Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎ ԿՄՌՆՉԱ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԸ

Հուլիս 05,2003 00:00

ԵՎ ԿՄՌՆՉԱ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱՌՅՈՒԾԸ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իր վերաբերմունքն է հայտնում կոմունիստական կուսակցության նկատմամբ՝ իբրեւ մարքսիզմի գաղափարակրի. «Բոլշեւիկները մեր արյունակից եղբայրներն են՝ թեպետ մենք նրանց բեկորը չենք 1899-ից: Իրենց գոյության 70-ից 40 ստեղծագործ տարիների ընթացքում (30 տարի նրանք պարտադրված պատերազմում էին) մի ողջ համաշխարհային քաղաքակրթություն են ստեղծել՝ թեկուզ իրենց որոշ արատավոր կողմերով հանդերձ: Դրանք մեր պապերն ու տատերն էին՝ փառք նրանց հավերժ»: Դառնալով մեր օրերին՝ պրն Հակոբյանը կարդաց «ողբ ի վերայ կոմկուսի», որը ներկայացնում ենք առանց միջամտությունների. «Այսօրվա երախտամոռ եւ ապիկար, ապերախտ ու ավազակ, կեղծ ժողովրդավար-բարեփոխիչների սերունդը բոլշեւիկյան քաղաքակրթության պտուղների առք ու վաճառքով, յուրացմամբ է զբաղված լոկ՝ ոչինչ չստեղծելով: Բայց արդյոք կոմունի՞ստ են այսօրվա պսեւդոկեղծ կերպարանափոխված կոմունիստները, որոնք 1917-ի բոլշեւիկների հետնորդներն են համարում իրենց: Կարծում եմ՝ ո՛չ: Ինչպե՞ս հավատամ այդ հավատափոխ, քաղաքական եսասիրության ախտով տառապող մոլորյալներին, որոնք «կառուցողական ընդդիմություն» են իբր խաղում գանձագողերի ու գործամոլների իշխանության հետ, իսկ իրականում մանդատաորս են անում՝ իրենց կոմունիստական հետույքը քողարկելով, Բաղդասարովների կանանց փեշի տակ խոթելով մարքսիզմի գլուխը, կամ էլ ուղղաձիգ ստորությամբ շնանում ախտեղասերք, աշխարհավերք նախագահին իբր «նորացվածներ»: Իսկ «մայր կոմկուսի» հիերարխիան անամոթաբար զբաղված է քաղաքական գրդոնով՝ Լենինի ասած. «Կեցցե՛ կատուն, որ յուր փորի համար մուկ է որսում»: Տո, սրանց խելքին աշեցեք՝ ավարութի՞ն եք անում… Վա՜յ մեզ, վա՜յ մեր աշխարհին: Մի խոսքով՝ ծախեցին եւ դավաճանեցին մեր գաղափարախոսությանը, կուսակցությանը եւ ժողովրդին՝ ֆրանսիական Բուրբոնների նման՝ պատմության դառը դասերից այդպես էլ ոչ մի եզրահանգման չգալով: Ինչպես Բոնապարտը կասեր Սուրբ Հեղինե կղզում՝ «Մեծից, ամենափառահեղից մինչեւ ամենաստորինն ու նողկալին մի սխալ քայլ է միայն. թող լավ խորհեն իմ հետնորդները»: Այսօր կոմունիստների արժանապատվությունը եւ երբեմնի գաղափարական փառքը հանդիսացող մարքսիզմի ճակատագիրը դրված է խաղաքարտի վրա: Այդ ճակատագրի տնօրինման մենաշնորհը պատկանում է ոչ թե այսօրվա կոմունիստական կուսակցության վարկաբեկված կենտկոմի հիերարխիային, այլ հանրության ողջ կոմունիստների միավորիչ համագումարին եւ նրա կողմից ընտրված կենտկոմին: Քանի որ խոսքը ոչ թե կոմկուսը փրկելու, այլ համամարդկային արժեք գաղափարախոսությունը նոր գաղափարակրի միջոցով մոխրից հառնելու մասին է: Լինե՞լ, թե՞ չլինել համաշխարհային այդ հզոր գաղափարախոսությանը հայ քաղաքական երկնակամարում: Անպայմա՛ն լինել: Որպես ժամանակի հրամայական՝ դրա համար անհրաժեշտ է. 1. Հոգով աստվածատուր, գաղափարապես արարչագործ, հմայիչ, զանգվածներին գայթակղող, բարձր բանականության տեր շնորհալի վարդապետ անհատ, որ ոչ միայն կոմկուսի, այլեւ ազգի դեմոն-առաջնորդը լինի իր բարոյական եւ ազգային հայրենասիրական վեհ կերտվածքով: Քանի որ կոմկուսի համար այսօր գլխավոր հարվածի ուղղությունը պետք է լինի գա՛հը, այլ ոչ քաղաքական կրճոնք մանդատաորսը: Այդտե՛ղ է վճռվում ազգի հետագա ճակատագիրը: Պատահական բախտախնդիր ֆրայերներին կոմկուսի ղեկը տալ՝ կնշանակի արժանանալ ապագա սերունդների նզովքին: 2. Դասական մարքսիզմը ստեղծագործական կատարելության հասցնել ժամանակի ոգուն եւ պահանջներին համահունչ՝ որպես արդիականացված ուսմունք, ձերբազատվել դոգմատիզմից ու դոգմատիկներից: 3. Ազատվել քաղաքական եսասիրության հիվանդությունից. ամեն երկրորդ իրեն Արշակ 2-րդ է կարծում՝ ազգային ողբերգություն է սա: Կարծում եմ՝ դեռ նիրհած ու քաղաքական ցայտնոտի մեջ շփոթահար կոմունիստական առյուծը մարտական դիրք կըդունի, կմռնչա՜ ու լիբերալ կատուներին ու շնագայլերին կքշի իր քաղաքական ու իշխանական տիրույթներից՝ անկախ նրանց ծլավոցներից ու ոռնահաչություններից: Մարքսիզմի գաղափարական դյուցազունների վեհ հոգիներու հովանու ներքո հառա՜ջ՝ դեպի միասնություն, հանուն ազգային վերածննդի»: Տպագրության պատրաստեց կոմունիստական առյուծի մռնչոցից սարսափահար Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել