Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԱՆՋԱՏԵՔ 3-ՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ

Հուլիս 05,2003 00:00

ՄԻ՛ ԱՆՋԱՏԵՔ 3-ՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ Էռնեկյանի հարցում Արշակ Սադոյանը, պարզվում է, ճիշտ էր Իսպանական «Լա Նացիոն» թերթին տված հարցազրույցում, խոսելով արտասահմանյան ներդրումային նախագծերի մասին, «Արգենտինայի օդանավակայաններ» ընկերության սեփականատեր եւ մեր «Զվարթնոցի» կառավարիչ Էդուարդո Էռնեկյանն ասել է, թե Հայաստանում իրեն ավելի շատ պաշտպանում է ԱՄՆ դեսպանատունը, քան Արգենտինայի դիվանագիտական առաքելությունը։ Ըստ ամենայնի, պրն Էռնեկյանին նաեւ Հայաստանում են պաշտպանում։ Օրերս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասել է, թե Էռնեկյանը Հայաստանում ազատված է հարկերից։ Իսկ մեկ տարի առաջ՝ մայիսին, երբ առաջին ընթերցմամբ ընդունվում էր «Ավիացիայի մասին» օրենքը, նաեւ «Զվարթնոցն» Էռնեկյանին հանձնելու մասին կոնցենսիոն պայմանագիրը (որը ոչ մի պատգամավոր չէր տեսել ու չէր կարդացել), քչերն էին բողոքում, իսկ բողոքողներին ոչ ոք չէր լսում։ Քիչ էին նաեւ Էռնեկյանի օգտին խոսողները։ Իրականում Էռնեկյանի օգտին պարզապես կոճակ սեղմվեց՝ վերոհիշյալ օրենքն ընդունվեց 66 «կողմ», 14 «դեմ»-ով։ «Քանի որ չի բերվել պայմանագիրը, ես հայտարարում եմ, որ այդ պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան հայկական ավիացիայի օտարումը պետությունից եւ «Զվարթնոց» օդանավակայանի նվիրումը մեկ գործարարի»,- 2002թ. մայիսի 7-ին, երբ քննարկվում էր «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծը, հայտարարում էր անխոնջ Արշակ Սադոյանը։ Նա շարունակ բղավում էր 3-րդ խոսափողից, որ օդանավակայանի հանձնումը Է. Էռնեկյանին ազգային դավաճանություն է։ Բայց Արշակ Սադոյանին ոչ ոք չէր լսում. «Իմ ձեռքին է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված այն պայմանագրի նախագիծը, որով միարժեքորեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ուղղակիորեն խախտվում են, որի մեջ ոչ մի խոսք չկա ներդրումների ժամկետների, չափերի մասին։ Այստեղ ԱԺ-ին ուղղակիորեն խաբում են, ուղղակի սուտ են ասում՝ ներդրումների ծավալներին մասին պնդումներ անելով։ Սա հակասահմանադրական պայմանագիր է, որտեղ պայմանագիրը Սահմանադրությունից բարձր է, այն մենաշնորհային է։ Դուք տեսե՞լ եք, պրն Խաչատրյան, այդ պայմանագիրը, տեսե՞լ եք ոնց է ծայրից-ծայր այն դավաճանություն»։ Արշակ Սադոյանի ելույթները մեկ նախադասությամբ էին ընդհատվում՝ «անջատեք 3-րդ խոսափողը»։ «Հետո՞, անջատելով խո չի՞, պրն Խաչատրյան»,- բողոքում էր Արշակ Սադոյանը, երեւի լավ զգալով, թե մեկ տարի անց ի՞նչ է գալու Էռնեկյանի գլխին։ Այսօր թեպետ արդարադատության նախարարությունից հավաստիացնում են, թե արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի նկատմամբ դատարանի արգելանքը եւ վերջինիս քրեական դատարան հրավիրելը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված նրա ստանձնած պարտավորությունների վրա, Արշակ Սադոյանը այսօր եւս շարունակում է պնդել, որ այդ գործարքը հանցավոր էր ու խայտառակ. «Լկտիաբար համարձակվում են խոսել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Էռնեկյանին, այլ ամերիկյան ինչ-որ կազմակերպության։ Եվ այն, որ այսօր Էռնեկյանը դատի է տրված եւ նրան պետք է, երեւի «Ինտերպոլով» գտնեն, շատ բան է ասում։ Ցավալի է, որ այս ամենին մասնակից են դառնում Հայաստանի բարձրաստիճան անձիք եւ այդ կեղտոտ փողերի լվացման հարցը դրվում է Հայաստանի վրա»։ Նույն՝ անցած տարվա մայիսի արտահերթի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, որը կողմ էր Էռնեկյանին է՛լ, կոնցենսիային է՛լ, իրենց խմբակցության դիրքորոշումն այսպես ձեւակերպեց. «Այն մտահոգությունները, որոնց մասին խոսվեց 3-րդ խոսափողից, ունենք նաեւ մենք։ Մենք էլ գտնում ենք անթույլատրելի, որ պայմանագրի տեքստի հետ ոչ ոք ծանոթ չի։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են, բավական մտահոգիչ տեղեկություններ են հայտնում։ Մեզ համար մտահոգիչ են մոնոպոլային պայմանները, որոնք կարող են ստեղծվել, մտահոգիչ են ուղղակի անվտանգության իմաստով։ Ուստի, մենք կողմ ենք կառավարության ներկայացրած օրինագծին, սակայն, պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցում պետք է ծանոթանանք պայմանագրի տեքստին»։ ՀՅԴ խմբակցությունը, հետեւաբար, կողմ էր մի փաստաթղթի, որը չէր տեսել։ Խորեն Սարգսյանն իր հերթին հիշեցրեց, որ ԱԺ-ն կառավարության մի ստորաբաժանումն է, եւ տվյալ պայմանագրին կողմ քվեարկելն ասվածի ապացույցն է։ Մինչ Խորեն Թռչունիչն ասում էր այս խոսքերը, իշխանամետ դահլիճն աղմկում էր։ Աղասի Արշակյանն էլ հանդարտության կոչ էր անում. «Մեր խմբակցության անունից բոլորին կոչ եմ անում՝ չիմացած բաների համար չքվեարկել։ Հիմա մենք գտնվում ենք շատ կարեւոր ջրբաժանում եւ վստահեցնում եմ, որ երբեւէ Հայաստանում օրինական իշխանություն հաստատելուց հետո կբարձրանա այս հարցը՝ օդանավակայանն օտարելու եւ այդ օտարմանը նպաստող պատգամավորների պատասխանատվության հարցը»։ Էռնեկյանն այսօր դատարանի առաջ է կանգնելու, սակայն, ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ անդամ եւ մի շարք անկախ պատգամավորներից՝ թվով 66 հոգի, ոչ ոք վերոհիշյալ հարցի հետ կապված չի պատրաստվում պատասխանատվություն կրել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել