Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանվելով «միջազգային փորձով»

Հուլիս 05,2003 00:00

Պաշտպանվելով «միջազգային փորձով» Մեր պաշտոնյաների հոգիները մոտ 4 անգամ ավելի փխրուն են, քան սովորական քաղաքացիներինը Մեր ազգային մենթալիտետը, իրոք, անհասկանալի է եվրոպացու համար։ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի, տարբեր երկրների դեսպանների եւ հայաստանյան լրատվական մարմինների ներկայացուցիչների նամակը՝ ուղղված ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ենթադրում էր, որ օրենսդիր մարմինը կորոշի վերանայել ՀՀ «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածները զրպարտության եւ վիրավորանքի քրեականացման վերաբերյալ։ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվն իր ուրախությունը հայտնեց վերոհիշյալի վերացման հնարավորության մասին։ Փաստորեն, ԱԺ նախագահը խոստումի պես մի բան էր ասել «Քրեական օրենսգրքի» տվյալ մասով վերացման մասին։ Սակայն մեր ազգային մենթալիտետից բխող քայլերը երբեք չեն կարող հասկանալի լինել որեւէ եվրոպացու կամ ոչ հայի հոգեկերտվածքի համար։ Իրականում օրենքը ոչ թե կվերանայվի, այլ մերոնք սահմանափակվեցին ուրիշ երկրների փորձը ներկայացնելով, որտեղ զրպարտության եւ վիրավորանքի համար պատիժը երբեմն ավելի խիստ է։ Դեսպանների բաց նամակը, պարզվեց ընդամենը առիթ էր՝ «ուսումնասիրելու միջազգային փորձը նշված խնդրի շուրջ»։ Նամակը ստորագրել էին նաեւ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը (վերջինս քաղաքում չէր եւ նրա կարծիքը հնարավոր չեղավ ստանալ)։ Իսկ Էդիկ Բաղդասարյանի մեկնաբանությունը հետեւյալն է. «Ուրիշ երկրների փորձն ուսումնասիրելուց հետո, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճիշտ կաներ, եթե ուշադրություն դարձներ «Քրեական օրենսգրքի» 318 հոդվածին, որով պաշտոնյաների պաշտպանվածությունը շատ ավելի մեծ է, քան սովորական քաղաքացիներինը։ Եթե սովորական քաղաքացուն վիրավորելու համար պատիժը նախատեսված է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկը, ապա պաշտոնյային հասցված վիրավորանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկը։ Այսինքն՝ օրենքը պաշտպանում է պաշտոնյային, մինչդեռ հակառակը պիտի լինի։ Սովորական քաղաքացին ավելի անպաշտպան է, քան պաշտոնյան, որն իրեն պաշտպանելու բազմաթիվ լծակներ ունի ի պաշտոնե։ ԱԺ-ն իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ճիշտ կաներ պարզեր, թե ուրիշ ո՞ր երկրում է պաշտոնյան այդքան պաշտպանված եւ սովորական քաղաքացին՝ այդքան անպաշտպան։ Մեր հայտարարության հիմնական մեխը սա էր՝ բոլոր քաղաքացիները պետք է հավասար պաշտպանված լինեն, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»։ Էդիկ Բաղդասարյանը ցավով նկատեց, որ նման օրենքի վտանգավորությունը կզգացվի միայն այն պահին, երբ կկանգնենք փաստի առաջ. «Մենք մեկ տարի շարունակ խոսում էինք այս մասին, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել