Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային զարթոնքի մեխանիկան

Հուլիս 05,2003 00:00

Ազգային զարթոնքի մեխանիկան «Հարավային Ադրբեջանում ազգային զարթոնք է», «Թեհրանի ռեժիմը միջոցների մեջ խտրություն չի դնում», «Միասնական Ադրբեջանի մեծ հերոսները». այսպիսի եւ մոտավորապես այսպիսի վերնագրեր կրող հրապարակումներով են լցված վերջին օրերին ադրբեջանական թերթերը։ Այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի նկատմամբ ընդգծված ջերմ վերաբերմունքն, ի դեպ, Բաքվում սկզբնավորվում է ճիշտ այն ժամանակներից, երբ Իրանը հայտնվեց ԱՄՆ-ի կողմից «իզգոյ» հռչակված երկրների շարքում։ Ադրբեջանցի իրենց հալածյալ հայրենակիցներին բուն Ադրբեջանում հատկապես սկսեցին առավել ջերմեռանդորեն հիշել Իրաքյան պատերազմից անմիջապես հետո։ Ազգային սիրո եւ համերաշխության այդ նոր փուլն էլ ճշտորեն համընկավ Իրանին ուղղված՝ միջուկային գաղտնի ծրագրեր իրագործելու մեղադրանքների հետ։ Դա հենց այն պահն է, որին հյուսիսային Իրանի (կամ հարավային Ադրբեջանի) որոշ ադրբեջանցի բնակիչներ անվանում են ազգային զարթոնքի սկիզբ։ Ի դեպ, այդ շարժումն ունի նաեւ առաջնորդ, որին կոչում են Մահմուդալի Չեխրեղանլի։ Վերջինս երկու օր առաջ տված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «հավանական է, որ մոտակա 18 ամիսներին Իրանը վերածվի ֆեդերալ պետության»։ Չեխրեղանլին եւ նրա կողմնակիցներն, իհարկե, շատ կցանկանային, որ հարավային Ադրբեջանը լիակատար անկախություն ձեռք բերեր։ Սակայն նրանք հասկանում են, որ «Արեւմուտքը չի պաշտպանում Իրանի մասնատման գաղափարը», ուստի, «տվյալ փուլում» լավագույն տարբերակ են համարում իրանական ֆեդերացիայի կազմում ադրբեջանցի թյուրքերի պետության ստեղծումը։ Հատկանշական է նաեւ, որ հարավային ադրբեջանցիների առաջնորդն այս հեռանկարը տեսնում է ԱՄՆ-ի մշակած՝ Իրանի ժողովրդավարացման ծրագրերի «պատմական հնարավորության» համատեքստում։ Նկատենք, որ զարգացումները, որոնք, ըստ էության, մեծապես հրահրվում են նաեւ Բաքվի քարոզչական լաբորատորիաներից, իրենց մեջ ուշագրավ մի տարր են պարունակում։ Փաստորեն, իրանական իշխանություններին ադրբեջանցիների «ազգային ինքնությունը» ձեւախեղելու եւ «մի ողջ ժողովրդի» մշակութային էքսպանսիայի ենթարկելու մեջ մեղադրվող (իհարկե, առայժմ հասարակական մակարդակով) Բաքուն, կամա թե ակամա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրաշալի նախագիծ է առաջարկում. գրեթե անկախ պետություն՝ ֆեդերատիվ կազմավորման մեջ, որն ունի սեփական խորհրդարանը, կառավարությունը, բանակը եւ ոստիկանությունը։ Հարավային Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ, իհարկե, այս առումով որոշակի տարբերություններ կարելի է տեսնել։ Ղարաբաղի ժողովուրդն արդեն իսկ ինքնուրույնաբար վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը, մինչդեռ Իրանի ադրբեջանցիներն իրենց ազատությունը ձգտում են տեսնել ԱՄՆ-ի ժողովրդավարացման ծրագրերի մեջ։ Սակայն, թեկուզեւ իրաքյան քրդերի օրինակով կարելի է համոզվել, որ դա այնքան էլ հուսալի ճանապարհ չէ։ Թերեւս, այդ է պատճառներից մեկը, որ իրանական Ադրբեջանում զանգվածային միջոցառումներ են կազմակերպվում։ Օրերս, շուրջ 800 հազար ադրբեջանցի արշավ են կազմակերպել դեպի Բազ ամրոցը, որն իբրեւ թե հռչակված է Բաբեկ անունով ադրբեջանցի մի հերոսի սխրագործություններով։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել