաները։ Մ. Դավթյանը հայտնեց, որ մեքենաների համար իրենք արդեն ձեռք են բերել ծածկոցներ։ Մյուս համայնքներում աղբի տեղափոխում կատարող ձեռնարկություններին պրն Դավթյանը կոչ արեց «գնել ծածկոցներ եւ չերթեւեկել առանց դրանց»։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել