Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Հուլիս 04,2003 00:00

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ 2003թ. հուլիսի 2-ին մայրաքաղաքի կենտրոնում, Երեւանի պետական համալսարանից ոչ հեռու, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մոտ հրազենի կրակոցներով սպանվեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան, դոցենտ Կարեն Լեւոնի Մկրտչյանը: Ինչպես միշտ, առավոտյան, նա իր կրտսեր դստերը մանկապարտեզ տանելուց հետո գալիս էր համալսարան` մասնակցելու շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Չէր հասցրել անգամ մի քանի քայլ անել, երբ հնչեցին կրակոցներ: Հանցագործների բիրտ ձեռքով զոհվեց հիանալի մի անձնավորություն: Զոհվեց ուժերի ծաղկման շրջանում, ստեղծագործական ուժով ու ավյունով լեցուն: Սիրված լինելով ուսանողների ու դասախոսների կողմից` մի քանի օր առաջ նա վերընտրվել էր դեկանի պաշտոնում` մեծ վստահությամբ ու ակնկալիքներով: Ռուսաց բանասիրության ֆակուլտետում, որը երկար տարիներ ղեկավարել էր նրա հայրը` ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը, նա կարողացավ շարունակել արդեն արմատավորված ավանդույթները, երիտասարդության բարոյահոգեբանական դաստիարակության եւ կրթությանը անմնացորդ ծառայելու վեհ գործը: Լինելով այսօրվա պահանջներին ու պայմաններին քաջատեղյակ՝ նա միեւնույն ժամանակ բոլոր ժամանակների մշակութային արժեքների կրողն ու պահպանողն էր, մարդ, որը նպատակամղված էր արարելու եւ սերմանելու բարին: Որպես դասախոս՝ Կարեն Մկրտչյանը համատեղում էր բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային անկեղծությունը, պահանջկոտությունն ու բարյացակամությունը: Հանդիսանալով բազմակողմանի հետաքրքրությունների տեր, մի շարք լուրջ գրականագիտական հետազոտությունների հեղինակ, երիտասարդ գիտնականը մեծ ավանդ է ներդրել բանասիրության մեջ: Նա իրեն դրսեւորել է նաեւ որպես ֆակուլտետի ուսումնական գործընթացի, գիտական նախաձեռնությունների, հասարակական-մշակութային աշխատանքների գործունյա կազմակերպիչ: Կարեն Մկրտչյանն ապրեց ընդամենը 43 տարի: Այդ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ իրականացնել բազում արժանավոր գործեր: Եվ դեռ ինչքա՜ն մտահաղացումներ մնացին անկատար: Նրան ճանաչողներն այսօր սգում են հրաշալի մարդու ողբերգական վախճանը: Բոլորի հուշերում նա կմնա միշտ կենդանի, միշտ սիրելի ու երիտասարդ: ՀՀ ԿԳ նախարարությունԵՊՀ ռեկտորատԵՊՀ ռուսաց բանասիրության ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել