Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈԻՄ՝ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՁԵՎՈՎ

Հուլիս 05,2003 00:00

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈԻՄ՝ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՁԵՎՈՎ Ռ.Նազարյանը դեռ հույսեր ունի, որ երեւանցիները իրեն բարի խոսքով կհիշեն Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի շնորհիվ Երեւանի թիվ 8 բուժմիավորման աշխատակիցները մի օր հայտնաբերեցին, որ բուժմիավորումը մասնատված է։ Այլ կերպ ասած՝ հիվանդանոցի մասնաշենքերը հատկացվել են տարբեր մարդկանց։ Ռոբերտ Նազարյանը, որը երեք օր առաջ դեռ քաղաքապետ էր, իսկ այժմ՝ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ (հինգ տարի պաշտոնավարման ժամկետով), 2003թ. հունիսի 3-ին միանգամից երեք որոշում է կայացնում՝ N1173-Ա, N1115-Ա, N1116-Ա։ Այս որոշումներով Նազարյանը Երեւանի թիվ 8 բուժմիավորումը մասնատում է, այսինքն տասը տարի ժամկետներով բուժհիմնարկի 1250քմ, 1500քմ, 1200քմ տարածքները վարձակալական հիմունքներով հատկացնում է երեք ՓԲԸ-ՍՊԸ-ների։ Երեւանի թիվ 8 բուժմիավորումը առանց բուժանձնակազմին տեղյակ պահելու վերաձեւվել է, պոլիկլինիկան եւ ծննդատունը դարձել են «Զեյթուն» բուժման կենտրոն։ Դրա ղեկավարն է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության նախկին պետ Համլետ Միրզոյանը, որը մինչ քաղաքապետարանում պաշտոնավարելը ղեկավարել է Երեւանի թիվ 8 բուժմիավորումը։ Հ. Միրզոյանը հրաշալիորեն օգտագործել է քաղաքապետարանի իր պաշտոնավարումը՝ մեր չինովնիկների սովորության համաձայն, պաշտոն զբաղեցնելու ընթացքում ապահովելով սեփական «պահեստային թռիչքուղին». պաշտոնանկությունից անմիջապես հետո Միրզոյանը վերադարձել է իր նախկին աշխատավայր, սակայն արդեն «տիրոջ» կարգավիճակով։ Հիվանդանոցի մյուս մասը տնօրինում է ներկա տնօրեն Ալեքսանդր Սիրունյանը։ Մասնաշենքերից մեկի երկու հարկերը, որում տեղակայված են էնդոկրինոլոգիայի բաժանմունքը եւ լաբորատորիան, հատկացվում են «Նորք-Մարաշ» կենտրոնի բժիշկ Շահեն Խաչատրյանին։ Աչքի հիվանդությունների մասնաշենքի երկու հարկերը կհատկացվեն վիրաբուժության բաժանմունքի վարիչ Զարեհ Տեր-Ավետիքյանին։ Տարածքի մի մասը կվարձակալի հիվանդանոցի ներկայիս գործադիր տնօրեն Ա. Սիրունյանը։ Թիվ 8 հիվանդանոցը հայտնի էր ոչ միայն իր մասնագետներով, այլեւ մատուցած ծառայությունների՝ բնակչության համար մատչելիությամբ։ Իսկ, օրինակ, աչքի կլինիկան, ըստ բուժանձնակազմի, ապահովում է բուժմիավորում մուտք գործող գումարների մոտ 70 տոկոսը։ Նազարյանի այդ որոշումներով փակվում են նաեւ ծառայություններ, որոնք ստեղծվել են քառասուն տարվա ընթացքում եւ բժիշկների կատարելագործման ինստիտուտի բազա են հանդիսանում։ Եվ քառասուն տարի առաջ աչքի հիվանդությունների մասնաշենքը կառուցվել է կույրերի միության ֆինանսական միջոցներով։ Ցավոք, մեր իշխանությունները առողջապահական համակարգի օպտիմալացում ասելով փաստորեն նկատի ունեն տվյալ առողջապահական հիմնարկության մասնաշենքի վարձակալության տալը. Ռ. Նազարյանի համար ի՞նչ տարբերություն կա բուժհիմնարկի, այգու, սրճարանի կամ հրապարակի միջեւ, տարածքը տարածք է։ Իսկ առողջապահական համակարգի չինովնիկներն էլ, բնականաբար, կլռեն, վաղը գուցե իրենք էլ մի տարածքի խնդիր լուծեն իրենց համար քաղաքապետարանի առողջապահության վարչության նախկին պետ Հ. Միրզոյանի պես։ Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել