Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԹԱԻԼԱՆԴ ՄԵԿՆԵԼՈՒՑ

Հուլիս 04,2003 00:00

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԹԱԻԼԱՆԴ ՄԵԿՆԵԼՈՒՑ Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի հուլիսի 12-21-ը Թաիլանդում անցկացվելիք մարզաձեւի աշխարհի առաջնությանը։ Պատճառն այդ երկրում տարածված անսովոր թոքաբորբի համաճարակն է։ Ըստ տեղեկությունների, այլ երկրների շատ թիմեր նույնպես հրաժարվել են մեկնել մրցավայր։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե դա չի՞ ազդի կաշվե ձեռնոցի մեր վարպետների մարզավիճակի վրա, մանավանդ որ 2003 թվականը նախաօլիմպիական տարի է։ – Ինչ խոսք, որ մասնակցությունը ցանկալի էր,- ասաց նա։- Բայց մարզիկների առողջությունը մեզ համար շատ ավելի կարեւոր է։ Մեր հավաքականի անդամներն այս բացը կլրացնեն տարվա ընթացքում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարերում։ – Աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի ուղեգրեր չե՞ն խաղարկվում։ – Ոչ։ Վարկանիշային մրցումներն սկսվում են եկող տարվանից՝ փետրվարին Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունով, որտեղ ուղեգրեր նվաճելու են բոլոր քաշային կարգերում մրցանակային տեղեր նվաճողները։ Դրան հաջորդելու է մարտի վերջին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի մրցաշարը։ Այստեղ օլիմպիական որակավորում կստանան 48, 54, 60, 69, 81 եւ +91 կգ քաշային կարգերում առաջին երկու տեղեր գրավողները։ Մյուս քաշային կարգերը՝ 51, 57, 64, 75, 91 կգ, ուղեգիր կվիճարկեն Վարշավայում։ Որակավորման երրորդ մրցաշարը ապրիլ ամսին նշանակված է Բաքվում, որտեղ նույնպես գլխավոր պայքարը կծավալվի սկզբում նշածս քաշային կարգերում։ Եվ վերջինը՝ Շվեդիայի Գոտեբորգ քաղաքում, ուր Խաղերին մասնակցելու իրավունք նվաճողները կորոշվեն մյուս քաշերում։ Այնպես որ, աշխարհի առաջնությունում հանդես չգալը չի ազդի հայ բռնցքամարտիկների՝ օլիմպիական խաղերին մասնակցել-չմասնակցելու վրա։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել